Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են զինադադար հաստատել. Գազայի բնակիչները մարդասիրական օգնություն կստանան

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են զինադադար հաստատել. Գազայի բնակիչները մարդասիրական օգնություն կստանան

PanARMENIAN.Net - Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, թե Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում զինադադարի հաստատման հարցում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ավելի վաղ համաձայնության մասին հայտարարել էին պաղեստինյան ինքնավարության իշխանությունները և ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները: Ավելի ուշ, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, լուրը հաստատել է պաղեստինյան վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը:

Իսրայելը հաստատել է, որ ընդունում է կրակի դադարեցման մասին համաձայնագիրը: Երկրի ԱԳՆ-ում հայտնել են, որ պատրաստ են մարդասիրական օգնություն և շինանյութ տրամադրել Գազային:

Պաղեստինյան աղբյուրներն ավելի վաղ նշում էին, որ համաձայնագիրը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում երկու կողմից, ինչպես նաև Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակման թուլացում, ինչի շնորհիվ Գազայի բնակիչները կարող են մարդասիրական օգնություն և շինանյութ ստանալ:

Կրակի հնարավոր դադարեցման մասին հաղորդագրությանը նախորդել են Իսրայելի ու պաղեստինցիների միջև փոխադարձ հրաձգությունները:

Օգոստոսի 26-ի առավոտյան իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածի բարձրահարկերին ավիահարված են հասցրել, ինչի արդյունքում ամբողջովին ոչնչացվել է «Բաշա աշտարակը», որում տեղակայված էին բնակարաններ և գրասենյակներ: Մեծապես տուժել է նաև «Իտալական համալիրը»: Արդյունքում վիրավորվել է 10 մարդ:

Հաղորդվում է, որ զոհեր չեն եղել, քանի որ շենքերում գտնվող մարդիկ բարեհաջող լքել են դրանք` Իսրայելի կողմից ստանալով նախատեսվող հարձակման մասին զգուշացում: Միևնույն ժամանակ Գազայի հատվածից արձակված հրթիռը հարվածել է իսրայելական Աշկելոն քաղաքի բնակելի շենքերից մեկին: Քսան մարդ` այդ թվում 5 երեխա, թեթև վնասվածքներ է ստացել, հաղորդում է տեղի ոստիկանությունը: Եվս մեկ հրթիռ զինվորականներին հաջողվել է վնասազերծել Թել Ավիվի մոտակայքում:

Մինչ այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է Գազայի հատվածում հերթական զինադադարն ու զգուշացրել, որ համաձայնագրի ցանկացած խախտում կլինի «պարզապես անպատասխանատու քայլ», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նա նաև հույս է հայտնել, որ զինադադարը կվերաճի քաղաքական գործընթացի, որը կայուն խաղաղության հաստատման միակ ճանապարհն է:

Հուլիսի 8-ից, երբ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում, կողմերը մի քանի անգամ որոշել են «մարդասիրական ընդմիջում» հայտարարել: Բայց ամեն անգամ հրադադարի ռեժիմը կամ խախտել են, կամ դրա ժամկետի ավարտից հետո ավելի մեծ թափով վերսկսել մարտերը:

Արդեն 50 օր տևող հակամարտության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 2,1 հազար պաղեստինցի և 68 իսրայելցի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---