Մեծ ծովանկարչի մասին լեգենդները. Հովհաննես Այվազովսկու 197-ամյակն է

Մեծ ծովանկարչի մասին լեգենդները. Հովհաննես Այվազովսկու 197-ամյակն է

PanARMENIAN.Net - «Ծովն իմ կյանքն է»,- խոստովանում էր Իվան Այվազովսկին՝ անգերազանց ծովանկարիչ, որի մասին գիտեն բոլորը, նույնիսկ մարդիկ, որոնք շատ հեռու են արվեստից: Վարպետ, որի կտավներում ծովը կենդանի է՝ արևով ողողված, հանդարտ, խիստ կամ ալեկոծված: «Բախտը ժպտաց ինձ»,- կյանքի ավարտին ասում էր մեծ նկարիչը: Հուլիսի 29-ին լրանում է նրա 197-ամյակը։

Հովհաննես Այվազովսկին ծնվել է Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Այվազի (Հայվազ, ապա՝ Կոստանդին Հայվազովսկի) ընտանիքում: Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես:

Այվազովսկու հարազատ Թեոդոսիայում մինչ օրս կենսունակ են լեգենդները տղայի մասին, որն ածուխի կտորով նկարներ էր անում հայկական թաղամասի տների ճերմակ պատերին:

Ինչպես պատմում է առասպելը, քաղաքապետ Ալեքսանդր Կազնաչեևը դանդաղ զբոսնելով Թեոդոսիայի հանգիստ փողոցներով, հանկարծ ապշեց զարմանքից: Տան սպիտակ պատի վրա սովորական ածուխով մի զարմանալի բնապատկեր էր նկարված՝ հին ամրոցի փլատակները, որոնք հեքիաթային պալատ էին հիշեցնում, կողքում՝ ալեկոծված ծովն էր, որի ճերմակ փրփուրի տակ երևում էին հնադարյա քարերը: Եվ ավելի շատ զարմացավ՝ տեսնելով, թե ով է այդ հրաշքի հեղինակը… Տան մոտ կանգնած 8-ամյա տղան ավարտում էր բնապատկերը, որն իր վարպետությամբ համեմատելի էր պրոֆեսիոնալ նկարչի գործի հետ:

Այվազովսկու մանկությունն անցել է աղքատության մեջ, սակայն նրա տաղանդն աննկատ չմնաց: Կազնաչեևի աջակցությամբ տաղանդավոր տղան 1831-ին ընդունվեց գիմնազիա, իսկ հետո՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որն Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով: Իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար արժանանալով պարգևների, նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպա։ Գարնանը նա վերադարձավ Թեոդոսիա, որտեղ արհեստանոց բացեց ու սկսեց աշխատել:

1840-ին ակադեմիան նրան գործուղեց արտասահման` կատարելագործվելու. նա եղավ Իտալիայում (նաև Սբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հոլանդիայում, մասնակցեց ցուցահանդեսների, արժանացավ համընդհանուր ճանաչման:

«Ձկնորսները ծովի ափին», 1852

Այս լեգենդն Այվազովսկու համաշխարհային փառքի մասին է.

Այվազովսկին էտյուդներ էր անում Իսպանիայում ծովի ափին: Սակայն, այդ ժամանակ Իսպանիայում գահի երկու հավակնորդների միջև դաժան պատերազմ էր: Տեսնելով, որ ծովի ափին նստած է նկարիչը, երկու կողմերի առաջնորդները, որոնք պատրաստ էին արյունահեղության, հետաքրքրվեցին, թե ով է նա: Իմանալով, որ Այվազովսկին է, կողմերի երկուստեք համաձայնությամբ, ճակատամարտը տեղափոխվեց այլ տեղանք, որպեսզի մեծն նկարչին չխանգարեն:

Նրա կտավները մեծ հետաքրքրություն էին առաջացնում: Այվազովսկուն ողջունում էին Իտալիայում ապրող գրող Գոգոլը, նկարիչ Իվանովը, Պետեբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Իորդանը, հայտնի անգլիացի ծովանկարիչ Ջ. Թըրները:

Բեռլինում մեծ ծովանկարչի ցուցահանդեսն էր: Հանդիսատեսը ցնցված էր նրա գեղանկարների անսովոր երանգներով: Մամուլում միանգամից ենթադրություններ հայտնվեցին, որոնք փորձում էին բացատրել այդ հրաշագեղ էֆեկետները: Ոմանք գրում էին, թե Այվազովսկու նկարներն արհեստականորեն լուսավորվում են ինչ-որ տեղ թաքնված մոմերով: Մյուս «մասնագետներն» Այվազովսկու գեղանկարչության ազդեցության ուժը բացատրում էին նրանով, թե նկարչի մայրը, իբր, խուլ ու համր է, ուստի բնությունը լսողության պակասը հատուցել է գույնի զարմանալի զգացողությամբ, որը սովորական մարդկանց անհասանելի է:

1844-ին, արտերկրում 4 տարի մնալուց հետո, Այվազովսկին վերադարձավ հայրենիք արդեն որպես ճանաչված վարպետ, Հռոմի, Փարիզի ու Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների ակադեմիկոս: Վերադարձից հետո նա դարձավ Պետերբուրգի ակադեմիայի ակադեմիկոս, նշանակվեց Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: 1845-ից մշտապես բնակվում էր Թեոդոսիայում, ստեղծում 1853–56 թթ-ի Ղրիմի պատերազմին նվիրված մարտանկարներ («Ծովամարտ»՝ 1855, «Սևաստոպոլի պաշտպանությունը»՝ 1859), պաշարված Սևաստոպոլում բացեց ցուցահանդես, նաև ոգևորում ու օգնում էր քաղաքի պաշտպաններին:

Այվազովսկին շրջագայում էր նաև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՄՆ-ում, 1868-ին ուղևորվում է Կովկաս. նա ստեղծել էր լեռնային բնանկարներ՝ «Գունիբ լեռան ամրոցը», «Դարիալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» և այլ գործեր: 1869-ին Թիֆլիսում բացեց հայ իրականության մեջ առաջին ցուցահանդեսը: 1873-ին Ֆլորենցիայի ակադեմիայի պատվերով Պիտտի պալատի պատկերասրահի համար, որպես օտարերկրյա մեծ նկարիչ, ստեղծեց իր «Ինքնանկարը»: 1890-ականներին` հայերի կոտորածների ծանր օրերին, Այվազովսկին «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» կտավներով իր ցասումն արտահայտեց ընդդեմ թուրք ջարդարարների: Նա նյութապես օժանդակում էր Ղրիմ փախած հայ գաղթականներին:

Այվազովսկին մի քանի պատկեր էր նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով էր պարգևատրել Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ականներին հայերի կոտորածներ էին, նկարիչը թուրքական շքանշանը կապեց իր շան վզին, իսկ հետո տարավ և նետեց ծովը։

Ապրելով երկարատև ստեղծագործական կյանք, Այվազովսկին դարձավ ժամանակի առավել հայտնի ռուսական նկարիչը։ Նա թողեց 6․000-ից ավելի ստեղծագործություն․ այդ գլուխգործոցներից են՝ «Իններորդ ալիք» (1850), «Սև ծովը» (1881), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885), «Ալիքների մեջ» (1898), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889) և այլ կտավները: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887), «Արարատ լեռան հովիտը» (1882), «Նոյն իջնում է Արարատից» (1889), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Խրիմյան Հայրիկն Էջմիածնի շրջակայքում» (1895.) և այլ կտավներում:

«Նոյն իջնում է Արարատից», 1889

Այվազովսկու գործերը պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Այվազովսկու գործերն աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով:

Թեոդոսիայի բնակիչներն աստվածացնում էին Այվազովսկուն: Նա ոչ միայն իր կտավներով փառաբանում էր քաղաքը, այլև մկրտում բնակիչների երեխաներին, ամուսնացնում օժիտ չունեցող աղջիկներին, ֆինանսավորում հուղարկավորությունները… Բացի այդ Այվազովսկու միջոցներով քաղաքն ունեցավ ջրագիծ ու երկաթուղի, հիանալի շատրվան: Զարմանալի չէ, որ ամեն մի առիթով քաղաքի բնակիչներն իրենց բարերարի տունը պատում էին ծաղիկներով, որոնք այդտեղ էին բերում սայլերով:

Այվազովսկու անունով է կոչվում Թեոդոսիայի փողոցներից և մոտակա բլուրներից մեկը, զբոսայգին: Երևանում և Թեոդոսիայում նրա հուշարձանները կան:

Առասպելներից մեկն էլ պատմում է, որ նկարիչ Արխիպ Կուինջին Այվազովսկու աշակերտներից էր: Իրոք, 13-ամյա պատանին 1855-ին Մարիուպոլից եկավ Թեոդոսիա, սակայն Այվազովսկու արհեստանոցում նա ոչնչով աչքի չընկավ, Կուինջին նույնիսկ ներկերը խառնել չգիտեր: Նրա ուսուցումն ավարտվեց ցանկապատը ներկելով ու վարպետի խորհրդով՝ երբեք չզբաղվել գեղանկարչությամբ:

Երբ Այվազովսկին մահացավ, Թեոդոսիան սգի մեջ էր: Փակվեցին դպրոցները, խանութները, շուկան: Հարյուրավոր մարդիկ լալիս էին: 1999-ի մայիսի 2-ին Այվազովսկուն հուղարկավորեցին զինվորական պատիվներով՝ Թեոդոսիայի հայկական Սբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղ նա մրկտվել էր ու պսակադրվել: Նրա շիրիմին գրաբարով գրված է. «Ծնվեց մահկանացու, թողեց՝ անմահ հիշատակ»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---