Մեկնարկել է «Նոր անուններ» միջազգային 4-րդ փառատոնը

Մեկնարկել է «Նոր անուններ» միջազգային 4-րդ փառատոնը

PanARMENIAN.Net - Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնությամբ` տաղանդավոր պատանիների առջև արդեն չորրորդ անգամ դռներն է բացել «Նոր անուններ» միջազգային փառատոնը, որի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

«Կատարողական արվեստում հաջողության հասնելու համար երկար տարիների քրտնաջան աշխատանք և լսարանի առջև հանդես գալու փորձ է պահանջվում: Ներկայացուցչական դարձած այս փառատոնը թույլ է տալիս բեմը տրամադրել պատանիներին` նրանց կատարողական հնարավորություններն ու կարողությունները բացահայտելու և զարգացնելու համար: Ողջունում եմ «Նոր անուններ» փառատոնի հերթական մեկնարկը` համոզված լինելով, որ տաղանդավոր կատարողների նոր սերունդ բացահայտելուց բացի, այն հաճելի ապրումների առիթ կդառնա հանդիսատեսի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հունիսի 1-4-ը Երևանում նախատեսված փառատոնի կազմում ընդգրկվել են 10 երկրի` Հայաստանի, Ռուսաստանի, Դանիայի, Կանադայի, Կուբայի, Լատվիայի, Վիետնամի, Վրաստանի, Չեխիայի և Մալթայի մոտ 40 շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ, ովքեր միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ և տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ են:

Փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի հիմնադրման 25-ամյակին և այդ առթիվ կատարումներով հանդես են գալու նաև միջազգային ասպարեզում այսօր ճանաչված «հին» նոր անուններ: Պատանի երաժիշտները փառատոնի բացմանը կատրումներով հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Փառատոնի ընթացքում երևանյան հանդիսատեսին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացվելու են մենանվագ կատարումներ: Փառատոնի հանդիսավոր փակումը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր Հարություն Արզումանյանի) պատանի մենակատարների ելույթը նախատեսված է հունիսի 4-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---