Երիտասարդ եվրոպացիները կողմ են ԵՄ-ին Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը, տարեցները՝ դեմ

Երիտասարդ եվրոպացիները կողմ են ԵՄ-ին Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը, տարեցները՝ դեմ

PanARMENIAN.Net - Գերմանիայի բնակչության մեծ մասը և Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի բնակիչների մոտ կեսը բացասական վերաբերմունք ունի Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը Եվրամիությանը: Այդ մասին են վկայում ICM Research գործակալության անցկացրած հարցման տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հարցումը, որն անցկացվել է ԵՄ երեք առաջատար երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում ու Մեծ Բրիտանիայում, ցույց է տալիս, որ այդ պետությունների բնակիչները հիմնականում կասկածներ ունեն այդ հարցում: Ամենից առավել պատրաստ չեն ԵՄ ընդլայնմանը Գերմանիայի բնակիչները: «Կ՞ողմ եք ԵՄ կազմում նոր անդամների ընդգրկմանը, ինչպես, օրինակ, Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի անդամակցությանը» հարցին դրական է պատասխանել հարցվածների միայն 1 տոկոսը: Եվս 21 տոկոսը պատասխանել է՝ «ավելի շուտ, կողմ եմ», իսկ 71 տոկոսը՝ բացասական պատասխան է տվել,-ասվում է հարցման մեջ, որն անցկացվել է «Ռոսիա սեգոդնյա»-ի համար:

Հարցումները անցկացրել է ICM Research ընկերությունը 2014-ի հուլիսի 11-24-ը 16 տարեկանից բարձր 3007 անձանց շրջանում (1000-ը Մեծ Բրիտանիայում, 1006-ը՝ Գերմանիայում, 1001-ը՝ Ֆրանսիայում): Յուրաքանչյուր երկրի մասնակիցները ներկայացված են ըստ սեռի, տարիքի ու աշխարհագրության:

Ըստ հարցման արդյունքների, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների քանակը, որոնք լավատեսորեն են տրամադրված Եվրամիության ընդլայնման հարցում, ավելի մեծ է՝ երկու երկրներում «կողմ» է արտահայտվել հարցման ենթարկվածների 38 տոկոսը: Սակայն ավելի մեծ քանակով մասնակիցներ՝ ֆրանսիացիների 47 տոկոսն ու անգլիացիների 45 տոկոսը չեն սատարել Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի եվրաինտեգրման հեռանկարին: Հարցման ենթարկվածների մի մասը դեռ չի կողմնորոշվել. Գերմանիայում «դժվարացել է պատասխանել» հարցման ենթարկվածների մոտ 6 տոկոսը, Ֆրանսիայում՝ 15 տոկոսը, Մեծ Բրիտանիայում՝ 17 տոկոսը:

Պատասխանները կախված էին նաև տարիքից: Օրինակ, Մեծ Բրիտանիայում ԵՄ ընդլայնման կողմնակիցների մեծ մասը 18-24 տարեկան երիտասարդներ են, կողմ է նրանց 53 տոկոսը: Հարցվածների մոտ մեկ երրորդը դեռ չի կողմնորոշվել՝ 31 տոկոսը «դժվարացել է պատասխանել»: 65 բարձր տարիքի բրիտանացիներն ավելի պահպանողական են՝ նրանց 62 տոկոսը չի ցանկանում երեք նոր երկիր տեսնել ԵՄ կազմում:

Ինչպես Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում նույնպես 16-24 տարեկան երիտասարդները ավելի հաճախ են սատարում ԵՄ նոր անդամներին, դրական է վերաբերվել նման հեռանկարին մասնակիցների 55 տոկոսը: 55 տարեկանից բարձր ֆրանսիացիները, հակառակը, ավելի հաճախ դեմ են նոր անդամներին՝ 60 տոկոսը բացասական պատասխան է տվել: Նշանակություն է ունեցել նաև հարցվածների սոցիալական կարգավիճակը: Մեծ Բրիտանիայում ղեկավարներն ու բարձր դասի մասնագետները ավելի հաճախ են սատարում նոր անդամներին, քան միջին դասի՝ 44 տոկոս 38 տոկոսի դիմաց: Իսկ չաշխատող թոշակառուներն ու բանվորներն էլ ավելի հաճախ դեմ են նոր անդամներին՝ 56 տոկոս 45-ի դիմաց: Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան հունիսի 27-ին ասոցացման մասին համաձայնագիր կնքեցին Եվրամիության հետ: Վրաստանի խորհրդարանը հուլիսի 18-ի արտահերթ նիստում վավերացրեց Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիր: Մոլդովան նույնպես վավերացրել է այն: Երեք երկրներում բարեփոխումներ են իրականացվում ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նոր կազմի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ առաջիկայում ԵՄ-ին անդամակցության հեռանկար չի տեսնում Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի համար: Յունկերն ասաց, որ դժվար է պատկերացնել, որ 5 տարում ԵՄ անդամակցության թեկնածուներից որևէ մեկը՝ Իսլանդիան, Սերբիան, Չերնոգորիան, Թուրքիան, Մակեդոնիան ու Ալբանիան կկատարեն բոլոր անհրաժեշտ պայմանները ԵՄ-ին անդամակցելու համար:

Յունկերը նաև հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը պետք է ակտիվացնի համագործակցությունը Մոլդովայի ու Ուկրաինայի հետ:

Ընդունելով ԵՄ-ին Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի 13 նոր երկրների անդամակցության հաջողությունը՝ Յունկերը միևնույն ժամանակ նշեց, որ եվրոպացիները «դեռևս պետք է մարսեն այդ պատմական իրողությունը»: Նա նշեց, որ ԵՄ-ն պետք է դադար առնի, որպեսզի հնարավոր լինի ամրապնդել այն, ինչն արդեն նվաճվել է ԵՄ-ն անդամ 28 երկրների դեպքում: Ըստ Յունկերի, կշարունակվեն բանակցությունները Արևմտյան Բալկանների երկրների հետ, որոնց դեպքում «եվրոպական հեռանկարը» պետք է պահպանվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---