Աղվան Հովսեփյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ

Աղվան Հովսեփյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աղվան Հովսեփյանը նշանակվել է նորաստեղծ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ:

«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 51-րդ հոդվածների 1-ին մասերը` որոշում եմ. Աղվան Հովսեփյանին նշանակել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ», ասված է նախագահի հրամանագրում, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:

Ազգային ժողովում մարտի 11-ին կողմ` 71, դեմ` 2 և 37 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նդունվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը և դրա հետ առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Օրինագծի` մարտի 10-ին ԱԺ-ում կայացած քննարկմանը Նիկոլ Փաշինյանը նշել էր. «ՀՀ-ում տեղի ունեցող պրոցեսներից շատ թե քիչ տեղյակ ցանկացած մեկը կհասկանա, որ սա իրականում օրենք է ՝ «Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մասին», և այսօր ԱԺ-ն ոչ թե օրենդիր-իրավական հարց է լուծում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակը»: Նա հիշեցրել է, որ դրա անհրաժեշտությունն առաջացավ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը որոշեց նրա թեկնածությունը հերթական անգամ չառաջադրել գլխավոր դատախազի պաշտոնում:

Քննչական կոմիտեի լիազորություններից են Քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքների բացահայտումը: Ըստ օրենքի, կոմիտեի նախագահի համար սահմանվում է արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչում: Այս կոչումը բարձրագույն կոչում է, որ շնորհում է Հանրապետության նախագահը:

«Քննչական կոմիտեի մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը այդ նախագծում հիմնավորել էին քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Մինչ այդ, քրեական գործերով նախաքննություն կատարում էին Հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Օրենքի համաձայն, Պաշտպանության նախարարության և ոստիկանության կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա էլ կազմավորեց միասնական քննչական մարմինը: «Կարգավորման նպատակն է ամրապնդել քննչական մարմինների անկախությունը, բարձրացնել քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը...».-ասվում է օրենքում, գրում է «Հայկական ժամանակը»:

Աղվան Գառնիկի Հովսեփյանը ՀՀ պետական գործիչ է, ՀՀ արդարադատության պետական խորհրդական (1998 թ.), իրավաբանական գիտությունների թեկնածու (1999 թ.), դոկտոր (2005 թ.), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2004 թ.), ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-1995 թթ-ին), ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ վաստակավոր իրավաբան (01.07.2003 թ.), Ապարանի շրջանի Վարդենիս համայնքի պատվավոր քաղաքացի (30.05.2003 թ.),Ապարան քաղաքի պատվավոր քաղաքացի (09.01.2004 թ.)։

Ծնվել է 1953 թվականի հունվարի 7-ին Երևանում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1974 թվականին։ Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին։ Մասնագիտական գործունեությունն սկսել է 1974 թվականից՝ աշխատելով Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում որպես քննիչ։ 1978-1986 թթ. - աշխատել է Լեռնային Ղարաբաղի դատախազությունում նախ որպես ավագ քննիչ, դատախազի օգնական, ապա՝ քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական։ 1986-1989 թթ. - Արթիկի շրջանի դատախազության քննիչ։ 1989 - 1998 թթ.- ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ։ 1998 թ. ապրիլից մինչև սեպտեմբեր - գլխավոր դատախազության քննչական մասի պետ։ 1998 -1999 թթ. - ՀՀ գլխավոր դատախազ։ 1999 - 2004 թթ. - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ 2004-2013 ՀՀ գլխավոր դատախազ։Օրինականության և իրավակարգի պահպանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար , Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Իրավակարգի և օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 14.04.12թ. հրամանագրով Ա.Գ.Հովսեփյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---