The Huffington Post. Իր զինվորների մահվանը հանգիստ հետևող Ալիևին կանգնեցնել է պետք

The Huffington Post. Իր զինվորների մահվանը հանգիստ հետևող Ալիևին կանգնեցնել է պետք

PanARMENIAN.Net - Մինչ Սիրիան այրվում է, Գազան պայթյունների կիզակետում է, իսկ «Ալ Քայիդան» հերթական քաղաքն է գրավում Իրաքում, մեկ այլ լայնածավալ հակամարտություն սպառնում է էլ ավելի ապակայունացնել Մերձավոր Արևելքը՝ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ամիսներ շարունակ աշխարհի վատագույն բռնակալներից մեկը՝ Իլհամ Ալիևը անդադար գնդակոծում էր Լեռնային Ղարաբաղի ԶՈւ դիրքերը, ասվում է The Huffington Post-ում հրապարակված Քրիսթոֆեր Ադամյանի հոդվածում:

Ինչպես ասվում է հրապարակման մեջ, Ալիևների կլանը վերջին 20 տարիներին կառավարում է Ադրբեջանն այնպես, կարծես երկիրը նրանց անձնական հաշվեհամարին է: Հայաստանի ղեկավարներն էլ այդ տարիներին իդեալական չեն եղել, սակայն նրանց հաջողվել է խուսափել բարոյալքված բռնակալության այն տիպից, որը Ալիևների կլանը հաստատել է Ադրբեջանում: Երևի հարկ չկա հիշատակելու, որ Ալիևները մի քանի անգամ միլիարդատեր են դարձել այն ժամանակ, երբ ժողովրդին շատ սահմանափակ եկամուտ էր հասնում նավթի առևտրի բուռն զարգացումից:

«Ալիևը շարունակում էր ստել սեփական ժողովրդին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ հակամարտությունը շարունակելու մասին: Նա պնդում է, որ հենց հայերն են ագրեսորներ, իսկ ադրբեջանցիները, լինելով Արցախի պատմական բնակիչներն, ուղղակի պաշտպանում են իրենց հողը: Իրականում ճշմարտությունը ճիշտ հակառակն է: 1994 թ. Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո Ադրբեջանը բազմիցս է այն խախտել: Վերջերս ադրբեջանցիների հարձակումների հետևանքով 5 հայ զոհվեց, պատասխան կրակից 23 ադրբեջանցի մահացավ: Ալիևը, որը ստում էր, թե հաղթում է Հայաստանին ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով, և կարող է հաղթել նաև պատերազմում, շարունակում է սառնասրտորեն հետևել սեփական զինվորների մահվանը, որոնց թիվը գերազանցում է նույնիսկ վիրավոր հայ զինվորների քանակը: Կարծես սեփական ժողովուրդն իր համար ճանճի պես մի բան է, որ կարող է «օգտագործել» հողերը վերադարձնելու հերթական ապարդյուն փորձերի դիմելով, հողերի, որոնց օրինական իրավունքն Ադրբեջանը չունի:

Ռուսաստանը, զինելով թե Հայաստանին, թե Ադրբեջանին, կարող էր լինել վերջին բախումների կենտրոնում: Պուտինը, հավանաբար, փորձում էր մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել, միաժամանակ սպառնալով Արևմուտքին նոր տարածաշրջանային հակամարտությամբ և համոզելով հայերին, որ նրանց անհրաժեշտ է ՌԴ պաշտպանությունը: Ռուսաստանը երբեք իրական բարեկամ չի եղել Հայաստանի, առավել ևս Ադրբեջանի համար. եթե Պուտինը ընտրություն ունենար, նա կրկին այդ երկու երկրները կդարձներ Ռուսաստանի գաղութը:

Ադրբեջանցիները պետք է հասկանան, որ Ալիևը ոչ միայն արատավոր բռնակալ է, այլ նաև այն, որ նրա քաղաքականությունը կհանգեցնի ռեժիմի ու երկրի կործանման: Հայերն ու ադրբեջանցիները մեկ ընդհանուր առավելություն ունեն՝ ի տարբերություն իսրայելցիների ու պաղեստինցիների, որոնք սահմանակից տարածքների «կտորտանքների ծածկոցի» վրա են ապրում, Հայաստանն ու Ադրբեջանը հստակ սահմաններ ունեն:

Նախիջևանը, այդ ոչ մեծ հողակտորը, որն ադրբեջանցիները հայաթափեցին, բացառություն է կազմում՝ այն գտնվում է Հայաստանի տարածքից դեպի հարավ-արևմուտք և սահմանակից է Իրանին ու Թուրքիային: (Հայաստան ասելով հասկանում ենք Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորումը, վերջ դնելով քաղաքական այն միֆին, թե իբր դե ֆակտո այդ երկու երկրները չեն կարող միավորվել)»,-ասվում է հոդվածում:

Հոդվածում ասվում է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Հայաստանի դեմ և երկրի շրջափակումը: Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունները պետք է սկսեն մշակութային ու կրթական փոխանակում: Ալիևն ու նրա կողմնակիցները պետք է կասեցնեն հայատյաց քարոզչությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում՝ այդպես նրանք խաբում են մի քանի օտարերկրացու, բայց լվանում են սեփական ժողովրդի ուղեղները:

«Այլ կերպ ասած, պետք է իրական խաղաղ գործընթաց սկսել: ԱՄՆ-ն ու ՌԴ-ն, կամ ԵԱՀԿ ՄԽ-ն, պետք է ակտիվացնեն ջանքերը այդ ուղղությամբ քանի դեռ ուշ չէ: Պետք է վերջ տալ պատմական ու տարածքային մեղադրանքներին: Դրանք իմաստ չունեն: Եվ Հայաստանը, և Ադրբեջանը բավարար տարածք ունեն կյանքի ու բարգավաճման համար: Իսկ առանց փոխգործակցության ոչ մի երկիր չի կարող իր իսկական ներուժն ի հայտ բերել:

Եթե Ալիևին պաշտոնանկ անեն կամ ադրբեջանցիները վերջապես հասկանան իրականությունը, ապա Հայաստանն ու Ադրբեջանը, ընդհանուր հարևան Վրաստանի հետ, կկարողանան տնտեսական միջանցք բացել, որը օրինակ կարող է ծառայել ողջ աշխարհի համար: Այլընտրանքը պատերազմն է ու հավելյալ մահերը՝ դա լավագույն ընտրությունը չէ: Զգուշավոր լավատեսությունը հնարավոր է, քանի որ նախագահներ Սարգսյանն ու Ալիևը հանդիպեցին Պուտինի հետ օգոստոսի 10-ին և պայմանավորվեցին, որ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով»,-ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---