Ադրբեջանում հերթական իրավապաշտպանն է հայտնվել ճաղերի հետևում

Ադրբեջանում հերթական իրավապաշտպանն է հայտնվել ճաղերի հետևում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ևս մեկ իրավապաշտպան է ձերբակալվել: Ինչպես գրում է haqqin.az-ը, Լյանքյարանի ծանր հանցագործությունների դատարանում օգոստոսի 21-ին սկսվել է «Աջակցություն ժողովրդավարությանը» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Էմիլ Մամեդովի գործի քննությունը:

Մամեդովը ձերբակալվել էր մայիսի 13-ին՝ շորթում կատարելու մեղադրանքով: Ինքը՝ Մամեդովը, հերքում է մեղադրանքը՝ համարելով, որ այն քաղաքական դրդապատճառներ ունի: Դատական նիստում Մամեդովը հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ ձերբակալվել է սուտ ու վարկաբեկիչ հիմքերով:

Լինելով հասարակական կազմակերպության ղեկավար՝ նա զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ և տեղեկություններ է տարածել համայնքում կատարվող խախտումների և բյուջեի միջոցների յուրացումների վերաբերյալ: Մամեդովն ասել է, որ երբեք ոչ մի գումար չի վերցրել տուժողներից: Բոլոր նրանք տեղի պաշտոնյաներ են և համայնքի ղեկավարության թելադրանքով են ցուցմունքներ տվել իր դեմ:

Հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 5-ին: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են Է.Մամեդովի կալանավորումը և նրան հայտարարել են քաղաքական բանտարկյալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի կառավարությունը, որտեղ արդեն երկար ժամանակ ցավալի իրավիճակ է մարդու իրավունքների ոլորտում, անզիջում պայքար էր սկսել կառավարության քննադատների ու անկախ խմբերի դեմ 2013 թ. նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, և մինչ օրս այդ ճնշումը միայն ուժգնանում է: Վերջին երկու տարում իշխանությունները ձերբակալել ու կալանավորել են առնվազն 40 լրագրողի, քաղաքացիական ակտիվիստի ու իրավապաշտպանի տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա, այդ թվում հարկերից խուսափելու, թմրանյութերի ապօրինի շրջանառության, նույնիսկ պետական դավաճանության մասով:

Ադրբեջանում եկամուտների թափանցիկության ոլորտում աշխատող ակախ խմբերը բախվել են սահմանափակումների, որոնք խոչընդոտում են նրանց աշխատանքը: Վերջին ամիսներին նրանց վիճակը կտրուկ վատացել է, քանի որ կառավարությունը սառեցրել է նրանց բանկային հաշիվները և չի գրանցում նրանց դրամաշնորհները: Ճնշումներն ու սահմանափակումները ստիպել են կոալիցիայի անդամներից շատերին կասեցնել գործունեությունը: Այդ խմբերի ֆինանսավորման արգելակումը կառավարության լայն ջանքերի մասն է միայն, որը նպատակ ունի ճնշելու անկախ խմբերի գործունեությունը:

Կառավարությունը սաեռցրել է բազում ՈԿԿ-ների բանկային հաշիվները և թույլ չի տալիս նրանց նոր դրամաշնորհներ ստանալ օտարերկրյա դոնոր կազմակերպություններից: Օգտագործվում են օրենսդրական սահմանափակումներ, որ ընդունվել են այս տարվա փետրվարին: Իշխանությունները նաև սկսել են քաղաքական ենթատեքստ հաղորդել իբր տեղ գտած հարկերից խուսափելու վերաբերյալ հետաքննություններին: Այդ ամենը վերաբերում է մոտ 20 ՈԿԿ-ի: «Տարիներ շարունակ ԱՈԹՆ ղեկավարությունը չկարողացավ պաշտպանել քաղաքացիական մասնակցության սկզբունքն Ադրբեջանի կառավարությունում: Երկրում անողոքաբար հետապնդում և բանտ էին նետում իրավաբանների, լրագրողների ու այլ քննադատների՝ գնալով խստացնելով օրենսդրությունը: Այժմ, երբ բոլորն են հայտնվել կացնի հարվածների տակ, ակնհայտ է, որ չի կարելի անտեսել մարդու իրավունքների խախտումը»,-նշել է Միսոլը:

Ըստ Contact.az-ի, ԱՈԹՆ տուժած ակտիվիստների թվում են՝ ԱՈԹՆ Վարչության անդամ ու ազգային համակարգող Գուբադ Իբադօղլուն, Մարդու իրավունքների ու ժողովրդավարական նորմերի ինստիտուտը (Էլչին Աբդուլլաև), Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեն (Միրվարի Ղահրամանլի), Տնտեսական բարեփոխումներին աջակացության ընկերակցությունը (Զոհրաբ Իսմաիլ) և այլոք: Նրանց բոլոր անձնական հաշիվներն ու կազմակերպությունների հաշվեհամարները սառեցված են, նրանց արգելվել է մեկնել երկրից: Դա հատկապես մտահոգիչ է, քանի որ ավելի վաղ կառավարության քննադատները ձերբակալվել են հարկային խախտումների վերաբերյալ շինծու գործերով: Եթե առաջիկայում իրավիճակը չշտկվի, տասնյակ խմբեր, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով առնչվում են ԱՈԹՆ հետ, կփակվեն:

Ամենաակտիվ խմբերի մոտ կեսը դադարել է գործել 2014-ի հուլիսից, քանի որ զրկվել է ֆինանսավորումից: Մյուս խմբերը զրպարտանքի ու հետապնդումների թիրախ են դարձել: Հյուրանոցներն ու այլ կառույցները տարածք չեն տրամադրում նրանց միջոցառումների համար: Այդպիսով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրաբար խախտում են ԱՈԹՆ հիմնական սկզբունքը՝ քաղաքացիական հասարակության անարգել մասնակցությունը բնական պաշարների կառավարման շուրջ հասարակական բանավեճին: ԱՈԹՆ վարչությունը դեռ 2013-ի մայիսին դիմել էր նախագահ Ալիևին` կոչ անելով օրենսդրական սահմանափակումներ չսահմանել ՈԿԿ-ների հանդեպ: Սակայն, Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները վստահեցնում էին, որ իրավական սահմանափակումները խոչընդոտներ չեն ստեղծի քաղաքացիական հասարակության համար:

ԱՈԹՆ կանոնները թույլ են տալիս կասեցնել ցանկացած մասնակից երկրի մասնակցությունը կամ նույնիսկ վտարել «ԱՈԹՆ կարևոր սկզբունքների ու պահանջների» խախտման համար: Կանոնները թույլ են տալիս նվազեցնել մասնակից երկրի կարգավիճակն ու ժամկետ սահմանել իրավիճակի բարելավման համար:

2013-ի հոկտեմբերին նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը մեծ արշավ սկսեց քաղաքական ընդդիմախոսների ու ակտիվիստների դեմ: 2013-ի դեկտեմբերին խորհրդարանը հաստատեց ՈԿԿ-ներին առնչվող մի շարք օրենքներում ուղղումների վերաբերյալ մեծ ու շատ վիճահարույց փաթեթը, իսկ նախագահը ստորագրեց 2014-ի փետրվարին: Այդ ուղղումները թույլ տվեցին իշխանություններին հետապնդել անկախ խմբերին:2014-ի կեսին կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները՝ հուլիսի 30-ին ձերբակալվեց Լեյլա Յունուսը, հետո նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը: Օգոստոսի 2-ին ձերբակալվեց Ռասուլ Ջաֆարովը, ևս մեկ ականավոր իրավապաշտպան և կառավարության քննադատ: Օգոստոսի 8-ին ձերբակալվեց իրավաբան իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը: Այդ ձերբակալությունները բացասական ազդեցություն ունեցան, ահաբեկելով երկրի ամբողջ քաղաքացիական հանրությանը, նշում է Human Rights Watch-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---