21 համայնքում բերքը 100 %-ով ոչնչացել է. Կառավարությունը կաջակցի կարկուտից տուժած գյուղացիներին

21 համայնքում բերքը 100 %-ով ոչնչացել է. Կառավարությունը կաջակցի կարկուտից  տուժած գյուղացիներին

PanARMENIAN.Net - Կառավարությունը կաջակցի Շիրակի մարզի կարկուտից տուժած համայնքների գյուղացիներին: Հուլիսի 10-ին, բացելով նիստը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ այցելել է համայնքներ ու տեղում ծանոթացել իրավիճակին:

«Երեկ մենք այցելել ենք Շիրակի մարզ և եղել բազմաթիվ համայնքներում: Ունենք լուրջ խնդիրներ, մոտ 21 համայնքում կարկտահարությունից հետո բերքը 100 տոկոսով ոչնչացել է: Ես հանձնարարել եմ, որպեսզի տարածքային կառավարման մարմինները, համայնքները, ՀՀ գյուղնախարությունը և ՏԿ նախարարությունը ստեղծեն հանձնաժողով: Ժամկետ է տրվում մինչև կառավարության հաջորդ նիստի օրը, որպեսզի ներկայացվեն կորստի ծավալները և մենք կառավարությունում որոշում կայացնենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու գյուղացիներին»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նշել է, որ ըստ տեղեկությունների, Ստեփանավանում ևս նման իրավիճակ է ստեղծվել.

«Հանձնարարում եմ գյուղանախարարին կառավարության նիստից հետո այցելել և այնտեղ նույնպես իրավիճակը ճշտել»:

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Փանիկ, Անուշավան, Լուսակերտ, Գետափ, Այգեբաց, Սպանդարյան, Ջրառատ գյուղերում, իսկ Ղարիբջանյան գյուղում պոկվել է տան տանիք:Կարկուտ է տեղացել նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, ինչի հետևանքով ջուրը լցվել է տները, արգելափակվել են ավտոմեքենաներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Առաջին կանգառը մարզի կարկտահարված դաշտերն էին, որտեղ կառավարության ղեկավարը ծանոթացել է երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին:

Հովիկ Աբրահամյանը եղել է Նոր Կյանք, Փանիկ, Սպանդարյան և Գեղանիստ համայնքների հացահատիկի դաշտերում, մանրամասն զրուցել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, քննարկել պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները:

Վարչապետը նշել է, որ կարկտահարությունից տուժած տնտեսություններին աջակցելու նպատակով պատասխանատու գերատեսչություններին հանձնարարվել է հնարավորինս սեղմ ժամկետում հաշվարկել և ներկայացնել նաև աշնանացան ցորենի սերմացուի ամբողջ պահանջարկը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ անձամբ հետևելու է այդ գործընթացի արագ կազմակերպմանը, և Հայաստանի կառավարությունը հնարավորինս օժանդակելու է գյուղացիներին՝ բնական աղետի հետևանքները հաղթահարելու հարցում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---