Կաթնամթերքի, մսամթերքի, մրգի գները 2013-ի համեմատ աճել են, բանջարեղենինը՝ նվազել

Կաթնամթերքի, մսամթերքի, մրգի գները 2013-ի համեմատ աճել են, բանջարեղենինը՝ նվազել

PanARMENIAN.Net - Ձվի հանրապետական միջին գինն այս հուլիսին՝ 2013-ի հուլիսի համեմատ նվազել է 13.8%-ով, իսկ 2014-ի հունիսի համեմատ՝ 3.8%-ով: Ազգային վիճակագրական ծառայության դիտարկած 10 քաղաքի ցուցանշի համաձայն` հունիսի համեմատ այս հուլիսին գրանցվել է ձվի 16.3-1.1% գնանկում, ևս մեկ քաղաքում՝ 3.3% գնաճ: Երևանում ձվի գինը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.7%-ով:

2013-ի հուլիսի համեմատ այս տարվա հուլիսին գրանցվել է կաթնամթերքի 6.3% գնաճ, իսկ հունիս ամսվա համեմատ` 0.6% գնանկում՝ հիմնականում պայմանավորված «Չանախ» պանրատեսակի` 2.2% գնանկմամբ: Շաքարավազի գինը նույնպես 2013-ի հուլիսի համեմատ այս տարի նույնպես նվազել է 11.5%-ով, հունիսի համեմատ՝ 0.3%-ով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2013-ի հուլիսի համեմատ այս տարի գրանցվել է 4% գնանկում, հունիսի համեմատ՝ 1․6% գնաճ: Վերջինս հիմնականում արևածաղկի բուսական յուղի 4.3% գնաճի արդյունք է, գրում է Panorama.am-ը:

Նախորդ տարվա հուլիսի համեմատ այս տարի մսամթերքի գներն աճել են 0.1%-ով, հունիսի համեմատ՝ 1%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է տավարի և խոզի մսի՝ համապատասխանաբար 1.1% և 10.9% գնաճով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է այլ մսեղենի (խաշի պարագաների) գնանկում՝ 10.2%, աղացած մսի՝ 2.5%, ոչխարի մսի՝ 1.7%:

2013-ի հուլիսի համեմատ հրուշակեղենի և այլ մթերքի ապրանքախմբերում արձանագրվել է համապատասխանաբար 5% և 4.1%, իսկ հունիսի համեմատ՝ 1% և 1.3% գնաճ:

Ոգելիցի և ծխախոտի, ձկնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, հացամթերքի, ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբերում հուլիսին՝ հունիսի համեմատ գրանցվել է 0.1-0.4% գնաճ:

Այս տարվա հուլիսին՝ հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.1% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի՝ 23.8%, ձվի՝ 3.8%, և մրգի՝ 3.5% գնանկման արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 23.8-0.3% գնանկում, իսկ 8-ում` 0.2-1.6% գնաճ:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում նախորդ տարվա հուլիսի համեմատ այս տարի արձանագրվել է 24%, հունիսի համեմատ` 23.8% գնանկում: Վերջինս մեծապես պայմանավորվել է սմբուկի` 62.6%, կանաչ պղպեղի` 51.6%, կանաչ լոբու՝ 48.6%, լոլիկի` 39.8%, կարտոֆիլի` 29.6% գնանկմամբ:

Ամռան առաջին ամսվա համեմատ հուլիսին կաղամբի գինը նվազել է 22.5%-ով, գազարինը` 20.5%-ով, գլուխ սոխինը`4.1%-ով, խառը կանաչեղենինը` 2.6%-ով, վարունգինը՝ 1.9%-ով, ճակնդեղինը`1.8%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 0.8% և կանաչ սոխի՝ 8.0% գնաճ:

ԱՎԾ-ի փոխանցմամբ` մրգի ապրանքախմբում հուլիսին` 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 5.4% գնաճ: Ադամաթզի գինը նշված ժամանակահատվածում աճել է 1.1%-ով, կիտրոնինը՝ 5.4%-ով, դեղձինը՝ 17%-ով, սեխինը՝ 18%-ով, տանձինը՝ 21.5%-ով, խնձորինը՝ 40.9%-ով, բալինը՝ 41.5%-ով, ելակինը՝ 59.9%-ով, ծիրանինը՝ մոտ 5 անգամ, իսկ նարնջի և ձմերուկի գները նվազել են համապատասխանաբար 13.1% և 6.5%-ով:

Հունիսի համեմատ հուլիսին հանրապետությունում գրանցվել է մրգի 3.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է ձմերուկի` 60.7%, դեղձի` 52.5%, ծիրանի` 26.8%, տանձի` 13.5%, ադամաթզի` 3.6% գնանկմամբ: Միաժամանակ, գրանցվել է նարնջի` 1.0%, կիտրոնի՝ 5.7%, խնձորի 10.0%, բալի՝ 13.7%, ելակի՝ մոտ 2 անգամ գնաճ:

Հուլիսին հունիսի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 16.3%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---