6  13.06.14 - «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնին նվիրված մամուլի ասուլիսը

11-րդ «Ոսկե ծիրանում» 70 ֆիլմ կմրցի․ Հրապարակվել է ժյուրիի կազմը

11-րդ «Ոսկե ծիրանում» 70 ֆիլմ կմրցի․ Հրապարակվել է ժյուրիի կազմը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացված ավելի քան 1500 հայտից (95 երկրից) մրցութային ծրագրում ընդգրկվել է մոտ 70 ֆիլմ, այդ թվում` 10-ը միջազգային խաղարկային, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` Հայկական համայնապատկեր (որից 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:

Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ միջազգային խաղարկային ֆիլմերի անվանակարգում ընդգրկված են ինչպես սկսնակ ռեժիսորների, այնպես էլ տարբեր փառատոներում մրցանակների արժանացած ֆիլմեր:

«Հետաքրքիր ծրագիր է հավաքվել: Եթե ընդհանուր մի հայտարարի բերենք` ֆիլմերը բարոյական ճգնաժամի մասին են: Տարբեր երկրներից ներկայացված ֆիլմերը ներկայացնում են նույն մտահոգությունները»,- ասել է Ստամբոլցյանը:

Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահն է իտալացի կինոքննադատ, պրոդյուսեր Մարկո Մյուլերը, որն, ըստ Ստամբոլցյանի, փառատոնային աշխարհում ամենաճանաչված դեմքերից մեկն է:

1953-ին Հռոմում ծնված Մարկո Մյուլերը կինոյի մասին պատմող վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է և սցենարի հեղինակ, ինչպես նաև կինոքննադատ և պատմաբան։ Կինոոճեր և տեխնիկա է դասավանդում իտալախոս Շվեյցարիայի Մարիո Բոտտա համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում։ Որպես փառատոնային կազմակերպիչ՝ իր գործունեությունը սկսել է «Էլեկտրական ստվերների» (Ombre elettriche) վրա աշխատելուց (Թուրին, 1981), որը չինական կինոյի ամենամեծ հետահայաց ցուցադրությունն էր Արևմուտքում, իսկ հետագայում Մյուլերը եղել է Պեզարոյի (1982-1989), Ռոտերդամի (1989-1991), Լոկառնոյի (1992-2000) ՄԿՓ-երի տնօրենը։ 2004-2011 թթ. նա Վենետիկի ՄԿՓ-ի տնօրենն էր, 2012-ից դարձել է Հռոմի ՄԿՓ-ի տնօրենը։ Զուգահեռաբար Մյուլերը հանդես է եկել որպես պրոդյուսեր և համապրոդյուսեր՝ թողարկելով ավելի քան 15 գեղարվեստական ֆիլմ, որոնք արտադրվել են Թուրքիայում, Իրանում, Կենտրոնական Ասիայում և Չինաստանում։

«Եթե նախորդ տարիներին ասում էի, որ ֆիլմերն ունեին թեմատիկ ընդհանրություն, այս տարի ներկայացված ֆիլմերը բավականին տարբեր են»,- ասել է «Ոսկե ծիրան» փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը` հավելելով, որ շատ կցանկանար, որ, օրինակ, «Գրատախտակ» ֆիլմը Հայաստանի կրթության ոլորտի հետ կապված մարդիկ անպայման դիտեն, գրում է Panorama.am-ը:

Միջազգային վավերագրական մրցույթի ժյուրին ղեկավարելու է իտալացի ռեժիսոր Երվանդ Ջանիկյանը: Փառատոնի ընթացքում կայանալու է նաև Ջանիկյանի «Բարբարոսների երկիր» ֆիլմի պրեմիերան:

Հայերի ընտանիքում ծնված Երվանդ Ջանիկյանը ճարտարապետություն է ուսանել Վենետիկում և կինոյի աշխարհին մոտեցել է Անջելա Ռիչչի Լուչիի հետ ծանոթության ազդեցությամբ: Վերջինս նկարչություն էր սովորում և մասնավորապես գեղանկարչությա դասեր առնում Օսկար Կոկոշկայից և տարված էր հատկապես պատկերներով և վիզուալ արտահայտչականության անվերջ փնտրտուքով: Նրանք երկուսով իրենց աշխատանքները ներկայացրել են բազմաթից միջազգային կինոփառատոների (Կանն, Ռոտերդամ, Վենետիկ) և աշխարհի ամենաառաջավոր ցուցասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի Մետրոպոլիտենը, Փարիզի Պոմպիդու կենտրոնը, Լոնդոնի Թեյթ Մոդեռնը (Tate Modern), Ռովերտոյի Մարտը, ինչպես և այնպիսի առաջատար միջոցառումներում, ինչպիսին է Վենետիկի Բիենալեն (2001):

Փառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրի համադրող Րաֆֆի Մովսիսյանն էլ հայտնել է, որ Հայկական համայնապատկեր մրցութային անվանակարգում ներկայացվող ֆիլմերի մեծ մասը հայկական արտադրության են. «Հայկական ֆիլմերն իրենց որակով ավելին էին, քան դրսում նկարահանված մի շարք ֆիլմեր»:

Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրին ղեկավարելու է ֆրանսիացի կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարին: Կազմում ընդգրկված են նաև Մարատ Սարգսյանը (կինոռեժիսոր, Լիտվա), Մարիա Սահակյանը (կինոռեժիսոր, Հայաստան), Կարեն Արիկյանը (պրոդյուսեր, ԱՄՆ), Գեորգի Գոգիբերիձեն (կինոռեժիսոր, Վրաստան)

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին ղեկավարելու է կինոգետ Էրեզ Փերին (Իսրայել): «Ֆիպրեսի» ժյուրիի կազմում ընդգրկված են կինոքննադատներ Վիկտոր Մատիցենը ՌԴ-ից և Պաուլո Պորտուգալը Պորտուգալիայից:

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային փառատոնն անցկացվելու է հուլիսի 13-20-ը: Փառատոնն այս տարի նվիրվում է Սերգեյ Փարաջանովի հիշատակին՝ ի պատիվ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանին: Փառատոնը բացվելու է հենց Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով՝ վերականգնված տարբերակով, որը ցուցադրվել է Կաննի վերջին փառատոնում:

«Ոսկե ծիրան»

«Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2002 թ. մարտի 4-ից: Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությունն է, որի հիմնական նպատակն է` աջակցել ազգային կինեմատոգրաֆիային, պահպանել մշակութային ինքնատիպությունը, պրոպագանդել ռուսական եւ արտասահմանյան լավագույն ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---