Ընտրությունները Սիրիայում քաղաքացիական պատերազմի պայմաններում

Ընտրությունները Սիրիայում քաղաքացիական պատերազմի պայմաններում

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական ուժերի կողմից վերահսկվող շրջաններում նախագահի ընտրություն էր: Քվեարկությունը, որ սկսվել էր հունիսի 3-ին՝ առավոտյան ժամը 07։00-ին, երկարացվեց ևս 5 ժամով՝ մինչև կեսգիշեր: Սիրիայի կառավարության քննադատները այդ ընտրությունները «ֆարս» են անվանել:

Քչերն են կասկածում, որ ընտրություններում Բաշար Ասադը կհաղթի: Կառավարության ներկայացուցիչները Դամասկոսում պնդում են, որ այդ ընտրությունները կարող են օգնել ճգնաժամի հանգուցալուծման հարցում: Երկու մյուս թեկնածուները՝ Մահեր Հաջարն ու Հասան ալ Նուրին հայտնի չեն լայն հասարակությանը, նրանք Ասադի հետ հավասար հնարավորություն չունեին նախընտրական արշավ վարելու համար, հայտնում է ВВС-ին:

Շրջաններում, որոնք ընդդիմության ներկայացուցիչներն անվանում են «ազատագրված», քվեարկություն չի կայացել: Բացի այդ, ընդդիմությունը դավաճանություն է համարում բուն քվեարկության փաստը, այն պայմաններում, երբ կառավարական զորքերը շարունակում են ռմբակոծել Սիրիայի քաղաքաներն ու գյուղերը:

Իդլիբ գավառի քաղաքներում ու գյուղերում տեղաբնակները հայտարարում են, որ այդ ընտրությունները նրանց համար ոչինչ չեն նշանակում, քանի որ, ըստ նրանց, նախագահ Ասադը «մարդասպան է», և ցանկացած դեպքում «ռեժիմը նրան կվերագրի ձայների 99 տոկոսը»:

Սիրիայում բողոքների մեկնարկից երեք տարի է անցել: Ընդդիմության շարքերում շատերը չեն կարողանում հավատալ, որ նախագահ Ասադը դեռ իշխանությունն իր ձեռքում է պահում ու կարող է պաշտոնավարել ևս 7 տարի: Սիրիայի վարաչպետ Վաել ալ Հալկին ընտրությունները «պատմական օր է» հայտարարել երկրի համար: Ըստ նրա, մասնակցության բարձր տոկոսը «կապացուցի աշխարհին, որ սիրիացի ժողովուրդը հստակ որոշել է հաջողությամբ ավարտել այս ընտրությունները»:

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ընտրողների քանակն ինչպես Սիրիայում, այնպեսլ էլ նրա սահմաններից դուրս, հասնում է 15,8 մլն, և որ երկրում բացվել է 9600 ընտրատեղամաս: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ընտրողները պետք է մի քանի անցակետ հատեն, ընտրատեղամաս հասնելու համար:

Ոմանք նախընտրում էին հրապարակավ լրացնել քվեաթերթիկը: Որոշ ընտրատեղամասերում մարդկանց ներարկիչներ էին բաժանում, որպեսզի մարդիկ կարողանան արյամբ նշել քվեաթերթիկները՝ դրանով իրենց սերն արտահայտելով Ասադի հանդեպ:

Մինչ Սիրիայի որոշ շրջաններում քվեարկություւն էր ընթանում, մյուսներում, ըստ ընդդիմության, մարտեր էին շարունակվում: Կոալիցիայի առաջնորդ Ահմադ ալ Ջաբրան մեղադրեց Ասադին նրանում, որ իրեն ենթակա ուժերը հարվածներ են հասցնում ընտրատեղամասերին, մեղքը ապստամբների վրա բարդելով:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնն այդ ընտրություններն անվանել է խոչընդոտ ճգնաժամի քաղաքական հանգուցալուծման ճանապարհին:

Վերջին ամիսներին կառավարական ուժերը մի շարք խոշոր հաղթանակներ են տարել, այն դեպքում, երբ ընդդիմության ուժերը հաճախ միմյանց դեմ են կռվում:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 160 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հոմս գավառում և քաղաքում ընտրական գործընթացին հետևում էին տարբեր երկրներից ժամանակ ակտիվիստներ ու իրավապաշտպաններ: Մի խումբ խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ ու լրագրողներ Իրանից, Ռուսաստանից, Հյուսիսային Կորեայից, Պակիստանից, Կանադայից ու ԱՄՆ-ից հետևում են ընտրությունների ընթացքին Լաթակիայում ու Տարտուսում:

Ամերիկացի քաղաքագետը գոհունակություն է հայտնել Սիրիա այցի կապակցությամբ, որի ընթացքում նա բարենպաստ տպավորություն է ստացել երկրի մասին: Նա շնորհակալություն է հայտնել սիրիացի ժողովրդին հյուրընկալության համար:

Բոլիվիայի խորհրդարանի ղեկավար Էլիո Չավեսը, Սուվեյդում մի շարք ընտրատեղամասեր այցելելուց հետո, հայտարարել է ՍԱՆԱ գործակալությանը, որ իր գլխավորած պատվիրակությունը որոշել է ավելի լավ ուսումնասիրել ընտրական գործընթացը Սիրիայում: Բոլիվիացիները սատարում են ժողովրդավարական գործընթացին: Սիրիայում Վենեսուելայի դեսպան Իմադ Սաաբը ողջունել է ընտրությունների ընթացքը և ընտրողների լավատեսությունը: Նա ընդգծել է, որ միլիոնավոր մարդիկ, այդ թվում նաև Վենեսուելայում, սատարում են Սիրիայի ժողովրդին և համերաշխ են նրա հետ:

Խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ, բրազիլական պատվիրակության ղեկավար Մարիա Սոկորո Գոմեսը նշել է, որ Սիրիա է ժամանել,փոխանցելու հանար բրազիլացիների սերն ու համերաշխությունը: Նա հավելել է, որ նախագահական ընտրությունները Սիրիայում արտացոլում են հարգանքը Սահմանադրության ու ինքնուրույն որոշումների իրավունքի հանդեպ:

2000 թվականի հուլիսին, հոր՝ Հաֆեզ Ասադի մահից հետո, որը կառավարել է Սիրիան 1970-2000 թթ., Բաշար Ասադն ընտրվեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ: Վերընտրվել է այս պաշտոնում 2007 թվականի մայիսին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---