Բրյուսելը ԵՄ-ի թեկնածու-երկրներին Ռուսաստանին սննդամթերք չմատակարարելու կոչ է արել

Բրյուսելը ԵՄ-ի թեկնածու-երկրներին Ռուսաստանին սննդամթերք չմատակարարելու կոչ է արել

PanARMENIAN.Net - Բրյուսելը խորհուրդ է տվել Եվրախորհուրդ մտնել ցանկացող թեկնածու-երկրներին ձեռնպահ մնալ ռուսական շուկայում եվրոպական արգելված մթերքները սեփական արտադրության ապրանքներով փոխարինելուց: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ես կարող եմ կրկնել ԵՄ Խորհրդի դիրքորոշումը, որը կոչ է արել երրորդ երկրնեին, գործընկեր-երկրներին ու թեկնածու-երկրներին միջազգային համերաշխության և միջազգային օրենքների պահպանման համար ձեռնպահ մնալ նոր առևտրային հնարավորություններն օգտագործելուց, որոնք ծագել են Ռուսաստանի կողմից պատասխան պատժամիջոցների կիրառման արդյունքում»,- Հայտարարել է նա: Այս երկրների շարքում են, օրինակ, Սերբիան, Մոնտենեգրոն, Ալբանիան, Թուրքիան, Մակեդոնիան և այլն:

Օգոստոսի 14-ին Ռուսաստանն ու Թուրքիան արձանագրություն են ստորագրել թուրքական ապրանքների ներմուծումն ընդլայնելու մասին: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը Անկարայում «Ռոսսելխոզնադզորի» պատվիրակության կազմում բարձրաստիճան աղբյուրի վրա հղումով:

«Մենք արձանագրություն ենք ստորագրել: Թուրքիանկներկայացնի մեզ ձեռնարկությունների ցուցակը, նրանց արտադրանքի մասին ամբողջական տեղեկատվությամբ: Խոսքը տասնյակ ընկերությունների մասին է, որոնք որպես ներկրողներ մուտք կունենան ՌԴ շուկա: Թուրքական կողմը հիանալի հասկանում է իր հնարավորությունները մեր շուկայում, հատկապես նրան գրավում է լոգիստիկան Ռուսաստանի հարավ դուրս գալու առումով»,-ասել է զրուցակիցը: Ռուսական կողմը պարտադիր պայման է ներկայացրել ապրանքների մանրակրկիտ ու պարտադիր մշտադիտարկման, անհրաժեշտ անալիզների ու տեսչական այցերի մասին:

«Երբ այդ ամենը կարվի և արդյունքները կուսումնասիրվեն, ընկերությունները կընդգրկվեն Ռուսաստանի և Մաքսային միության այլ երկրների տարածք ապրանք արտահանելու թույլտվություն ունեցող ընկերությունների պաշտոնական ցուցակում: Խոսքն այնպիսի ապրանքների մասին է, որոնք նախկինում չեն ներմուծվել Ռուսաստան Թուրքիայից: Դա կաթնամթերք է, մեղր ու մեղվաբուծական այլ ապրանքներ, ինչպես նաև ոչ սննդային նշանակության ապրանքներ՝ կաշի, բուրդ»,-ասել է աղբյուրը:

Թուրքիայի առաջարկած ընկերությունների ցանկում կան ձեռնարկություններ, որոնք արդեն երկար ժամանակ աշխատում են Եվրոպայի հետ: Ընդհանուր առմամբ, երկու կողմերի գնահատականով թուրք փորձագետները «շահագրգռված են, որ միասին մուտք գործեն ռուսական շուկա» և օգտագործեն այն հնարավորությունները, որ ի հայտ են եկել ԵՄ և ԱՄՆ գյուղարտադրողների դեմ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների արդյունքում:

Օգոստոսի 6-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն առաջարկել է Թուրքիային ավելացնել մրգի ու բանջարեղենի արտահանումը Ռուսաստան՝ փոխարինելու համար նախկինում Լեհաստանից ու Մոլդովայից ներկրվողները: Այն ժամանակ «Ռոսսելխոզնադզորը» հայտնեց, որ Թուրքիան կարող է արագ ավելացնել բուսական արտադրանքի արտահանումը:

Մինչդեռ, ավելի վաղ, ըստ «Ինտերֆաքսի», ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ առաջիկայում Եգիպտոսը պատրաստ է 30 տոկոսով ավելացնել գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան: Մինչ այդ Եգիպտոսն արդեն իսկ 30 տոկոսով ավելացրել էր արտահանումը, հիշեցրեց Պուտինը Սոչիում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ հանդիպմանը:

Բանակցություններում քննարկվել է եգիպտական լոգիստիկ կենտրոնի ստեղծման հնարավորությունը Սևծովյան շրջանում: Կողմերը պայմանավորվեցին նաև պարզեցնել եգիպտական գյուղմթերքի մուտքը ռուսական շուկա: ՌԴ գյուղնախարար Նիկոլայ Ֆյոդորովը նախկինում արդեն հայտարարել էր, որ գերատեսչությունը բանակցում է Թուրքիայից, Իրանից, Իսրայելից, Մարոկկոյից, Արգենտինայից, Էկվադորից, Պերուից ու Բրազիլիայից գյուղմթերքի ներմուծման շուրջ:

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով: Հուլիսի վերջում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ֆիզիկական անձանց ու առանձին ընկերությունների հանդեպ անհատական պատժամիջոցներից անցան ռուսական տնտեսության կոնկրետ ոլորտների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն: Ի պատասխան Ռուսաստանը սահմանափակեց որոշ ապրանքների ներմուծումը պատժամիջոցներ կիրառած երկրներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---