11  18.03.14 - Հ․Աճառյանի անվան դպրոցի շենքի տեղում այժմ կառուցվում է ՀԱՊԿ ակադեմիա

Նախարարությունում պնդում են` Աճառյանի դպրոցի քանդումն ապօրինի է. ՀԱՊԿ-ում համաձայն չեն

Նախարարությունում պնդում են` Աճառյանի դպրոցի քանդումն ապօրինի է. ՀԱՊԿ-ում համաձայն չեն

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան պաշտոնապես հայտնել է, որ նախկին Աճառյանի անվան համար 72 դպրոցի շենքի տարածքում շինարարությունն ապօրինի է։ Պարզաբանման մեջ նշվում է, որ նախարարությունը մի քանի անգամ դիմել է քաղաքապետարան` պահանջելով դադարեցնել այն:

«Հաստատված նախագծի բացակայության պայմաններում` կրկին վերսկսված շինարարական աշխատանքների արդյունքում, ապրիլի 29-ին տեղի է ունեցել պահպանված պատի փլուզում: Նույն օրը մշակույթի նախարարությունում համապատասխան մասնագետների եւ շահագրգիռ կողմերի հետ կայացել է հրատապ խորհրդակցություն-քննարկում: Ստեղծված իրավիճակում նախարարությունը, պատմական միջավայրի պահպանման շահերից ելնելով, կառուցապատողից պահանջել է իրականացնել հուշարձան-շենքի վերականգնման եւ վերստեղծման աշխատանքներ: Նշված աշխատանքներն իրականացնելու համար մշակույթի նախարարությունը պահանջել է կատարել փլուզված պատի պահպանված բեկորների տարհանումը և ապահովել դրանց պահպանությունը, որի վերաբերյալ նախարարության մասնագետների կողմից կկազմվի համապատասխան ակտ: Վերոնշյալ աշխատանքներին ընթացք տալու համար մայիսի 5-ին ներկայացված համապատասխան նախագիծը համաձայնեցվել է ՀՀ մշակույթի նախարարության հետ»,- ասվում է նախարարության՝ «ՀԺ»-ին ուղղված պատասխանում:

Պատմական շենքի վերականգնումը երաշխավորելու համար մշակույթի նախարարությունը նախապատրաստում է պայմանագիր, որով կառուցապատող կողմը պետք է ստանձնի պարտավորություններ հստակ ժամկետներում, համաձայնեցված նախագծից առանց շեղումների և խախտումների, մինչեւ 2014 թ. վերջը իրականացնել վերականգնման աշխատանքները:

Ի դեպ, դեռ մայիսի 5-ին ոստիկանության մամուլի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը նշել էր, որ իրենք չեն կարող որևէ քայլ ձեռնարկել, քանի որ նախ պետք է լինի քաղաքապետարանի, մշակույթի նախարարության կամ պատասխանատու մեկ այլ կառույցի եզրակացությունը, պետք է նյութերն իրենց փոխանցվեն, ինչից հետո նոր կարող են հետաքննություն սկսել:

Մայիսի 23-ին ավելի ուշ ՀԱՊԿ ակադեմիան պարզաբանում է տարածել` նշելով, որ օրաթերթի «Շինարարությունն առանց փաստաթղթերի էր» վերտառությամբ հոդվածի առնչությամբ «հարկ են համարում հանրությանը ևս մեկ անգամ պարզաբանում ներկայացնել»:

Նշվում է, որ նախկին Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքի տարածքում կառուցվող ՀԱՊԿ Ակադեմիայի շենքի շինարարությունը իրականացվում է բացառապես ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Առկա է Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինարարության թույլտվությունը (N 01/18-18833-413), ինչպես նաև «Երեվաննախագիծ» ՓԲԸ-ի և «Սեյսմաանվտանգություն» ՍՊԸ-ի լիցենզիաները:

Անհատույց օգտագործման իրավունքով ՀԱՊԿ ակադեմիային հատկացված նախկինում Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի շենքը, ավելի ճիշտ` դրանից մնացած ճակատային պատը, ավերվել է ապրիլի 30-ին: Թեև բանվորների պնդմամբ` ինքն իրեն է քանդվել: Իբր վերանորոգվող այդ շենքը մի քանի օր առաջ պատվել էր «Պահպանելով հինը, կառուցենք նորը» ու «Ավելի բարեկարգ Երևան» գրություններով հսկայական չափի պաստառներով: Ի դեպ` շենքը ներառված էր օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում` պետ. ցուցիչը` 1.6.69:

«Երկրորդ, շրջանառվող այն տեսակետը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ակադեմիայի շենքի կառուցման նպատակով միտումնավոր քանդվել է դպրոցի շենքը` իրականությանը չի համապատասխանում: Շենքը, որ կառուցվել էր 1930-ական թվականներին, ամբողջությամբ հողաշեն էր և համաձայն Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից տրված եզրակացության, գնահատվել էր որպես 4-րդ կարգի վթարայնության շինություն, որը ցանկացած պահի կարող էր փլուզվել:

Ո՛չ բարոյական և ո՛չ էլ առավել ևս ֆինանսական տեսանկյունից, շենքը քանդելու անհրաժեշտություն չկար, քանի որ այն լրացուցիչ ֆինանսական ծախսեր էր առաջացնելու, բացի այդ նաև ակնհայտ էր, որ շենքի քանդումը նաև դժգոհություն կարող էր առաջ բերել: Բացի այդ, անձրևների կամ ձյան տեսքով առատ տեղումները ևս իրենց բացասական հետևանքները թողեցին վթարային հողաշեն շենքի վրա, ինչը ևս, ըստ էության, նպաստեց շենքի փլուզմանը:

Առկա է շենքի վերականգնման, վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքային նախագծման փաթեթը՝ հիմքում ունենալով շենքի ճարտարապետական տեսքի պահպանման գերակա նպատակը: Այժմ շինարարությունն իրականացվում է այդ նպատակին համահունչ: Վստահաբար կարող ենք նշել, որ կարճ ժամանակահատվածում կվերականգնվի շենքի նախկին տեսքն ու արդյունքում կունենանք ավելի ամուր և ապահով շինություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հր. Աճառյանի անվան դպրոցի շենքը կառուցվել էր 1936-ին, ճարտարապետը Մարկ Գրիգորյանն էր։ Այն այժմ վերակառուցում են՝ հետագայում այստեղ ՀԱՊԿ ակադեմիան տեղակայելու համար։ ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնել էր, որ սեպտեմբերից ակադեմիան գործարկվելու է։

Մայիսի 1-ին, անդրադառնալով շենքի քանդմանը, քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանն ասել էր, թե շենքով մշակույթի նախարարն է զբաղվում և առանձին հայտարարություն կանի. «Այն պետք է պարտադիր վերականգնվի։ Ամեն ինչ կանենք, որ անպայման նույնությամբ մնա։ Ես՝ որպես նախարար, ամեն ինչ կանեմ, որ շենքի ճակատային մասն ու կողային ճակատները վերականգնված մնան»,– ասել է նախարարը:

Վարդագույն տուֆից կառուցված 3-հարկանի դպրոցը Երևանի ամենահին կրթօջախներից էր։ Պատերազմի տարիներին այն որպես հոսպիտալ է ծառայել, մինչ այդ այդտեղ օդաչուների էին պատրաստում, որտեղից ուղիղ պատերազմ էին մեկնում։ Պատուհաններից մեկի քարին մինչև վերջերս էլ պահպանվել էր BBC փորագրությունը։ Դպրոցը միայն 1951-ին է անվանակոչվել հայագետ, լեզվաբան Հրաչյա Աճառյանի անունով, այնուհետև բակում տեղադրվել է նրա կիսանդրին։

Շենքի ճարտարապետի թոռը` Մարկ Գրիգորյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ֆասադի քանդմանը` տեղի ունեցածը որակելով հանցագործություն: «Եթե ճակատային մասը պատահաբար է փլուզվել, ապա դա ճարտարապետների ու շինարարների հանցավոր անփութության հետևանք է: Կարելի է բազում օրինակներ բերել, թե ինչպես են հին շենքերը քանդել` ձեռք չտալով ֆասադային մասին, և դրանց հետ ոչինչ տեղի չի ունեցել: Եվ չպետք է տեղի ունենար, եթե շինարարները գոնե 3-ի աշխատեին: Իսկ եթե դա դիտմամբ է արվել, այսինքն՝ ինչ-որ մեկը դիտավորությամբ այնպես է արել, որ ճակատային մասը քանդվի, ապա դա հանցավոր մտադրություն է, որը պետք է պատժվի»:

2013-ի օգոստոսի 29-ի իր 917-Ա որոշմամբ Կառավարությունը դպրոցը լուծարելու ու գույք հանձնելու մասին որոշում էր կայացրել՝ նպատակահարմար չհամարելով աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման պատճառով կրթօջախի գործունեությունը։ Ունենալով 1665 քմ մակերես ու 0.253 հա հողատարածք, շենքը գանահատվել էր 8.359.000 դրամ: Նույն որոշմամբ դպրոցի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրամին: Ակադեմիան հիմնադրելու մասին համապատասխան որոշումն ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ստորագրել էին 2013-ի հունվարի 29-ին։

Հիմք ընդունելով ՀԱՊԿ քարտուղարության և ՀՀ ԱԱԽ աշխատակազմի միջև 2013-ի հունիսի 27-ին կնքված ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու մասին հուշագիրն ու ՀԱՊԿ հիմնադրամ հիմնադրելու մասին որոշումը՝ Հիմնադրամը օգոստոսի 2-ին ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել էր Երևանի Մխիթար Հերացի 2 հասցեում։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 20-ին գրությամբ դիմել էր Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` տվյալ հասցեում գտնվող անշարժ գույքը, որն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված էր Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համար 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին, Հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով:

Երևանի քաղաքապետը 2013-ի օգոստոսի 24-ի իր համար 01/7-49629Հ գրությամբ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տեղեկացրել էր, որ նշված դպրոցի աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման հետևանքով դպրոցի հետագա գործունեությունը գտնում է ոչ նպատակահարմար և կազմակերպությանն ամրացված Մխիթար Հերացու փողոցի համար 2 հասցեում գտնվող անշարժ գույքը ՀԱՊԿ հիմնադրամին տրամադրելու հարցում առարկություններ չունի, ինչից հետո էլ վարչությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մշակել և շրջանառության մեջ էր դրել նշված որոշման նախագիծը:

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 95-րդ հդվածի համաձայն` Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով (ընդամենը 50-80.000 դրամ), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով (150-250.000 դրամ): (95-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 19.03.12 ՀՕ-34-Ն)

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---