1 մլրդ 340 մլն դրամ ՀՊՖՆ-ին. ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվագախմբի գլխավոր գործընկերն է դարձել

1 մլրդ 340 մլն դրամ ՀՊՖՆ-ին. ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվագախմբի գլխավոր գործընկերն է դարձել

PanARMENIAN.Net - Ի տարբերություն էստրադային երաժշտության, որն ունի մեծ լսարան և նրանց հասանելի է ժամանցային մեդիա-ինդուստրիայի միջոցով, դասական երաժշտությունը չի կարող գոյատևել շուկայական տնտեսության զարգացման ներկա պայմաններում` առանց անհրաժեշտ աջակցության: Դասական երաժշտությունը պահանջում է այլ մոտեցում. մեծ ներդրումներ` ֆինանսական լիարժեք ինքնաբավության հասնելու համար: Հաշվի առնելով այդ հանգամանքը և այն, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ երաժշտության դեսպանն է աշխարհում, ինչպես նաև դասական երաժիշտների շրջանում արտագաղթի կանխման ջանքերին հնարավորին նպաստելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է նվագախմբի գլխավոր գործընկերը: 2010թ.-ից ի վեր ընկերությունը նվիրաբերել է 1 մլրդ 340 մլն դրամ:

Արշակ Ադամյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից 90 տարի առաջ հիմնադրված Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր երկրի պրոֆեսիոնալ նվագախմբային երաժշտության կենտրոնն է: Ստեղծման օրվանից նվագախումբը ղեկավարել են բազմաթիվ հայտնի դիրիժորներ: Խմբի ներկայիս գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը Էդուարդ Թոփչյանն է, ում նախաձեռնությամբ` պարբերաբար դասական, օպերային, ինչպես նաև ազգային ու ժամանակակից երաժշտություն ներկայացնելով, նվագախումբը հանձն է առել բավարարել դասական երաժշտարվեստի լսարանի ակնկալիքները:

Նվագախմբի ստեղծագործական տարիների համերգացանկում ընդգրկվել է դասական ծրագրի գերակշիռ մասը: Իրենց կատարումներով հանդես են եկել աշխարհի առաջատար երաժիշտներ: Մասնավորապես` Դավիդ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Գիդոն Կրեմերը, Յուրի Բաշմետը և այլք, այդ թվում` փորձառու և երիտասարդ հայ երաժիշտներ:

Նվագախումբը կատարում է հայ և օտարերկրյա կոմպոզիտորների գործեր՝ զուգահեռաբար փորձելով նվագախմբային նոր ստեղծագործություններ ներառել այցելուների, զբոսաշրջիկների և երիտասարդների համար կազմված ծրագրերում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության շրջանակում, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է հիմնականում օրատորիաներից բաղկացած ծրագրերով համերգներ, որոնցում ընդգրկված են Մոցարտի, Վերդիի, Մանսուրյանի ռեքվիեմները, Ռոսինիի «Stabat Mater»-ը Հալաջյանի Missa de Luminae-ն և այլ գործեր:

Հունիսի 15-ին կայացել է համաշխարհային ճանաչում ձեռք բերած երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի առաջին համատեղ համերգը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրանք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ հնչեցրել են Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները: Առաջին բաժնում մենակատարները միասին հանդես են եկել Բրամսի՝ Ջութակի, թավջութակի և նվագախմբի համար Կրկնակի կոնցերտի կատարմամբ, իսկ երեկոյի երկրորդ մասում հնչել է Բրամսի թիվ 2 սիմֆոնիան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերից են «Եվգենի Օնեգին», «Տուրանդոտ», «Տոսկա» և այլ օպերաների համերգային կատարումները և բեմականացումները: Ընկերությունն աջակցություն է ցուցաբերել նաև Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի անցկացման և այլ ծրագրերի իրականացման հարցում:

«Անհնար է գերագնահատել դասական կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները պահպանելու կարևորությունը: Այդ ավանդույթները ստեղծվել են երկար տարիների ընթացքում, երախտավորների տաղանդի, սիրո և նվիրման շնորհիվ: Գլոբալացումը և դրա հետ կապված՝ որակյալ մասնագետների արտահոսքը, մեծ հարված են հասցնում հայկական մշակույթին: Մենք պետք է հնարավորին չեզոքացնենք այդ գործընթացը հատկապես մշակույթի ոլորտում, որովհետև, հատկապես այս ոլորտում կորուստները գրեթե անհնար է վերականգնել: Ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր ազգային արժանապատվության, մեր մշակութային ինքնության մաս է կազմում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---