17  14.05.14 - «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխություն 2014

«Հայակ 2014»-ին ներկա էր նաև Ազնավուրը․ «Փարաջանով»-ը 4 մրցանակ է ստացել

«Հայակ 2014»-ին ներկա էր նաև Ազնավուրը․ «Փարաջանով»-ը 4 մրցանակ է ստացել

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել են Ազգային կինոյի «Հայակ» երրորդ մրցանակաբաշխության արդյունքները: Պատվավոր հյուրն էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ում համաշխարհային կինոարվեստում ունեցած ներդրման համար ու ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ Ռուբեն Մամուլյանի անվան մրցանակ է շնորհվել:

Հայկական կինոարվեստում ակնառու վաստակի համար Համո Բեկնազարյանի անվան մրցանակ է ստացել ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանը:

«Նռան գույնը» կինոնկարի բեմադրական աշխատանքներում իր ունեցած ներդրման համար և ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակ է ստացել ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը:

Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը կինոակադեմիայի սահմանած հատուկ մրցանակ է շնորհվել Ուկրաինայի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ռոման Բալայանին:

Մրցույթին ներկայացված էր հայաստանցի ու սփյուռքահայ, ինչպես նաև հայկական թեմաներով օտարազգի ռեժիսորների նկարահանած 80 ֆիլմ։ Հավակնորդներն ընտրվել էին փակ գաղտնի քվեարկությամբ։ Մրցանակաբաշխության գեղարվեստական խորհրդի որոշմամբ «Հայակ 2014»-ը նվիրվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին, ինչի կապակցությամբ և սահմանվել է Փարաջանովի անվան «Հայակ» հատուկ մրցանակը։ Մրցութային հանձնաժողովը գլխավորել է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը։ Անվանակարգերն այս տարի նույնպես 15 էին։

Այսպիսով, լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել Սերժ Ավեդիքյանի ու Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը։ Իմիջիայլոց, մրցանակաբաշխությունում ռեժիսորներին լավագույնն են ճանաչել։ Լավագույն օպերատոր է ընտրվել Թամմամ Համզան («Փուշը»), սցենարի հեղինակ` Շողիկ Թադևոսյանն ու Արեգ Ազատյանը («Ռոմանտիկները»), նկարիչ` Վլադիսլավ Ռիժիկով («Փարաջանով»)։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Լուսի Աբդալիան «Կաուչո» ֆիլմում դերի համար, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Նարինե Գրիգորյան («Անպոչ ճգնավորը»)։ Լավագույն դերասանի կոչմանն արժանացել է Սերժ Ավեդիքյանը արդեն հայտնի ֆիլմում Սերգեյ Փարաջանովին մարմնավորելու համար։ Երկրորդ պլանի լավագույն դերասան է դարձել Աշոտ Ադամյանը («Անպոչ ճգնավորը»): Լավագույն կարճամետրաժ ֆիլմ ընտրել են Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը», վավերագրական՝ Աշոտ Սարգսյանի «Նամակ մորը» ֆիլմը։ Լավագույն անիմացիոն ֆիլմի համար մրցանակ է ստացել Վրեժ Քասունու «Արշալույս»-ը, լավագույն դեբյուտ է ճանաչվել Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ»-ը, իսկ արտասահմանյան ֆիլմ՝ Ռաֆֆի Աղեկյանի Kinshasa Mboka Te-ն։

«Հայակ» առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 2012-ին: Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Այն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով: Մրցանակաբաշխությունն իրականացնում է «Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը»՝ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայկական ազգային կինոակադեմիայի աջակցությամբ:

 Ուշագրավ
Քաշքաշյանի բազմաթիվ ձեռքբերումների շարքում առանձնանում է 2013 թվականին ստացած Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն դասական գործիքային սոլո կատարում» անվանակարգու
Ներկայացվել են ՀՀ վաստակավոր ճարտարապետի կյանքն ու գործունեությունն արտացոլող փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ
Սցենարի հեղինակներն են ԱՄՆ քաղաքացի, բարեգործ, «Քրիստոնեությունը Հայաստանի խաչմերուկներում» գրքի հեղինակ Ռոբերտ Բեքման Բրինը և Արփի Աղոյանը
«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հիմնադրել և իրականացնում է «Արս լունգա» դուետը, ծրագրի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը