Տուգանե՞լ, թե կարգավորել. Փաշինյանը պահանջում է վերանայել տեսախցիկների գործառույթը

Տուգանե՞լ, թե կարգավորել. Փաշինյանը պահանջում է վերանայել տեսախցիկների գործառույթը

PanARMENIAN.Net - 2 տարվա ընթացքում տեղադրված արագաչափերի միջոցով քաղաքացիները տուգանվել են ընդհանուր առմամբ 11 մլրդ դրամով, իսկ նույն տուգանքներից միայն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն և դրա ստվերային հովանավորները 5,8 մլրդ դրամի օգուտ են ստացել: Այս մասին ապրիլի 23-ին ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումներին մի քանի հիմնավորում ներկայացնելուց հետո հայտարարել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Թեմային նվիրված լսումներն անցնում են ոչ իշխանական քառյակի նախաձեռնությամբ: Առաջարկություններն ու հարցերը խմբակցությունները ներկայացրել են այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քննարկումների ժամանակ, որոնց էլ անդրադարձել են հիմնական զեկուցողները:

«Եթե դիտարկում ենք ճանապարհային խախտումների դիմաց սահմանված պատիժները, ապա առաջին իսկ հայացքից աչք զարնող խնդիրն այն է, որ մենք չունենք «զգուշացում» ասվածը` առկա է միայն տուգանքն ու վարորդական իրավունքից զրկելու պրակտիկան: Փոփոխությունների սպեկտրում այդ պատժատեսակները պետք է ընդլայնվեն և հնարավորություն տանք և´ զգուշացման, և´ տուգանքի: Օգտագործենք նաև միջազգային պրակտիկան»,- հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:

Բանախոսը նշել է, որ այսօր մի շարք խնդիրներ կան, որոնք չկարգավորելը բերում է քաոսային վիճակի: Օրինակ, կան մի խումբ մարդիկ (Թովմասյանը չի մանրամասնել, թե ում նկատի ունի), ովքեր պետության առջև 300, 400, 500 հազար տուգանքային պարտք ունեն, բայց ովքեր սնանկ են ճանաչվել և կարող են հարկ եղած դեպքում նույնիսկ «գլուխ գովալ, թե ինչ խախտում էլ անեն` միևնույն է, ոչինչ իրեն անել չեն կարող, քանի որ ամբողջ սեփականությունը օտարվել է», գրում է Panorama.am-ը:

«Մենք պետք է նման խնդիրներին լուծում տանք»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով վիճակագրությանը, որը տրամադրվել է ոստիկանության կողմից, Թովմասյանն ասել է, որ խնդիրներով հանդերձ իրավիճակն այնքան էլ վատ չէ ու վիճակագրական թվերի աճը պայմանավորված է միմիայն հանգամանքով, որ նախկինում վթարները վարորդները գերադասում էին թաքցնել ու շատ դեպքերում միմյանց հետ պայմանավորվել, իսկ հիմա հակառակ պատկերն է:

«Թե ԱՊՊԱ համակարգի ներդրման, թե տեսանկարահանող սարքերի ներդրմամբ է վիճակագրությունն աճ արձանագրել, բայց դա չի նշանակում, որ խնդիրն ավելացել է, հակառակը` մահվան ելքով վթարներն ու մարմնական լուրջ վնասվածքներով վթարների թիվն է նվազում, իսկ սա դրական ցուցանիշ է»,- ընդգծել է նա:

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն էլ իր ելույթում նշել է, որ երկրում չկա քաղաքացու` նախորդ տարի ստացած եկամուտի չափը դիտարկելու պրակտիկա, իսկ անդրադառնալով քաղաքացու ստացած եկամտի ու սահմանված տուգանքների համաչափությանը, ասել է, թե «հիմնականում համաչափ են»: Բացատրել է` եթե տուգանքները լինեն 500 կամ 1000 դրամ, ապա չեն հանդիսանա զսպող, որպեսզի հաջորդ անգամ ևս խախտում կատարած վարորդը, օրինակ, չգերազանցի արագությունը:

«Ուսումնասիրել ենք նաև Շվեյցարիայի փորձը, որտեղ տուգանքը սահմանվում է ըստ նախորդ տարի ստացված եկամտի, սակայն մեր մոտեցումն այլ է»,- նշել է նա:

Անդրադառնալով մյուս հարցին, թե որքանով է արդարացված նկարահանող սարքերի ու արագաչափերի տեղադրումը, Օսիկյանը մեջբերել է պաշտոնական վիճակագրությունն ու օրինակ բերելով, մասնավորապես, Լենինգրադյան փողոցում տեղադրված արագաչափը, նշել, որ երկու տարվա ընթացքում խախտումները 86%-ով նվազել են:

Նախքան զեկուցողներին անցնելը լսումները նախագահող Կորյուն Նահապետյանը հայտարարել է, թե ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հարցեր հիմնական զեկուցողներին չեն տրվելու, քանի որ ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովի մոտ տեղի ունեցած քննարկմանը խմբակցություններն իրենց առաջարկություններն ու դիտարկումները ներկայացրել են և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց ելույթները կառուցել դրանց հիման վրա: Այս կարգը, սակայն, դուր չի եկել ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին, ով իր դժգոհությունն է արտահայտել. «Բա էլ ի՞նչ իմաստ կա»:

Վերջինս նախ անդրադարձել է Կառավարության ներկայացուցիչների պնդումներին, թե տեսախցիկները բարելավել են ճանապարհային անվտանգությունը, մասնավորապես մեջբերելով մահվան ելքով տվյալները։ Փաշինյանը նկատել է, որ այս պնդումը ներկայացնելու համար համակարգի ներդրման ջատագովները բերում են 2011-ի ՃՏՊ-ների հետևանքով մահվան ելքերի վիճակագրությունը։ Նա խորհուրդ է տվել համեմատել 2010-ի վիճակագրության հետ, որտեղից նկատելի է, ըստ նրա, որ կա մահվան ելքով ՃՏՊ-ների աճ, ինչպես նաև 2009-ի համեմատ։

Բացի այդ նա նկատել է, որ ոստիկանությունը փոխել է ՃՏՊ-ների հետևանքով մահացածների հաշվառման կարգը, գրում է Tert.am-ը։ «Այսինքն՝ անվտանգության հարցով պնդումները կասկածելի են»,- նշել է նա։

Փաշինյանն անդրադարձել է տուգանքների անհամաչափությանը՝ նկատելով, որ, օրինակ, թույլատրված արագությունը 12կմ/ժ-ով և 30 կմ/ժ-ով գերազանցելու դեպքերում տուգանքների չափը նույնն է՝ 30 հազար դրամ, ինչն անհիմն է։

Պատգամավորն անցել է գծանշաններին և դրանց որակին։

«Սա ոչ թե գծանշում է, այլ փողոցի կենտրոնում լարված թակարդ, որ ժողովուրդը գա ու մտնի թակարդի մեջ»,- ասել է նա և կոնկրետ օրինակ բերել, թե նշաններ կան, որոնք տեղադրված են այնտեղ, որտեղ բնակավայր չկա, մինչդեռ բնակավայր հիշեցնող նշան է մի անկյունում դրված, ինչը միայն այն նպատակով է, որ վարորդը չիմանա ու խախտում անի։

Փաշինյանն ամփոփել է. «Պահանջում եմ արագաչափերը հանվեն միանշանակ, վերը նշված պատճառերով, իսկ տեսախցիկներով պետք է ուղղակի հետևել երթևեկությանը, օպերատիվ կանչեր տեղի ունենան՝ գան և օպերատիվ կարգավորեն այդ իրավիճակը»,- ասել է նա և հավելել, թե մինչև այդ պետք է օր առաջ, ժամ առաջ տուգանքների նվազեցման հարցը լուծել։

Ապրիլի 7-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական նպատակն է՝ էականորեն նվազեցնել ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի չափերը: Մասնավորապես առաջարկվում է սահմանված առավելագույն արագությունը մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանք սահմանել 3000 դրամ՝ գործող 10000 դրամի փոխարեն: Առաջարկվում է՝ սահմանված առավելագույն արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելու պարագան դիտարկել որպես առանձին իրավախախտում և դրա համար տուգանք սահմանել վեց հազար դրամը:

Գործող օրենսգրքում արագությունը գերազանցումը 11-30 կմ/ժ-ով դիտարկվում է մեկ փաթեթի մեջ և տուգանվում 30 հազար դրամով: Ի դեպ, 21 և ավելի կմ/ժ-ով արագության գերազանցման տուգանքներում որևէ փոփոխություն չի առաջարկվել: Նախագծով առաջարկվել է տուգանքները թեթևացնել այն խախտումերի պարագայում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «համեմատաբար նվազ վտանգավոր»:

Առաջարկվում է նաև վերացնել չվճարված տուգանքների եռապատկման և հնգապատկման պրակտիկան, եռապատկումը փոխարինելով մեկուկես անգամով, հնգապատկումը՝ կրկնապատկումով:

Ներկայումս Երևանի խաչմերուկներում տեղադրված է 391 տեսախցիկ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---