Մերձավոր Արևելքի իսլամիստները միավորվում են

Մերձավոր Արևելքի իսլամիստները միավորվում են

PanARMENIAN.Net - «Ալ Քայիդայի» սիրիական թևի ակտիվիստները՝ «Ջեբհաթ ան Նուսրան», միավորվել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման գրոհայինների հետ՝ վերջիններիս հավատարմության երդում տալով Աբու Քամալ քաղաքում սիրիա-իրաքյան սահմանին, հայտնում է AFP-ն Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտարկման կենտրոնի (Syrian Observatory for Human Rights) վրա հղումով:

Ըստ իրավապաշտպանների, այս փաստը նշանակալի իրադարձություն է, քանի որ այժմ իսլամիստները կարող են վերահսկել սահմանը երկու կողմից՝ Սիրիայի Աբու Քամալից և Իրաքի Էլ Քաիմեից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Նրանք մրցակիցներ են, սակայն երկու խմբավորումներն էլ բաղկացած են ջիհադականներից ու իսլամիստներից: Այդ քայլը կհանգեցնի լարվածության աճի մյուս ապստամբ խմբավորումների հետ տարածաշրջանում՝ ներառյալ իսլամիստներին»,-հայտարարել է իրավապաշտպանների ղեկավար Ռամի Աբդուրահմանը:

2014 թ. փետրվարին «Ալ Քայիդայի» հրամանատարությունը հայտարարեց, որ հրաժարվում է սատարել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանը և կազմակերպության «մասնաճյուղ» դարձավ «Ջեբհաթ ան Նուսրան»: Դրանից հետո Սիրիայում պայքար ծավալվեց «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» և մյուս ընդդիմադիր խմբավորումների միջև: Սունիների այդ խմբավորումը, որը մինչև վերջերս Սիրիայում էր կռվում, հունիսին գլխավորեց Իրաքի հյուսիսային ու արևմտյան շրջանների գրոհը: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանը միացան Իրաքի սունիները, որոնք դժգոհ էին Իրաքի վարչապետ Նուլի ալ Մալիքիի քաղաքականությունից, Սադդամ Հուսեյնի նախկին բանակի զինվորականները, մանր ահաբեկչական խմբավորումները:

Իրաքի և Սիրիայի իշխանությունները փորձում են կասեցնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման առաջխաղացումը, որը ձգտում է իր հսկողության տակ առնել նավթային ռեսուրսներով հարուստ մեծ տարածքները: Վերջին երեք շաբաթում այդ կազմավորման գրոհայինները սունիների ցեղերի ու իրաքյան նախկին զինվորականների աջակցությամբ կարողացան միանգամից մի քանի քաղաք գրավել Իրաքում, ինչպես նաև Սիրիայի ու Հորդանանի սահմանին:

«Ջաբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում, կազմակերպության անդամները ժխտում են դա, բայց հաստատում են, որ հավատարիմ են «Ալ Քայիդայի» առաջնորդ Այման ազ Զավահիրիին: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը:

«Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

 Ուշագրավ
---