«Հացը լեռներում» փառատոնն ավանդույթի պահպանում է

«Հացը լեռներում» փառատոնն ավանդույթի պահպանում է

PanARMENIAN.Net - Մենք հաճախ ենք խոսում ավանդույթների, մշակույթի, ծեսերի պահպանման մասին: Բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շատ ծեսեր արդեն մոռացվել են, մի մասը կատարվում է իներցիայով, առանց մեջը հոգի դնելու: Բայց գտնվեց մեկը, ով ոչ միայն ստեղծեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, այլև հաջողությամբ զբաղվում է հայկական խոհանոցի ներկայացմամբ: Սեդրակ Մամուլյանն արտաքնապես էլ նման է շեֆ-խոհարարի՝ բարձրահասակ, ժպտադեմ, մի փոքր գեր: Դե, ճիշտն ասած, խոհարարը պետք է գեր լինի՝ որ միայն նրան տեսնելով ցանկանաս ուտել այն ամենը, ինչ նա պատրաստում է:

Բայց չշեղվենք: Հունիսի 12-ին Էրեբունի ամրոցի մոտ վեցերորդ ավանդական «Հացը լեռներում» փառատոնն էր: Ինչեր ասես այնտեղ չկար՝ հայկական խոհանոցի ուտեստներ, ինչպես ամենօրյա, այնպես էլ տոնական՝ Զատկի, Բարեկենդանի, պասի: Չէր անտեսված նաև արաբական ու ճապոնական խոհանոցը, որը վերջերս շատ սիրված է դարձել Երևանում: 26 տաղավարն էլ մարդաշատ էին՝ համտեսում էին, գնում, կիսվում տպավորություններով: Տաղավարների սեղանների մոտ կանգնած էին ժպտերես աղջիկներն ու տղաները, որոնք առաջարկում էին համտեսել այս կամ այն ուտեստը, բացատրում զբոսաշրջիկներին, թե որ ճաշատեսակն ինչից է պատրաստված:

Տաղավարներից մեկում պատանին անգլերենով շատ հանգամանալից բացատրում էր, թե ինչպես են թոնիրում աճառ պատրաստում, որտեղ արդեն խորովվում է հորթի միսը: Ամենահետաքրքիրն այն է, որ նրան հասկացան ու միանգամից ցանկացան փորձել: Տոլմա, գաթա, արևելյան քաղցրավենիք՝ ամեն ինչ լիառատ էր ու աչք շոյող:

Բայց ինչ փառատոն առանց երաժշտության ու պարի: Բացեց համերգը պարի ազգագրական «Կարին» համույթը Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ, հետո… դրան հաջորդեց տիկնիկային ներկայացումը, տարբեր համույթներ ու ձիավոր Սբ Սարգիսը: Առանց նրա ոչ մի կերպ:

Մի խոսքով, ամեն ինչ կար՝ նույնիսկ խարույկ, որի վրայով ցատկում էին զույգերը: Երևի լավ է, որ փառատոնին հիմնականում երիտասարդներ էին եկել… ավելի լավ է մեկ անգամ քո աչքով տեսնես ծեսերն ու փորձես ազգային խոհանոցի ուտեստները, քան հարյուր անգամ կարդաս այդ մասին:

Ճիշտ է, փառատոնում… հաց չկար, բայց Սեդրակ Մամուլյանը խոստացավ, որ հաջորդ տարի լավաշ էլ կթխեն, հացի այլ տեսակներ էլ: Եվ նույնիսկ անձրևը չխանգարեց:

Իսկ ալեհեր Արգիշտին նայում էր իր առջև սփռված տեսարանին, և, ով գիտի, գուցե և մտածում՝ լավ տեղ եմ ընտրել քաղաքի համար:

Վերջին դիտողությունը․ գաթան փառատոնում ներկայացված էր լայն տեսականիով, բայց Էրզրումի աղի գաթա չկար… Հարցիս՝ ինչո՞ւ, Մամուլյանն ասաց. հաջորդ տարի կանենք: Իսկ Էրզրումի գաթան իրոք շատ համեղ է, այն հիմա էլ պատրաստում են Ջավախքում, որի բնակչության 80 տոկոսը էրզրումցիներ են:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---