Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. Քննությունը կպարզի խաղաղ բնակչի գերեվարվելու հանգամանքները

Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել.  Քննությունը կպարզի խաղաղ բնակչի գերեվարվելու հանգամանքները

PanARMENIAN.Net - Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ միջոցներ են ձեռնարկվում բռնարարքի հեղինակների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

«2014 թվականի օգոստոսի 7-ին՝ Չինարի գյուղի բնակիչ Արտուշ Պետրոսյանից հաղորդում է ստացվել՝ որդու՝ Կարեն Պետրոսյանի անհետ կորելու վերաբերյալ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Կ. Պետրոսյանը նույն օրը՝ առավոտյան ժամը 09-ի սահմաններում, գնացել է Չինարի գյուղին հարակից «Բարսեղի յալ» կոչվող հանդամաս՝ վառելափայտ բերելու և չի վերադարձել. նա գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որից մեկ օր անց՝ օգոստոսի 8-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն տեղեկատվություն է տրամադրել Կ. Պետրոսյանի՝ գերության մեջ գտնվելու ընթացքում մահանալու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում քննության առարկա են դարձել հայ գյուղացու գերեվարման վերաբերյալ համացանցում հայտնված տեսագրությունները, որոնցում առկա են նրա նկատմամբ բռնության գործադրման փաստեր։

Քննություն է կատարվում՝ պարզելու ՀՀ խաղաղ բնակչի գերեվարվելու հանգամանքները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում՝ նրա՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը։ Միջոցներ են ձեռնարկվում բռնարարքի հեղինակների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, այսօր՝ օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Երեկոյան Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը երեկ հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Օգոստոսի 14-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Կարեն Պետրոսյանի մահվան հարցով դիմում է պատրաստել՝ ներկայացնելու միջազգային համապատասխան մարմիններին, կդիմեն նաև Եվրադատարան:

Բանակցություններ են ընթանում Կարեն Պետրոսյանի դին հայկական կողմին հանձնելու ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը ձգձգում է, որպեսզի հնարավոր չլինի պարզել, թե ինչի հետևանքով է մահացել Կարենը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---