Բաքուն վրդովված է. Մորնինգսթարն Ադրբեջանի մասին խոսելու իրավունք չունի

Բաքուն վրդովված է. Մորնինգսթարն Ադրբեջանի մասին խոսելու իրավունք չունի

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունը սառը ցնցուղ եղավ պաշտոնական Բաքվի համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն ուղղակի մեղադրեց ԱՄՆ-ին «երկրի ներքին գործերին միջամտելու մեջ»: «Մենք պետություն ենք, որը հաջողության է հասել, բարեփոխումներ անելով բազում ոլորտներում, մեր զարգացման մոդելը կարելի է օրինակ բերել միջազգային հանրությանը: Ազդեցիկ շատ երկրների շատ է դուր գալիս մեր մոդելը: Շատ դեպքերում նրանք խոստովանում են, որ Ադրբեջանն իմաստուն ներքին ու արտաքին քաղաքականություն է վարում: Ադրբեջանը կարողացավ կարճ ժամանակում անել այն, ինչ տասնամյակների ընթացքում չկարողացան անել Արևմուտքի շատ երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն: Մենք բազմիցս ենք նշել, որ նման քաղաքականապես մոտիվացված հայտարարություններն ու անկախ դատարանների աշխատանքին միջամտելու փորձերը ստվերում են մեր երկրների հարաբերությունները»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաևը:

Նա ընդամենը հնչեցրել է այն ամենօրյա ձևակերպումները, որ տարածում են պաշտոնյաները, որոնք կարծում են, թե համաշխարհային հանրությունը տեղյակ չէ մարդու իրավունքների, զարգացման հետ կապված իրավիճակին: Աբդուլլաևը չի կարող չիմանալ, որ Բաքվից բացի, իսկ ավելի ճիշտ Ալիևի մերձավորների նեղ շրջանակից բացի, հանրապետության մյուս բնակիչները ահավոր աղքատության մեջ են ապրում առանց իրավիճակը փոխելու հույսի նշյուլի անգամ: Gallup-ը նշում է, որ գործազրկության փաստացի ցուցանիշն Ադրբեջանում մոտ 20 տոկոս է, այլ ոչ թե 5,2 տոկոս, ինչպես ասում է Ադրբեջանի վիճակագրական ծառայությունը, իսկ Բաքվում մոտ 10 տոկոս: Ընդ որում թվերը նվազեցված են: Հանրապետությունում, որը պարծենում է «անսպառ ածխաջրածիններով», անջատում են բնակչության գազը, խափանումներ են լինում բենզինի հետ: Նավթի ու գազի արդյունահանումը ևս չի ուրախացնում ներդրողներին: Եվ, անշուշտ, չի կարող տագնապ չառաջացնել մշտական ռազմատենչ հռետորաբանությունը, ի դեմս հայ ժողովրդի «թշնամու կերպարի» սնուցումը: Այդ ամենը, բնականաբար, տեսնում է Մորնինգսթարն ու հնարավոր Մայդանի մասին նրա զգուշացումը կարելի է գնահատել որպես բարեկամական: Դե ասենք. ձեզ խելոք պահեք, թե չէ վատ կլինի: Բայց Բաքուն վաղուց արդեն անում է ինչ ուզում է, չմտածելով, որ մի օր արժանին կստանա: Եթե այդպիսի նյարդային, նույնիսկ, ոչ համարժեք արձագանք ստացավ Մորնինգսթարի հայտարարությունը, ապա ինչ կլինի, եթե այդպիսի հայտարարություններ հնչեն նաև այլ դիվանագետների կողմից: ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որին Բաքուն կարող է ինչ-որ բան թելադրել, ինչ խոսք:

Վերջերս Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997 թթ.) Ռիչարդ Կոզլարիչը հայտարարել է. «Ես զբաղվում եմ ԱՄՆ ու Ադրբեջանի հարաբերություններով 1992 թվականից, և ես ավելի վատթար իրավիճակ չեմ հիշում, քան այն, ինչ հիմա է կատարվում Ադրբեջանում»,-ասել է Կոզլարիչը: Բաքվում քննադատում են ԱՄՆ համանախագահ Ուորլիքին, իսկ Կոնգրեսի աշխատակիցներին մեղադրում են լրտեսության մեջ, միևնույն ժամանակ իշխանությունները ֆինանսավորում են ադրբեջանա-ամերիկյան խորհրդաժողովը Վաշինգտոնում, սատարելու համար ամերիկա-ադրբեջանական ռազմավարական գործընկերությանը, նշել է Կոզլարիչը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---