Պորոշենկոն լուծարել է Գերագույն Ռադան, իսկ Ուկրաինայի ԱԾ-ն հայտարարել է 10 ռուս դեսանտայինի ձերբակալման մասին

Պորոշենկոն լուծարել է Գերագույն Ռադան, իսկ Ուկրաինայի ԱԾ-ն հայտարարել է 10 ռուս դեսանտայինի ձերբակալման մասին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդագրություն է թողել, ըստ որի` որոշել է ժամանակից շուտ դադարեցնել յոթերորդ գումարման Գերագույն Ռադայի լիազորությունները:

Նախագահի պաշտոնական կայքում տեղադրված ուղերձում նշվում է, որ հուլիսին տապալվել է կոալիցիոն խումբը, որի կազմում էին «Բատկիվշինա», «ՈւԴԱՐ» և «Սվոբոդա» խմբակցությունների պատգամավորները, իսկ նոր կոալիցիա մեկ ամսվա ընթացքում չի ձևավորվել, արդյունքում Պորոշենկոն օգտվել է Ռադան լուծարելու իր իրավունքից:

Ուկրաինայի ղեկավարի խոսքով` ընտրությունները լյուստրացիայի լավագույն տարբերակն են, իսկ մաքրումը պետք է սկսել «բարձրագույն օրենսդիր մարմնից»:

Նախագահը հայտարարել է, որ ներկայիս Ռադայի որոշ պատգամավորներ հանդիսանում են «ահաբեկիչ-անջատողականների եթե ոչ ուղղակի հովանավորներն ու մեղսակիցը, ապա` կողմնակիցը»,- հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Անգամ մոբիլիզացիայի հայտարարման և ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն ահաբեկչական կազմակերպություններ հայտարարելու համար հազիվ 232 ձայն հավաքվեց,- նշել է նախագահը:- Ընդհանուր առմամբ Գերագույն Ռադայի կազմը չի համապատասխանում ուկրաինացիների քաղաքական տրամադրությանը: Հասարակությունն այնքան արագ է փոխվում, որ պատգամավորները չեն հասցնում հետևել դրա պատմական ընթացքին»:

Երկրի ղեկավարը կարծում է, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունները չեն եղել «ոչ արդար, ոչ ժողովրդավար, ոչ թափանցիկ» և չեն համապատասխանել եվրոպական չափորոշիչներին: Պորոշենկոն արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեսնում է որպես Դոնբասում խաղաղություն հաստատելու սեփական ծրագրի մի մասը:

«Չէ՞ որ մեր թշնամին միայն ռուս-ուկրաինական սահմանի մյուս կողմից եկած դիվերսանտները, ահաբեկիչներն ու վարձու մարդասպանները չեն: Ոչ պակաս վնաս են հասցնում կորուպցիան, անգործությունն ու աղքատությունը: Եվ մենք պետք է հաղթանակ տանենք միանգամից բոլոր ճակատներում»,- հայտարարել է ուկրաինական առաջնորդը:

Նոր խորհրդարանի պատգամավորների ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին: Սպասվում է, որ երեքշաբթի ուկրաինացի նախագահը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը պետք է տեղի ունենա Մինսկում Մաքսային Միության անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին, որին կմասնակցեն նաև Ուկրաինայի նախագահն ու Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչները:

Հանդիպման նախօրեին Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության շրջանում իրավիճակը զգալիորեն սրվել է: Ուկրաինայի ազգային գվարդիան հաղորդում է Ռուսաստանի կողմից զրահապատ տեխնիկայի` սահմանը ճեղքելու և անջատողականների Մարիուպոլի վրա հարձակման մասին : «Ազով» և «Դոնբաս» գումարտակները երկուշաբթի միացել են մարտին:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պնդում է, որ իրենց աշխատակիցները Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում ձերբակալել են 10 ռուս դեսանտայինի` փաստաթղթերով ու զենքով, հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ ռուսական իշխանությունները բազմիցս հերքել են ուկրաինական կողմի հայտարարությունները, թե ռուսական զինծառայողները մասնակցում են Ուկրաինայի արևելքի հկամարտությանը: Մինչ այդ, ԵՄ-ն խստորեն դատապարտում է Ուկրաինայի Անկախության օրը` օգոստոսի 24-ին Դոնեցկում տեղի ունեցած «գերեվարված ուկրաինացի զինվորների»շքերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---