ԱՄՆ կործանիչները Ուկրաինայի սահմաններին են մոտեցնում, իսկ Կիևը ռազմական օգնություն է խնդրում Արևմուտքից

ԱՄՆ կործանիչները Ուկրաինայի սահմաններին են մոտեցնում, իսկ Կիևը ռազմական օգնություն է խնդրում Արևմուտքից

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն F-15 12 կործանիչ է տեղափոխել Բուլղարիա և 180 զինծառայող ՌՕՈւ 496 էսկադրիլիայից, որը տեղակայված է Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտնում է ԱՄՆ ռազմական ուղղվածության Stars and Stripes պարբերականը՝ Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենի վրա հղումով:

Կործանիչները տեղափոխվել են Բուլղարիա բուլղարացի զինվորականների հետ օգոստոսի 18-ից սեպտեմբերի 1-ը կայանալիք 2-շաբաթյա զորավարժություններին մասնակցելու համար: Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ զորավարժություններն անցկացվում են տարածաշրջանային անվտանգության բարձրացման նպատակով՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը:

Մինչդեռ, ըստ Forbes-ի, ԵԱՀԿ աշխատակիցները Ռոստովի մարզում Ռուսաստանից դեպի Ուկրաինա շարժվող որևէ ռազմական տեխնիկա չեն գրանցել, հայտնել է տարածաշրջանում առաքելության ղեկավար Փոլ Պիկարը: «Ռազմատեխնիկայի տեղաշարժ չի եղել»,-ասել է նա:

Պիկարը հաստատել է, որ ԵԱՀԿ դիտորդները բազմիցս են տեսել ռազմական ուղղաթիռներ «Գուկովո» և «Դոնեցկ» անցակետերի մոտ: Սակայն ուկրաինական սահմանը ռուսական ուղղաթիռները չեն հատել, ասել է առաքելության ղեկավարը:

Նա պատմել է, որ ԵԱՀԿ աշխատակիցները հաճախ երկու անցակետերում մարդկանց են տեսնում զինվորական հագուստով, որոնք երկու ուղղությամբ են շարժվում անհատապես կամ խմբերով, ինչպես նաև մինչև 12 մարդ քանակությամբ: «Երբեմն ուսապարկերով, երբեմն քաղաքացիական մեքենաներով, զենք մենք նրանց մոտ երբեք չենք տեսել»,-ասել է Պիկարը:

Ըստ առաքելության ղեկավարի, «Գուկովո» անցակետի բացման հետ շարժը սահմանով զգալիորեն աճել է, ընդ որում այդ կետում սահմանը հատողներն ավելի շատ են, քան «Դոնեցկով»: ԵԱՀԿ հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջին օրերին սահմանի 2 000-3 000 հատում է գրանցվել:

Օգոստոսի լույս 14-ի գիշերը բրիտանական The Guardian թերթի կայքում հաղորդագրություն հայտնվեց, որ թերթի թղթակիցները տեսել են, թե ինչպես է 23 զրահամեքենաներից, ու այլ տրանսպորտային միջոցներից բաղկացած շարասյունը ՌԴ ԶՈւ համարանիշերով հատում սահմանը Ռոստովի մարզի շրջանում և մտնում է Ուկրաինայի տարածք: Օգոստոսի 15-ին ՌԴ ԴՍԾ Ռոստովի մարզի գծով սահմանապահ վարչության ներկայացուցիչ Նիկոլայ Սինիցինը հերքեց այդ տեղեկատվությունը:

Այնուամենայնիվ, Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համմոնդը մտահոգություն է հայտնել ռուսական զրահամեքենաների հնարավոր ռեյդի առնչությամբ: Իսկ Լոնդոնում ՌԴ դեսպան Յակովենկոյին կանչել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պարզաբանումների համար:

Նույն օրն Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հեռախոսազրույցով հավաստիացրեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, որ ուկրաինական հրետանին ոչնչացրել է ռուսական ռազմական տեխնիկայի մի մասը, որը հատել է Ուկրաինայի սահմանը: Ուկրաինայի նախագահի կայքում հաղորդագրություն հայտնվեց, որ միջազգային լրագրողները, մասնավորապես The Guardian-ը, «հստակ գրանցել են» ռուսական ռազմատեխնիկայի մուտքն Ուկրաինայի տարածք: «Նախագահը հայտնեց, որ այդ տեղեկատվությունը հավաստի է և հաստատված, քանի որ այդ տեխնիկայի զգալի մասը գիշերը ոչնչացվել է ուկրաինական հրետանու կողմից»,-հայտնեց Պորոշենկոյի մամուլի ծառայությունը:

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերքեց Կիևի հավաստիացումներն ուկրաինացիների կողմից իբր ոչնչացված ռուսական շարասյան մասին: «Ոչ մի ռուսական շարասյուն, որն իբր հատել է Ուկրաինայի սահմանը, չի եղել ոչ գիշերը, ոչ ցերեկը»,-հայտարարել է գեներալ-մայորը:

Մինչդեռ, Ուկրաինայի էներգետիկայի ու ածխարդյունաբերության նախարարությունը հնարավոր է համարում Ուկրաինայի տարածքով Եվրոպա «Գազպրոմի» առաքած գազի մատակարարման ընդհատումը: Այդ մասին հայտարարել է նախարար Յուրի Պրոդանը: «Մենք ստացանք «Գազպրոմից» տարանցման ակտը հուլիսի համար, որտեղ գազի 0,03 տոկոս դիսբալանսը մեկնաբանվում է որպես գազի չարտոնված օգտագործում»,-ասել է Պրոդանը: Պաշտոնյան ասում է, որ Մոսկվան ցանկացած պահի կարող է որոշել դադարեցնել գազի առաքումը ինչպես 2009-ին, հիմնավորելով դա ուկրաինական կողմի գողությամբ, հայտնում է dialog.ua-ն:

Իր հերթին Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը Արևմուտքից ռազմական օգնություն է խնդրել: «Մենք գտնում ենք, որ ժամանակն է, որպեսզի Ուկրաինային ոչ միայն բարոյական, այլ նաև ռազմական օգնություն ցուցաբերվի»,-ասել է Տուրչինովը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ հանդիպումից հետո: Ուկրաինայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ իրավիճակն արևելքում «մարտահրավեր է ոչ միայն Ուկրաինային» և հորդորել է միավորվել կրակը դադարեցնելու համար:

Նախօրեին Տուրչինովը, որը Լիտվա էր ժամանել հյուսիսային ու Բալթիայի երկրների խոսնակների հանդիպմանը, խնդրել է Արևմուտքին մարտական ինքնաթիռներ ու ՀՕՊ համակարգեր մատակարարել: Ըստ նրա, Կիևին իրական օգնություն է հարկավոր, այդ թվում ռազմական, հայտնում է Միր24-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---