The Washington Post. Ալիևը հարգանքի է ծարավ, բայց արժանի է միայն դատապարտման

The Washington Post. Ալիևը հարգանքի է ծարավ, բայց արժանի է միայն դատապարտման

PanARMENIAN.Net - Երբ ցանկացած այլախոհություն մերժող բռնակալը սկսում է շուրջը լրտեսների ու դավաճանների տեսնել, ժամանակն է զգուշանալ: Հենց այդպիսի իրավիաճկ է հիմա Ադրբեջանում, գրում է ամերիկյան The Washington Post-ը: Իլհամ Ալիևի ռեժիմը ձերբակալել է երկրի ամենահայտնի իրավապաշտպաններից մեկին՝ Լեյլա Յունուսին, ինչպես նաև նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին:

Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:

Տարիներ շարունակ Յունուսը խոսել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին: Եվս մեկ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը վերջերս նույնպես ձերբակալվեց: Վերջին մի քանի ամսում տասնյակ մարդիկ ձերբակալվեցին քաղաքական պատճառներով: Բռնակալ Իլհամ Ալիևը հետապնդումներ է սկսել, սահմանափակելով քաղաքացիական ակտիվիստների գործունեությունն ու խստացնելով օրենսդրությունը, գրում է պարբերականը:

«Պարոն Ալիևը, հավանաբար, կարծում է, որ շատ խելացի է հիմա քննադատներին ճնշելը, երբ ճգնաժամն Ուկրաինայում միջազգային հանրության ուշադրություն կենտրոնում է: Սակայն հիմա խորհրդային տարիները չեն, այլևս անհնար է թաքցնել ոչ քաղաքակիրթ գործողությունները: Ձերբակալությունները իրավապաշտպանների ու այլ ոչ կառավարական կազմակերպությունների զանգվածային բողոքների պատճառ դարձան: Լեյլա Յունուսը բաց նամակ է գրել բանտից՝ դիմելով «ռեժիմի բորենիներին» ու հայտարարելով. «Դուք չկարողացաք դիմանալ մեր խոսքերին: Դուք պատասխանեցիք բռնությամբ»,-գրում է The Washington Post-ը:

Շեշտվում է, որ անհնար է հասկանալ, թե ինչպես Ալիևը կարողացավ նման հալածանքներ կազմակերպել, ստանձնելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը, որը առաջատար կազմակերպություն է համարվում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ակնհայտորեն Ալիևը ծարավ է միջազգային հարգանքի, սակայն նրա գործողությունները միայն դատապարտման են արժանի:

«Լեյլա և Արիֆ Յունուսները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Հակառակ դեպքում Եվրոպայի խորհուրդը պետք է իրեն հարց տա՝ որքան կարելի է հանդուրժել մի երկրի նախագահությունը, որը չի հարգում մարդու հիմնարար իրավունքներն ու օրենքի գերակայությունը»,-ասվում է հրապարակման մեջ:

Մինչդեռ, Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Լեյլա Յունուսին և Ինթիգամ Ալիևին, ասվում է կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Իրավապաշտպան Ալիևը ձերբակալվել է շինծու մեղադրանքներով և նրան հետապնդում են իրավապաշտպան գործունեության համար: Ալիևը իրավական օգնություն էր ցուցաբերում այն անձանց, որոնք քաղաքական դրդապատճառներով հետապնդումների զոհ են դարձել: Նա նաև փորձագետների ու իրավապաշտպանների խմբի անդամ էր, որոնք կազմում էին քաղբանտարկյալների ու նրանց հետո համագործակցող միջազգային կազմակերպությունների ցուցակները՝ նրանց ազատ արաձակելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ Ալիևին հետապնդում են իրավապաշտպան գործունեության համար, նրան համարում է «խղճի կալանավոր» և կոչ անում անհապաղ ազատ արձակել:

Հայտարարության մեջ նաև մտահոգություն է հայտնվում Լեյլա և Արիֆ Յունուսների առողջական վիճակի վերաբերյալ: «Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալ ու դեղորայք փոխանցել Լեյլա Յունուսին, որը տառապում է շաքարախտով և երիկամային անբավարարությամբ: Յունուսը ուժեղ ցավեր ունի և թուլություն, սակայն մեկուսարանից նրան չեն տեղափոխում հիվանդանոց: Միևոնուն ժամանակ, ամուսինների ընկերներին թույլ չեն տալիս նրանց սնունդով և դեղորայքով ծանրոցներ փոխանցել: Կազմակերպությունը գտնում է, որ Յունուսներին հետապնդում են կառավարությանը քննադատելու համար և պահանջում են անհապաղ ազատ արձակել նրանց»,-ասվում է հայտարարության մեջ:

Օգոստոսի 12-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը մտահոգություն հայտնեց Ադրբեջանում իրավապաշտպանների վիճակով: Նրա հայտարարությունը հրապարակվեց ԵԽ կայքում: «Առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ և խորը մտահոգություն հայտնել վերջին օրերին հայտնի իրավապաշտպանների ձերբակալության վերաբերյալ: Մենք պայմանավորվել ենք վերսկսել աշխատանքային խմբի գործունեությունը, որը բաղկացած է նախագահի աշխատակազմի ու քաղաքացիական հանրության ներկայացուցիչներից: Այն հիմնվել էր 2003-ին և գործել է մինչև 2008 թվականը: Աշխատանքային խմբի գործունեությունը կվերսկսվի ԵԽ ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասել է Յագլանդը:

Մինչդեռ Open Democracy կայքում հոդված հրապարակվեց այն մասին, որ ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանները հետապնդումների են ենթարկվում, սակայն «խավիարային քաղաքականության» շնորհիվ, դա ներվում է իշխանություններին: Հոդվածի հեղինակներն են իրավապաշտպաններ Դոմինիկա Բիչավսկա-Սինյարսկան և Ադամ Բոդնարը:

Ըստ հեղինակների, քանի որ Ադրբեջանը հարուստ է նավթով ու գազով, որոշ եվրոպական երկրների համար այն այլընտրանք է ռուսական առաքումներին: Ադրբեջանը նաև դիմում է «խավիարային դիվանագիտությանն», օգտագործելով բոլոր միջոցներն արևմտյան գործընկերներին հաճոյանալու համար ու միջազգային իմիջի բարելավման նպատակով ներդրումներ անելով:

Ալիևն օգտվում է այն հանգամանքից, որ աշխարհի ուշադրությունը գամված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին ու արաբա-իսրայելյան հակամարտությանը: «Ձերբակալելով ակտիվիստներին ու արգելելով նրանց հեռանալ երկրից, նա ջանում է կասեցնել եվրոպական հանրության իրազեկումը քաղբանտարկյալների խնդրին, մարդու իրավունքների խախտումներին ու կոռուպցիային»,-ասվում է հոդվածում:

Իրավապաշտպանները նշում են, որ իրենք կոչ չեն անում ԵՄ-ին տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Սակայն, ըստ նրանց, Եվրոպայի պարտքն է պաշտպանել երիտասարդ ադրբեջանցի ակտիվիստներին, որոնք տոգորված են ազատության, հանդուրժողականության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների գաղափարներով: «Լռությունը դավաճանություն է մեր ժողովրդավարական արժեքներին»,-ասում են հոդվածի հեղինակները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---