Ադրբեջանական բանակը գնդակոծել է Տավուշի մարզի Մովսես գյուղը. Զոհեր չկան

Ադրբեջանական բանակը գնդակոծել է Տավուշի մարզի Մովսես գյուղը. Զոհեր չկան

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակը առավոտյան 10։30-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Մովսես գյուղը։ Կրակոցներն ուղղված են եղել ոչ թե մարտական դիրքերին, այլ գյուղին։ Գյուղապետ Արարատ Ավալյանը հաստատել է տեղեկությունը` նշելով, որ գնդակները հասել են գյուղապետարանի շենքին, ընկել են եկեղեցու բակում, դիպել են դպրոցին, գրում է Tert.am-ը։

«Մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չունենք»,-ասել է գյուղապետը՝ նշելով, որ գնդակոծությունը կարճ է տևել և հայկական կողմը պատրաստ է ցանկացած պահի պատասխանել դրանց։

Մայիսի 23-ի կեսօրից մինչև ժամը 18-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Բարեկամավան գյուղի պաշտպանական դիրքերի և գյուղի վրա: Ադրբեջանցիները կրակել են սահմանը պաշտպանելու համար հերթափոխի մեկնող զինվորական մեքենայի, բարեկամավանցիներից մեկի «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վրա: Գնդակներից երկուսը խոցել են Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի առանձնատան տանիքը:

Գնդակներից մեկը ծակելով տանիքը և տանիքը պահող շինարարական կառուցվածքները, ընկել է տան միջանցք: Հայ սահմանապահները համարժեք պատասխան են տվել, որից հետո ադրբեջանական զինուժը դադարեցրել է կրակը:

Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---