Կարկուտը վնասել է բերքը. Հուսահատ գյուղացիները փակել էին ավտոճանապարհը

Կարկուտը վնասել է բերքը. Հուսահատ գյուղացիները փակել էին ավտոճանապարհը

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին տեղացած ուժեղ կարկուտի պատճառով վնասվել են Արագածոտնի մարզի 3 գյուղի` Արտեմիի, Արագածավանի, Լուսակնի պտղատու այգիները: Բերքատեսակներից հիմնականում վնասվել են պտուղ-բանջարեղենն ու հացահատիկը: Վնասի չափը հաշվարկելու համար արդեն ստեղծվել է հանձնաժողով, և երեք օրից պարզ կլինի, թե որքան վնաս է պատճառելվել:

«Մարդիկ շատ մեծ վնասներ են կրել: Սարսափելի է: Ամբողջ ծիրանը, մյուս պտղատու ծառերը շարքից դուրս են եկել»,- ասել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը` հավելելով, որ իր կարգադրությամբ հանձնաժողովն արդեն աշխատանքներ է տանում այդ գյուղերում, գրում է Tert.am-ը:

«Իրավիճակի մասին զեկուցել եմ նախագահին, վարչապետին: Ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ճշտի վնասի չափերը: Հանձնաժողովի անդամների հետ առավոտից այգի առ այգի նայում ենք: Մարդիկ նեղվում են, ամբողջ հույսը կապել էին այդ այգիների հետ: Տասը օրից պետք է բերքը դուրս բերեին շուկա»,- նշել է Սահակյանը, գրում է Panorama.am-ը:

Իրենց բողոքն արտահայտելու համար կարկուտից տուժած գյուղերի բնակիչներն այսօր` հունիսի 26-ին, փակել էին Արտեմի-Արմավիր-Թալին-Գյումրի ավտոճանապարհը: Մարզպետը զրուցել է բողոքող գյուղացիների հետ, նրանք որոշել են սպասել հանձնաժողովի աշխատանքների ավարտին:

«Հանձնաժողովը երեք-չորս օրից իր կատարած աշխատանքի արդյունքները կներկայացնի կառավարությանը՝ տեսնենք, թե ինչպես կարող է կառավարությունն օգնել բնակիչներին»,- նշել է Արագածոտնի մարզպետը:

ՀՀ ԱԻՆ-ից հունիսի 23-ին տեղեկացրել էին, որ Հանրապետության տարածքում հունիսի 25-26-ին շրջանների զգալի մասում, 29-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ. «Երևանում հունիսի 25-26-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ»:

Հունիսի 25-ին երեկոյան մոտ կես ժամ տեղացած հորդառատ անձրևը հեղեղել էր Երևանի փողոցները: Ջրահեռացման համակարգն այս անգամ էլ անզոր էր տարերքի դիմաց: Տեղատարափի և ամպրոպի ժամանակ դիտվել է սաստիկ քամի: ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ անձրևաջրերը լցվել են խանութներ և գետնանցումներ, քամու պոռթկումները կոտրել են ժառեր (Թադևոսյան և Րաֆֆու փողոցներ), պոկել տանիքներ (Բաբաջանյան և Նալբանդյան փողոցներ), վնասել ճաղավանդակներ, էլ.լարեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---