Դատարանը կասեցրել է Համալիրի աճուրդը

Դատարանը կասեցրել է Համալիրի աճուրդը

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը հունիսի 26-ին բավարարել է Մարզահամերգային համալիրի հայցը և կասեցրել ԴԱՀԿ-ի հայտարարած աճուրդի որոշումը։

Մայիսի 19-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել էր աճուրդի: Ըստ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքի, համալիրը գրավի առարկա է։ Որպես առաջին աճուրդի վերջին օր նշվում էր մայիսի 29-ը: Դրա ավարտից 3 օր անց հայտարարվեց 2-րդ աճուրդը:

Աճուրդի հայտարարման առաջին իսկ օրից ընկերությունը հայտարարում էր դրա անօրինական լինելու մասին, սակայն այն չէր դադարեցվում։ Հայտարարվել էր և վաղը` հունիսի 27-ին, տեղի էր ունենալու երրորդ աճուրդը։ Ընդ որում, չկայացած յուրաքանչյուր աճուրդից հետո Համալիրի գինը նվազում էր 10%-ով, գրում է Yerkirmedia.am կայքը։

Մարզահամերգային համալիրի տնօրինությունը վստահ էր, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը մամուլի միջոցով փորձում է իր անօրինական գործողությունները հասարակությանը ներկայացնել որպես իրավաչափ` ցանկանալով իրավական հարթությունից հարցը տեղափոխել այլ հարթություն: Համալիրի տնօրինության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ այս փուլում նման գործելաոճն անընդունելի է, քանի որ «սպառված չենք համարում իրավական ճանապարհով պայքարելու դատարանի և ԴԱՀԿ-ի անօրինական որոշումների դեմ: Փաստացի բյուջետային վարկ որպես այդպիսին Մարզահամերգային համալիրը չի ստացել, բայց համաձայնել է այլ պարտավորությունները վերաձևակերպելու պայմանին և պատասխանատվությամբ է վերաբերվում այսօրվա ներկայացված պահանջին»:

«ԴԱՀԿ-ն խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը և 8-րդ հոդվածը, համաձայն որի կողմին չի տրամադրվել փորձագետի եզրակացությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն պարզաբանման վերաբերյալ որոշումը ենթակա է բողոքարկման: Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն գործը անհասկանալի պայմաններում անհետացել է դատարանից: Համոզված ենք, որ պատկան մարմինների գործուն միջամտության արդյունքում կասեցվելու են ապօրինի գործողությունները Մարզահամերգային համալիրի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աճուրդ հայտարարելուց հետո ԴԱՀԿ-ն պարզաբանել էր որշումը: Ծառայության տարածած պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.«2014-ի ապրիլի 14-ին ԴԱՀԿ ապահովող ծառայություն մուտքագրված Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն` պետք է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.207.755.909,51 ՀՀ դրամ գումար` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի` ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող մարզահամալիրի հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, իսկ գրավի առարկայի անբավարարության դեպքում` ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի վրա:

Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Այն բաղկացած է 2 մեծ սրահից՝ սպորտային և համերգային։ Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983-ին, իսկ երկրորդը՝ 1984-ի հոկտեմբերի 13-ին։Մարզահամերգային համալիրը 5.700.000 դոլարով ԲԱՄՕ ընկերությանը մասնավորեցվել է 2005-ի օգոստոսին: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն` 2005թ. սեպտեմբերից մինչև 2008թ. սեպտեմբերը ԲԱՄՕ-ն Համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---