Մահացել է մոգական ռեալիզմի հիմնադիր Գաբրիել Գարսիա Մարկեսը

Մահացել է մոգական ռեալիզմի հիմնադիր Գաբրիել Գարսիա Մարկեսը

PanARMENIAN.Net - 87 տարեկանում մահացել է գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Հարյուր տարվա մենության» հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսը: Հանճարեղ կոլումբացի գրողը՝ «Գաբոն», ինչպես անվանում էին նրան, թոքաբորբով հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 31-ին Մեխիկոյում, հայտնում է Reuters-ը:

Մարկեսն արդեն մոտ 30 տարի է ապրում էր Մեխիկոյում: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են «Հարյուր տարվա մենությունը», «Պատրիարքի աշունը», «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»: Վերջին անգամ Մարկեսը հանրության առջև հայտնվեց մարտի սկզբին, երբ դուրս եկավ տնից` շփվելու լրագրողների ու երկրպագուների հետ, որոնք նշում էին նրա ծննդյան օրը: Կորտասարը, Բորխեսը, Վարգաս Լյոսան աշխարհի համար բացահայտեցին լատինամերիկյան գրականությունը, որը լի է միստիկայով, սիրով, դառնությամբ ու հիասթափություններով: Մարկեսի վեպերի մոտիվներով բազմաթիվ ֆիլմեր են նկարահնվել Documentary 52': Gabriel García Márquez, «Հայտարարված մահվան ժամանակագրություն» (ռեժ.՝ Ֆրանչեսկո Ռոզի, 1987), «Միայն մահն է անպայան գալիս» (ռեժ.՝ Մարինա Ցուրցումիա, 1992), «Գնդապետին ոչ ոք չի գրում» (ռեժ.՝ Արթուրո Ռեպշիտեյն, 1999), «Սերը ժանտախտի ժամանակ» (ռեժ.՝ Մայքլ Նյուելլ, 2007), «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» (ռեժ.՝ Հեննինգ Կարլեսեն, 2011): Գաբրիել Գարսիա Մարկեսը հայտնի է իր աֆորիզմներով.

Գոյություն ունեն հրամաններ, որոնք կարելի է տալ, բայց կատարելը հանցագործություն է… «Պատրիարքի աշունը»:

Մարդը շատ է սիրում մեկանգամյա օգտագործման իրերը, քանի որ ինքն էլ է այդպիսին:

Ոչ մի բան այնքան նման չէ դժոխքին, որքան երջանիկ ամուսնությունը… «Սերն ու մյուս սատանաները»:

Աշխարհում չկա դատարկ անկողնուց ավելի տխուր բան…«Հայտարարված մահվան ժամանակագրություն»:

Սեքսը մխիթարանք է նրանց համար, ով այլևս ունակ չէ սիրելու.. «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»:

Կարելի է սիրահարված լինել միանգամից մի քանի հոգու և սիրել բոլորին ամբողջ սրտով՝ չդավաճանելով ոչ մեկին: Սրտի մութ անկյուններն ավելի են, քան հանդիպումների տանը… «Սերը ժանտախտի ժամանակ»:

ԽՍՀՄ. 22 400 000 քառակուսի կիլոմետր առանց կոկա կոլայի գովազդի (էսսեի անվանում):

«Հարյուր տարվա մենություն».

…Զարմանալի հատկություն՝ անցյալի հրճվանքների մասին մտածել առանց դառնության ու զղջումի:

Հանգիստ ծերության գաղտնիքը ոչ այլ ինչ է, քան միայնության հետ ազնիվ դաշինք կնքելը:

Այն օրը, երբ մարդիկ սկսեն առաջին կարգով երթևեկել, իսկ գրքերը բեռնատար վագոններով տեղափոխել, աշխարհի վերջը կգա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---