Առանց լրացուցիչ թույլտվության ՌԴ-ում աշխատելու մասին համաձայանգիրը չի ստորագրվել. Որոշակի վերապահումներ կան

Առանց լրացուցիչ թույլտվության ՌԴ-ում աշխատելու մասին համաձայանգիրը չի ստորագրվել. Որոշակի վերապահումներ կան

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի քաղաքացիների՝ Հայաստանի տարածքում, և Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու կարգի» մասին համաձայնագրի կիրարկումը կսկսվի օգոստոսի 10-ից: Այս մասին հուլիսի 17-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը` ներկայացնելով հուլիսի 11-ին Սոչիում ստորագրված համաձայնագրի մանրամասները:

Ըստ այդմ՝ ՀՀ քաղացիները ՌԴ մուտք գործելուն պես կարող են 30 օրվա ընթացքում հաշվառվել՝ ներկայիս 7-օրյա ժամկետի փոխարեն: Սակայն վարչապետների հանդիպմանը երկրորդ համաձայնագիրը չի ստորագրվել:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Սոչիում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր:

«Երկրորդ միջկառավարական փաստաթուղթը վերաբերում է միասնական աշխատաշուկաների ձևավորմանը: Ըստ այդմ՝ Հայաստանի քաղաքացին կարող է ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվության, առանց դիմումներ ներկայացնելու, պետական տուրք վճարելու՝ այս հարցում հավասարվելով ՌԴ քաղաքացիներին: Բացի այդ, համաձայնագրով նախատեսվում է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում ոչ միայն աշխատանքային անձը, այլ նաև նրա ընտանիքի անդմաները համարվում են օրինական գտնվողներ ՌԴ տարածքում»,- ընդգծել է Եգանյանը:

Նա նշել է, որ Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ համաձայնագրի հետ կապված հարցը քննարկվել է, նշվել է, որ հայկական կողմն արդեն ներպետական ընթացակարգերն ավարտել է և պատրաստ է ստորագրելու: Մինչդեռ ռուսական կողմն ասել է, որ դեռևս պատրաստ չէ ստորագրման:

«Ի պատասխան մեր վարչապետի կողմից բարձրացված հարցի, ՌԴ վարչապետը հետաքրքրվեց իրենց Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարից, թե խնդրի էությունը որն է, ի՞նչն է պատճառը, որ չեն հասցրել վավերացնել: Ներկայացվեց, որ Ռուսաստանի աշխատանքի նախարարության կողմից կան որոշակի վերապահումներ, որոնք ըստ էության սկզբունքային չեն: Սակայն քննարկման ընթացքում Ռուսաստանի վարչապետը խոստացավ, որ ինքն այդ խնդիրները կկարգավորի, և մենք լավատեսությամբ ենք լցված»,- նշել է Գագիկ Եգանյանը:

Հարցին, թե մտավախություն չունեն, որ այդ համաձայնագիրը չի ստորագրվի, Եգանյանը պատասխանել է, որ ամեն ինչ էլ կարող է լինել, սակայն լիահույս է, որ այս համաձայնագիրը ևս կստորագրվի, գրում է Panorama.am-ը:

ՀՀ կառավարությունը հուլիսի 3-ի նիստում համաձայնություն է տվել երկու համաձայնագրերի կնքմանը, որոնք վերաբերում են ՌԴ-ի տարածքում հայ միգրանտների գտնվելու և աշխատելու կարգի դյուրացմանը: Դրանք են՝ ՌԴ-ի տարածքում ՀՀ քաղաքացիների և Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիների և ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին համաձայնագրում նախատեսված փոփոխությունները:

Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների կողմից համաձայնագրերի վավերացումից հետո աշխատանքային միգրանտները ՌԴ-ում կստանան նույն իրավունքները, ինչ Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները: Միաժամանակ նախատեսվում է բոլոր փաստաթղթերը հաստատել ՄՄ Հայաստանի պաշտոնական մուտքի ավարտից առաջ:

Համաձայնագիրը նախատեսված է նաև Մաքսային միության իրավապայմանագրային բազայով: Բայց նկատի ունենալով, որ Մաքսային միությանը միանալու պարագայում այդ նորմն ամենայն հավանականությամբ կգործի հաջորդ տարվա հունվարի 1-ից, խնդիր է դրվել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ դրանք հնարավորինս արագ երկկողմ հիմքի վրա կիրառվեն:

Ռուսաստանում միգրանտների բնակության վերաբերյալ 2014-ի հունվարի 1-ից գործող նոր կարգով միգրանտների մասին օրենքում ուղղումներ էին արվել, որոնցով մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Ընդ որում, այդ ժամկետի լրանալուց հետո նորից երկիր կարելի է վերադառնալ 90 օրից: Մինչև այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք և մի քանի օրից նորից վերադառնալ ՌԴ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---