Ազերի իրավապաշտպան. ԱՄՆ հիմնադրամները մոտ 35 մլն դոլար են հատկացրել Ադրբեջանում գունավոր հեղափոխությանը

Ազերի իրավապաշտպան. ԱՄՆ հիմնադրամները մոտ 35 մլն դոլար են հատկացրել Ադրբեջանում գունավոր հեղափոխությանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի իրավապաշտպան Էյնուլլա Ֆաթուլլաևը մեղադրել է ԱՄՆ-ին իր երկրում ապակայունացնող գործունեության համար: Նա պնդում է, որ վերջին 10 տարում ամերիկյան երեք խոշոր հիմնադրամներ Ադրբեջանին մոտ 35 մլն դոլար են հատկացրել: Այդ գումարն ուղղվել է ընդդիմադիր կազմակերպություններին ու կառույցներին երկրում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։

Ֆաթուլլաևն իր կարծիքը հայտնել է օրերս haqqin.аz-ում հրապարակված զեկույցում: Նման հարցադրման վերաբերյալ իր անհամաձայնությունն է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: «Մենք նախկինում ևս նման ծիծաղելի պնդումներ ենք լսել։ Ես կարող եմ ասել միայն, որ ԱՄՆ և Ադրբեջանի հարաբերությունները բացառիկ նշանակություն ունեն։ Ղրիմի իրադարձությունների ֆոնի վրա դրանք ավելի են կարևորվում։ ԱՄՆ-ն և Ադրբեջանը պետք է ամեն ինչ անեն՝ այդ հարաբերությունների մակարդակը պահելու համար։ Այն ուժերը, որոնք նման պնդումներով են հանդես գալիս, փորձում են վատացնել հարաբերություններն ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև: Մենք դա թույլ չենք տա, ոչ ոք չպետք է հավատա այդ անհեթեթությանը»,- ասել է նա։

Մինչդեռ, «Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ, Ֆաթուլլաևը ԱՄՆ դեսպանին նաև այլ փաստեր է ներկայացրել իշխանությունների հակառակորդներին ֆինասավորելու վերաբերյալ: Ըստ իրավապաշտպանի ուսումնասիրության, 2008-2013թթ.-ին Միջազգային հետազոտությունների ու փոխանակման ամերիկյան IREX կազմակերպությունը 29 դրամաշնորհ է տրամադրել 730 հազար մանաթ ընդհանուր արժեքով, որից 10 հազար դոլար 2013թ.-ի նախաշեմին հատկացվել է azerbaijanelections.org կայքին, որն ընտրությունների ժամանակ և դրանից հետո հանդես էր գալիս ընդդիմության դիրքերից՝ դրանց արդյունքները կասկածի տակ առնելով։ 25 հազար դոլար հատկացվել է հակակառավարական seckiportali.az ռեսուրսին։

Եվս 275 հազար դոլար 5 դրամաշնորհների տեսքով հատկացվել է իշխանություններին ակտիվ քննադատող Էմին Հուսեյնովին։ Կառավարության ևս մեկ քննադատ՝ Ռաշիդ Հաջիլին ստացել է 128 հազար դոլար։ Պարզվել է նաև, որ Իրավաբանների ամերիկյան ասոցիացիան ևս հետ չի մնացել IREX-ից և 2003-2013 թվականներին Ադրբեջանի տարբեր կազմակերպություններին է հատկացրել ընդհանուր առմամբ 519 հազար մանաթ: Այդ գումարից 2016 հազար մանաթը վճարվել է ընդդիմադիր ակտիվիստներին, այդ թվում նաև Ռաշիդ Հաջիլիին, որը 90 հազար դոլար է ստացել:

Ադրբեջանում ժողովրդավարության տարածման ևս մեկ ջատագով է Revenue Watch Institute կազմակերպությունը, որն ըստ Ֆաթուլլաևի, 2006-2013 թթ. ընդդիմադիր կազմակերպություններին է հատկացրել 950 հազար մանաթ, ինչը կազմում է մոտ 1,2 մլն դոլար:

Revenue Watch Institute-ը, որը նախկինում համագործակցում էր Սորոսի հիմնադրամի հետ, վերջերս զուտ ձևականորեն ինքնուրույն գործունեություն է ծավալել: Չնայած, որ ինստիտուտը մերժում է ստացել Ադրբեջանում գրանցվելու հարցում, կազմակերպությունն, ինչպես վկայում են փաստերը, շարունակում է սուբսիդավորել ադրբեջանական ընդդիմությանը, որի գործունեությունն ուղղված է գործող իշխանությունների տնտեսական քաղաքականության քննադատությանը:

Մինչդեռ, որոշ տվյալներով, Ադրբեջանում բուռն գործունեություն է ծավալել նաև NED հիմնադրամը, որն, ըստ փորձագետների, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հետ հավասար համագործակցում է ԱՄՆ հետախուզական ծառայությունների հետ:

Ըստ Ֆաթուլլաևի, այդ հիմնադրամը վերջին 10 տարում ադրբեջանական ՈԿԿ-ին է տրամադրել 3,5 մլն դոլարի 78 դրամաշնորհ, որոնց հիմնական մասը հատկացվել է 2010-2013 թթ. ՝ 2,3 մլն դոլար: Հիմնադրամը հիմնականում ֆինանսավորել է ՈԿԿ-ներին, ԶԼՄ-ներին, ընդդիմադիր կազմակերպությունների, ինչպես նաև այսպես կոչված Ազատ մտքի համալսարանը՝ Aзiq Fikir Universiteti, որը համարվում է հեղափոխական երիտասարդության դարփնոց: Նշենք, որ բողոքավոր երիտասարդության մեծ մասը պատրաստվել է հենց այդ համալսարանում:

Ծանոթանալով այս և նման այլ փաստերի՝ շատերն Ադրբեջանում հարց են տալիս. եթե ԱՄՆ-ն իրոք Ադրբեջանին գործընկեր է համարում, ապա ինչո՞ւ է Վաշինգտոնը ֆինանսավորում ընդդիմությանն, այդ թվում՝ ծայրահեղական շրջանակներին, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում շարունակում է գործել «Ստրկացված ժողովրդների մասին» օրենքը, որի համաձայն ԽՍՀՄ նախկին ժողովրդները ստրակցված են համարվում: P.L.86-90 օրենքն ընդունվել է ԱՄՆ-ում 1959-ի հուլիսի 17-ին: Այն նաև անվանում են «Օրենք Ռուսաստանի մասնատման մասին»:

Փաստաթղթից բխում է, որ կոմունիստական Ռուսաստանի քաղաքականության արդյունքում նվաճվեցին և զրկվեցին ազգային անկախությունից Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան, Բելառուսը, Հայաստանը, Վրաստանը. Թուրքեստանը, Ադրբեջանը, Իդել-Ուրալը, Ղազախիան և այլն:

Օրենքի տեքստում ասվում է. «Քանի որ այդ ստրկացված ժողովրդներն ի դեմս ԱՄՆ-ի տեսնում են մարդկային ազատության պաշտպանի, նրա առանջնորդությունն են որոնում իրենց ազատագրման ու անկախացման գործում, քրիստոնեական, հուդայական, մահմեդական, բուդդայական և այլ դավանանքների կրոնական ազատությունների վերականգնման գործում, ինչպես նաև անձի ազատությունների հարցում, և քանի որ ԱՄՆ ազգային անվտանգության համար կենսականորեն անհրաժեշտ է այդ նվաճված ազգերի դեպի ազատություն և անկախություն ձգտման անդրդվելի աջակցությունը, …մենք պետք է պատշաճ կերպով պաշտոնապես ակնհայտորեն ցույց տանք այդ ժողովրդներին այն պատմական փաստը, որ Միացյալ Նահանգների ժողովուրդը կիսում է ազատություն ու անկախություն ստանալու նրանց մղումը»:

ԱՄՆ բոլոր նախագահներն երդվել են կատարել այդ օրենքը:

Ըստ մի շարք հետազոտողների, այդ օրենքի իրականացման և համապատասխան քաղաքական գործողություններ կատարելու համար ծախսվել է մոտ 4 մլրդ դոլար: Չնայած, որ Խորհրդային Միությունը փլուզվեց և քաղաքական-տնտեսական հասարակարգը նախկին ԽՍՀՄ տարածքում փոխվեց, այդ օրենքը գործում է մինչ օրս և իրավական բազա է ստեղծում, որպեսզի ԱՄՆ-ն միջամտի ինչպես ԱՊՀ առանձին պետությունների, այնպես էլ ընդհանուր առմամբ ամբողջ Համագործակցության ներքին գործերին:

Օրինակ կարող է ծառայել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից 2002-ի հուլիսի 21-27-ը «Ստրկացված ազգերի շաբաթ» հայտարարելն ի կատարումն վերոնշյալ օրենքի: Այդ միջոցառմանը նվիրված իր ուղերձում Ջ. Բուշը Բելառուսը դասեց այն պետությունների շարքին, որտեղ «մարդիկ զրկված են իրենց կարծիքն ազատ արտահայտելու հիմնական իրավունքներից, իսկ նրանց առօրյա կյանքը մթագնում է վախը գաղտնի ոստիկանությունից»:

Դեռ 2011-ին ֆրանսիացի լրագրողները «ԿԱՊԱ»-ից «Կանալ+»-ի և «Պլանետա Տելե-Կվեբեկ»-ի հետ համատեղ փաստագրական ֆիլմ նկարահանեցին «գունավոր հեղափոխությունների» նախապատրաստման ու իրագործման մասին Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի օրինակով, արևմտյան ՈԿԿ դերի մասին ԱՊՀ երկրներում «թավշյա հեղափոխությունների» կազմակերպման հարցում: Հեղինակները կանխատեսումներ չէին անում, թե ԱՊՀ պետություններից որը նման «գունավոր» փորձարկումների ասպարեզ կդառնա:

Ըստ նրանց, «հեղափոխության հերթում են» նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններն ու Չինաստանը: Մի քանի ամիս շարունակ ֆիլմի հեղինակները հետևել են այդ հեղափոխությունների առաջնորդներին, որոնց Բուշն անվանում էր հանուն ազատության մարտնչողներ: Հեղինակները նաև հայտնաբերել էին նրանց, ովքեր մնում են թավշյա հեղափոխությունների ստվերում:

ԱՄՆ-ն տոննայով փողեր է ծախսել գունավոր հեղափոխությունների վրա, պնդում էին լրագրողները: Մասնավորապես, Ուկրաինայում ու Ղրղզստանում ԱՄՆ-ն ծախսել է շուրջ 110 մլն դոլար: Վավերագիրներն եկան այն եզրակացության, որ «գունավոր» հեղաշրջումների՝ Սերբիայի թավշյա հեղափոխության, Վրաստանի վարդերի հեղափոխության, Ուկրաինայում նարնջագույն հեղափոխության և Ղրղզստանում կակաչների հեղափոխության ետևում ԱՄՆ է կանգնած, որը վստահ է, որ հարկավոր ռեժիմն իշխանության բերելու համար պատերազմը պարտադիր չէ:

Ըստ ֆիլմի հեղինակների, սկզբում այդ մեթոդը փորձարկվեց Սերբիայում: «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» գրքի հեղինակ, ամերիկացի Ջին Շարփը հայտարարեց, որ նրանք, ով 2000 թվականին Սերբիայում փորձում էին տապալել Միլոշևիչին, հետևել են իր խորհուրդներին: Միլոշևիչի պաշտոնանկությունից հետո հենց սերբերը դարձան այդ մեթոդների տարածողը և օգնեցին վրացիներին տապալել Շևարդնաձեին: Նրանք աջակցեցին նաև Ուկրաինայում նարնջագույն հեղափոխության նախապատրաստմանը:

Ըստ վավերագիրների, Միլոշևիչի ռեժիմի տապալումը 2000 թվականին, Շևարդնաձեի տապալումը 2003-ին, Յուշչենկոյի իշխանության գալը Ուկրաինայում 2004 թ. դեկտեմբերին, ինչպես նաև ղրղզական կակաչների հեղափոխության հաղթանակը մի շղթայի օղակներ են: «Եվ ամեն անգամ օգտագործվել է նույն սցենարը՝ կեղծված ընտրություններ, ջղաձիգ դիմադրող իշխանություններ, որոնք, ի վերջո, զիջում են բողոքողներին»,-նշում են հեղինակները:

Նրանք վստահ են, որ «գունավոր» հեղափությունների տեխնոլոգիան տարբեր հիմնադրամների քողարկման տակ մշակվում ու ֆինանսավորվում են ԱՄՆ կողմից: Սակայն, եթե նախկինում տարբեր երկրներում քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների օղակների ստեղծմամբ գաղտնի զբաղվում էր ԿՀՎ-ն, ապա այժմ այդ տեսակի գործունեությունն ԱՄՆ-ում հրապարակային է դարձել: Հենց դրանով են զբաղվում ամերիկյան կազմակերպությունները, այդ թվում նաև Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամը, որը մասնակցել է վրացական հեղափոխությանը, «Freedom House» ասոցիացիան, որը Ղրղզստատնում հեղափոխությունից առաջ 6 ընդդիմադիր թերթ է հրատարակել և նպաստել է Ասկար Ակաևի տապալմանը, ինչպես նաև Միջազգային հանրապետական ինստիտուտը, որը զբաղվում է ժողովրդավարության տարածմամբ աշխարհում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---