ԱՄՆ-ն հրաժարվել է ռազմատեխնիկա վաճառել Ադրբեջանին. Առաջինը Գերմանիան էր

ԱՄՆ-ն հրաժարվել է ռազմատեխնիկա վաճառել Ադրբեջանին. Առաջինը Գերմանիան էր

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մերժել է Ադրբեջանի հայցը Cougar և HMMWV ամենագնացների գնման վերաբերյալ՝ դրանք դուրս են բերվել Աֆղանստանից։ Այս մասին հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը ռազմական աղբյուրների վրա հղումով: Թեև ակնկալվում էր, որ այդ ամենագնաց տրանսպորտային միջոցները կհամալրեն Աֆղանստանում Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների բրիգադի գույքը, սակայն ԱՄՆ-ն հրաժարվեց վաճառել մեքենաներն Ադրբեջանին։ Ամերիկյան կողմը մերժումը հիմնավորեց այն հանգամանքով, որ Վաշինգտոնը ղարաբաղյան հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու էմբարգո է սահմանել:

Ադրբեջանական կայքը նշում է, որ մեկ տարի առաջ հայտարարվել էր, թե Աֆղանստանից դուրս բերված խաղաղապահ զորքերին պատկանող ռազմական տեխնիկայի մեծ մասն աճուրդի է հանվելու, իսկ նախապատվությունը տրվելու է այն երկրներին, որոնք առավել ակտիվ են մասնակցել խաղաղապահ առաքելությանը:

Մերժելով զենքի վաճառքը հակամարտող գոտիների երկրներին՝ ԱՄՆ-ն չի մերժել Վրաստանի հայցը՝ վերջին տարիներին անվարձահատույց տրամադրելով 10 միավոր Cougar մակնիշի թեթև զրահամեքենաներ և ավելի քան 100 միավոր HMMWV ամենագնացներ:

Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունը զեկույց ներկայացրեց, որի համաձայն 2013 թվականին Գերմանիան գրեթե մեկ քառորդով ավելացրել է զենքի արտահանումը: Մասնավորապես, արտահանումը ավելացել է Սաուդյան Արաբիայի ու Քաթարի հետ առևտրի հաշվին և ընդհանուր առմամբ կազմել է 5,8 մլրդ եվրո:

Փաստաթղթում ասվում է, որ 2013-ին ընդհանուր առմամբ մերժվել է ԳԴՀ-ից զենքի արտահանման 71 հայտ: Մերժված հայտերի ըդհանուր գումարը կազմել է 10,04 մլն եվրո: Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Ղազախստանն ու Ուկրաինան այն երկրների թվում են, ուր չի թույլատրվել զենք արտահանել:

Այնուամենայնիվ, զեկույցի հավելվածից պարզ է դառնում, որ առաքումներ Ուկրաինա կատարվել են, հիմնականում սպորտային ու որսորդական զենքի տեսքով: Արդբեջանի ու Իրանի համար զենքի առաքման էմբարգո է գործում: Այդ ցուցակում են նաև Չինաստանը, Իրաքը, Լիբանանը, Լիբիան, Սուդանը, Սիրիան, Բելառուսը:

Մարտին Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտը զեկույց հրապարակեց, ըստ որի Ադրբեջանը Եվրոպայում հիմնական սպառազինության տեսակների երկրորդ խոշոր ներկրողն է Մեծ Բրիտանիայից հետո: Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ներկրման 12 տոկոսը, Ադրբեջանը երկրորդ տեղում է նույնպես 12 տոկոսով, իսկ երրորդը Հունաստանն է 11 տոկոսով:

Ընդ որում 2009-2013 թթ. 2004-2008 թթ համեմատ, սպառազինության ներկրումն Ադրբեջան ավելացել է 378 տոկոսով: Ըստ զեկույցի, վերջին 5 տարում Ադրբեջան ներկրվող զենքի 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Ադրբեջանի մյուս մատակարարների թվում են Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելն ու Թուրքիան:

Պարբերաբար Ադրբեջանը նոր զենք ու զինամթերք է գնում, սակայն բանակները չեն գնահատվում միայն սպառազինության քանակով, մայիսի վերջում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով զենքի առաքումներն ադրբեջանական կողմին: «Այդ զենքը դեռ յուրացնել է հարկավոր, պատշաճ կերպով պահել ու շահագործել է պետք, այսինքն պետք է լինեն մարդիկ, որոնք կարող են դա անել պատշաճ կերպով: Այդ տեսակետից պաշտպանության նախարարությունն ու ԼՂՀ Պաշտպանության բանակը պահպանում են ուժերի հավասարակշռությունը առանց երրորդ ուժի միջամտության: Դա ապահովվում է շնորհիվ զինծառայողների որակական պատրաստվածության ու մարտական ոգու»,-ասել է նա: Օհանյանը տեղեկացրել է, որ բանակի ծախսերի 75 տոկոսը պահպանման ծախսերն են կազմում, մնացածը՝ կապիտալ ներդրումներ են, որոնք թույլ են տալիս պահպանել սպառազինության անհրաժեշտ մարտական պատրաստությունն ու նոր զենք ձեռք բերել:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Photo: Fouzi.com
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---