Թբիլիսին պատրաստ է հարաբերություններ հաստատել Աբխազիայի հետ. «Մենք լավ գիտենք խաղաղության արժեքը»

Թբիլիսին պատրաստ է հարաբերություններ հաստատել Աբխազիայի հետ. «Մենք լավ գիտենք խաղաղության արժեքը»

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են հարաբերություններ սկսել աբխազների հետ նոր էջից, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Զինված հակամարտությունն Աբխազիայում սկսվեց 1992 թ. օգոստոսի 14-ին: Պատերազմը տևեց 13 ամիս և 13 օր, տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր հազարավորները փախստական դարձան, Աբխազիան դուրս եկավ Թբիլիսիի վերահսկողությունից:

«Այսօր մենք պատրաստ ենք հաշտեցման, պատրաստ ենք նոր էջից հարաբերություններ սկսել մեր աբխազ եղբայրների հետ: Մենք լավ գիտենք խաղաղության արժեքը, գիտենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Ես վստահ եմ, որ հենց հաշտեցման, մեր եղբայրական հարաբերությունների, խախտված կապերի վերականգնման ու խաղաղ բանակցությունների ուղին ի վերջո միավորման կբերի մեր երկրները»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:

Ըստ նրա, 1992 թ. օգոստոսի 14-ը Վրաստանի նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկն էր: «Այդ օրն առաջին հերթին հիշեցնում է պատերազմի ավերիչ, մահացու ու ոչնչացնող ուժի մասին…Այդ պատերազմը ծանր վնաս հասցրեց մեր երկրին, Վրաստանի պետականությանը…Մենք միշտ կհիշենք այդ պատերազմը, որը բաժանեց վրացիներին ու աբխազներին»,-ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի ու Աբխազիայի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է, այդ թվում նաև Հայաստանի համար:

Ավելի վաղ Աբխազիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր Բեսլան Գուբազը հայտարարել էր, որ տեղին չի համարում աբխազական երկաթուղու վերսկսման հարցի քննարկումը, որը միացնում է Հայաստանը Ռուսաստանի հետ, քանի դեռ պաշտոնական Երևանը չի ճանաչել Աբխազիայի պետական ինքնիշխանությունը:

Աբխազիայի հայ հանրության ներկայացուցիչները հուլիսի 8-ին հանդես են եկել աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ լայն հանրային քննարկում նախաձեռնելու առաջարկով, ինչը տնտեսապես շահավետ է Աբխազիայի համար: Փաստաթուղթը ստորագրել են խորհրդարանի փոխխոսնակ, Աբխազիայի Հերոս Վաղարշակ Քոսյանը, ինչպես նաև երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, Աբխազիայի Հերոս Գալուստ Տրապիզոնյանը, Լեոնի շքանշանակիր Կարապետ Ղարագյոզյանը և չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Վալերի Մայրումյանը:

«Լինելով ամենակարճ ու էժան ճանապարհը հայկական ապրանքների արտահանման համար, երկաթուղու վերաբացումը թույլ կատ նաև Ռուսաստանին կայուն տրանսպորտային միջանցք ունենալ Կովկասի, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների հետ:

Տնտեսական տեսակետից բյուջեն զգալի եկամուտ կստանա: 10 մլն տոննա բեռնվածության դեպքում, Աբխազիան, որպես տարանցիկ երկիր, կարող է տարեկան մոտ 6 մլրդ ռուբլի աշխատել: Իսկ Աբխազիայի մասնակցությունն անդրկովկասյան տրանսպորտային միջանցքին կնպաստի Աբխազիայի հետագա ներգրավմանը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին»:

Աբխազիայի խորհրդարանականները դժկամությամբ են ընդունել այդ կոչը և սադրիչ են համարում այդ առաջարկը նախընտրական շրջանում: Օգոստոսի 24-ին Աբխազիայում կայանալու են նախագահի արտահերթ ընտրություններ: Պատգամավորներին վրդովեցրել է հետևյալ ձևակերպումը՝ «երկաթուղու աբխազա-վրացական հատվածը», ասվում էր հայտարարության մեջ:

Բեսլան Գուբազը կարծում է, որ մի իրավիճակում, երբ Վրաստանը շարունակում է Աբխազիան իր երկրի մի մասը համարել, երկաթուղային հաղորդակցության վերագործարկման դեպքում հայկական ու ռուսական կողմերը իրավական կարգի մի շարք խնդիրներ կունենան:

Նա նշել է, որ բեռների տարանցման համար վարձ կպահանջի ինչպես Սուխումը, այնպես էլ Թբիլիսին, ինչը բացասաբար կազդի այս նախագծի տնտեսական բաղադրիչի վրա:

Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա ըստ Գուբազի, այդ հարցը հնարավոր կլինի քննարկել, միայն եթե Հայաստանը ճանաչի Աբխազիայի անկախությունը:

2013-ի սեպտեմբերի 2-ին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնեց, որ սեղմ ժամկետում կլուծվի աբխազական երկաթուղու վերաբացման հարցը: «Մենք ունենք նման ցանկություն և պատրաստ ենք լուծելու այդ հարցը»,-ասել էր նա:

ԽՍՀՄ շրջանում աբխազական երկաթուղով տեղափոխվում էր 24 զույգ բեռնատար գնացք և 14 զույգ ուղևորատար: Երկաթուղային հաղորդակցությունն ընդհատվեց 1990-ականներին: Պատճառը Ինգուրի գետը կապող երկաթուղային կամուրջի պայթեցումն էր 1992-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---