Սոնա Ռուբենյանը «Նոր ալիք»-ում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիք»-ում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը Յուրմալայում կայացած երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2014» 13-րդ միջազգային մրցույթում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Երգչուհու օգտին քվեարկել է մո 19․500 հանդիսատես:

Facebook-ի իր էջում Սոնա Ռուբենյանը գրել է, դիմելով իր երկրպագուներին. «Շնորհակալ եմ, որ մինչ վերջին վայրկյանը կողքիս էիք, շնորհակալ եմ, որ չհանձնվեցիք ու ինձ պարգևեցիք այս հաղթանակը… Համոզված եմ, որ միակ մասնակիցն էի, որն իր մեջքի հետևում այսպիսի բանակ ուներ: Ինձ համար ամենակարևորը ձեր՝ աշխարհի ամենաբծախնդիր ու խիստ հանդիսատեսի դրական արձագանքներն էին…»:

Մրցութային օրերի արդյունքում Սոնան գրավել է 6-րդ տեղը՝ հավաքելով 220 միավոր:

Սոնա Ռուբենյանը ծնվել է 1993-ին Երևանում, ավարտել Չայկովսկու անվան հատուկ երաժշտական 10-ամյա դպրոցը, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի «Ջազ-դաշնամուր» բաժինը: Մասնակցել է բազմաթիվ հայկական նախագծերի, դարձել «Հայ սուպերսթար» նախագծի հաղթող: Երազում է երգել Սթինգի հետ:

Հուլիսի 27-ին ավարտված մրցույթում առաջին տեղը գրավել է Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն: Որպես դրամական պարգև նա ստացել է 50․000 եվրո: Երկրորդ տեղը գրավել է և 30․000 եվրոյի արժանացել Վիկտորիա Պետրիկն Ուկրաինայից, երրորդ տեղին և 20․000 եվրո մրցանակին արժանացել է ուկրաինացի մեկ այլ կատարող Վյաչեսլավ Ռիբիկովը:

Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, «Մուզ-ՏՎ» հեռուստաալիքը ևս իր սեփական մրցանակն է հանձնել՝ տեսահոլովակի ռոտացիայի հավաստագիր է ստացել Նոդար Ռեվիան Ռուսաստանից: Ալլա Պուգաչովան երկու հատուկ մրցանակ է հանձնել՝ «Ալլայի աստղը», յուրաքանչյուրը 20․000 եվրո արժեքով երկու մասնակցի՝ Լատվիայից Ստաս Շուրինսին և Լիտվայից Մոնիկա Լինկիտեին:

Փառատոնն ավարտվել է գալա-համերգով: Հատուկ հյուրի կարգավիճակով ելույթ է ունեցել հանրահայտ Ռիկի Մարտինը:

«Նոր ալիք» երաժշտական մրցույթը մեկնարկել էր Յուրմալայի «Ձինտարի» համերգասրահում հուլիսի 22-ին: Այս տարի մրցույթին մասնակցել է 16 երիտասարդ կատարող աշխարհի 13 երկրից՝ Հայաստանից, Գերմանիայից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու Ուկրաինայից: Մասնակիցները մրցել են երեք անվանակարգում՝ «երկրի հիթ», «համաշխարհային հիթ» և հատուկ մրցույթի համար գրված երգ:

Պարգևատրման արարողությունից մի քանի ժամ առաջ ժյուրիի նախագահ Իգոր Կռուտոյն ամփոփիչ մամուլի ասուլիսում պատմել է, որ չի ցանկանում հեռանալ Լատվիայից, բայց իր համբերությունն անվերջ չէ: Ըստ կոմպոզիտորի, նա արդեն 10 հեռախոսազանգ է ստացել ՌԴ նահանգապետներից, որոնք առաջարկում են իրենց մոտ անցկացնել «Նոր ալիք» մրցույթը, սակայն տարբերակներից ոչ մեկը դեռ չի քննարկվել, հայտնում է Delfi-ին:

«Ինչո՞ւ նման բան չկա ՈւՀԱ-ի, Comedy Club-ի, «Յուրմալինա»-ի շուրջ: Որովհետև «Նոր ալիքն» ամենանշանակալի իրադարձությունն է, ամենավառ,- մեկնաբանել է կոմպոզիտորը: - Ուրեմն, դրանք ինչ-որ ներքին խժդժություններ են: Ես ուղղակի մի անգամ կթքեմ այդ ամենի վրա ու վերջ»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---