15  Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը մայիսին համերգ կտա Հայաստանում

Շառլ Ազնավուրը մայիսին համերգ կտա Հայաստանում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին համերգ կտա Հայաստանում։ Այդ մասին գրված է նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Թե կոնկրետ որտեղ՝ չի մանրամասնվում։ Վերջին անգամ Ազնավուրը Հայաստանում էր նախորդ տարի՝ 2013-ին, Ոսկե ծիրանի շրջանակում։ Կինոփառատոնի փակման օրը շանսոնյեի անվամբ հրապարակում բացվեց նրա անվանական աստղը։

Մայիսի 22-ին լրանում է Ազնավուրի 90-ամյակը, որը նա կնշի Գերմանիայում՝ Բեռլինի O2 World մարզադաշտում կայանալիք «Լեգենդը վերադառնում է» համերգով:

Գերմանիայում երկրորդ համերգը կկայանա մայիսի 24-ին՝ Մայնի Ֆրանկֆուրտում: Իր ավելի քան 60-ամյա կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրն 100 մլն-ից ավելի ալբոմ է վաճառել, 1200 երգ գրել: Նա նկարահանվել է 80 ֆիլմում և հազարավոր համերգներ տվել ամբողջ աշխարհում:

Եվս մեկ համերգ Ազնավուրը կտա հունիսի 26-ին՝ Բարսելոնայում: Դրա ընթացքում կհնչեն շանսոնյեի հայտնի La Boheme, La Mamma, Venecia Sin Ti երգերը և այլ հիթեր, որոնց շնորհիվ նա ճանաչված և սիրված է ամբողջ աշխարհում: Համերգը կանցնի Լիսեու Մեծ թատրոնում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Ազնավուրը ծնվել է 1924-ի մայիսի 22-ին՝ Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Նրա հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Իզմիրից: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---