Իրանն ու «վեցյակը» սկսել են նախապատրաստել միջուկային ծրագրի շուրջ ամփոփիչ համաձայնագիրը

Իրանն ու «վեցյակը» սկսել են նախապատրաստել միջուկային ծրագրի շուրջ ամփոփիչ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Միջազգային միջնորդների «վեցյակն» ու Իրանը համաձայնեցնում են Իրանի միջուկային խնդրի կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագիրը: Բանակցությունների չորրորդ փուլում՝ մայիսի 13-16-ը, մի կողմից Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի, մյուս կողմից Իրանի միջև համաձայնեցվել են ամփոփիչ փաստաթղթի որոշ հատվածներ:

Բանակցությունների հերթական փուլը իրանական որոշ ԶԼՄ-ներ արդեն անվանել են «Ռուբիկի միջուկային խորանարդիկը հավաքելու փորձ»: «Խորանարդիկն» ավանդաբար կառուցվում է առանձին հանդիպումներից ու լայնամասշտաբ բանավեճերից. համակարգող հանդիպումներ վեցյակի հետ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ու Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի միջև զրույցներ, բոլոր մասնակիցների ընդլայնված հանդիպումներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Առաջին ընդլայնված նիստի ավարտին Վիեննայում ՄԱԿ բաժանմունքում եվրոպական դիվանագիտության մամուլի քարտուղար Մայքլ Մաննը հաղորդեց, որ Իրանն ու «վեցյակը» սկսել են ամփոփիչ համաձայնագրի նախապատրաստումը: Ըստ նրա, կողմերը բանակցությունների նոր փուլ են սկսում, «որտեղ փորձ կարվի ուրվագծել համաձայնագիրը»: Նա նաև նշել է, որ Էշթոնն իր կողմից «տրամադրված է ինտենսիվ բանակցությունների` փորձելով որքան հնարավոր է շուտ համաձայնության հասնել»:

Համապարփակ համաձայնագիրը, որը երաշխավորում է ռազմական բաղադրիչի բացակայությունն Իրանի միջուկային ծրագրում, պետք է մշակվի մինչև հուլիսի 20-ը: «Իրանը միտված է միջնորդների «վեցյակի» հետ համապարփակ համաձայնության կնքմանը մինչև հուլիսի 20-ը»,-հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին: «Մենք հուսով ենք, որ համաձայնությունը ձեռք կբերվի մինչև հուլիսի 20-ը, եթե քաղաքական գործիչները կամք ու վճռականություն դրսևորեն: Համաձայնության հասնելու համար կան խոչընդոտներ, որոնք հաղթահարելը բարդ է, բայց հնարավոր»,-ասել է նա:

Բանակցությունների երրորդ փուլն Իրանի ու «վեցյակի» միջև ապրիլին ընդգրկեց Իրանի միջուկային ծրագրի բոլոր հարցերը, հաջորդ հանդիպմանը կհաղթահարվեն առկա տարաձայնությունները, հայտարարել են հանդիպման ավարտին ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու Ջավադ Զարիֆը:

«Տարաձայնությունները հաղթահարելու համար ինտենսիվ աշխատանք է պահանջվում: Մենք այժմ անցնում ենք բանակցությունների հաջորդ փուլին մերձեցնելու համար տարաձայնությունները բոլոր առանցքային ոլորտներում ու աշխատելու համար կոնկրետ տարրեի վրա»,-հայտարարել են Էշթոնն ու Զարիֆը:

Վիեննայում մարտի 18-19-ին կայացած երկրորդ փուլում կողմերը հայտարարեցին, որ քննարկել են Արակում ծանր ջրի վրա աշխատող ռեակտորի ճակատագիրը, ուրանի հարստացման, միջազգային գործակցության հարցերը: Նախանշվել է 9 թեման, որոնց շուրջ բանակցությունները շարունակվում են:

2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը:

Ըստ պայմանավորվածության, ի պատասխան ԱՄՆ-ն ու Եվրամիությունը համաձայնվել են ապասառեցնել 4,2 մլրդ դոլար կազմող Իրանի արտերկրի հաշիվները: Առաջին փոխանցումն Իրանը կարող է ստանալ արդեն փետրվարին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---