Արցախ այցելության պատճառով ավստրիացի լրագրողուհու մուտքը Բաքու արգելել են

Արցախ այցելության պատճառով ավստրիացի լրագրողուհու մուտքը Բաքու արգելել են

PanARMENIAN.Net - Ավստրիացի լրագրող Յուտտե Բաուերին, որն ուղեկցում է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցին Հարավային Կովկասի երկրներ այցելությունների շրջանակում, Ադրբեջանի մուտքի արտոնագիր չեն տվել:

Ինչպես հայտնում է Haqqin.az-ը ավստրիական ԶԼՄ-ների վրա հղումով, նրան մերժել են, քանի որ վերջինս ընդգրկված է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Ինքը լրագրողուհին չի թաքցնում Լեռնային Ղարաբաղ այցելության փաստը, իսկ նրա գրած ռեպորտաժն այցելության մասին հրապարակվել է ավստրիական ԶԼՄ-ներում: Լրագրողուհու գործընկերները մերժումը կապում են նաև նրա քննադատության հետ Ադրբեջանի հասցեին:

Սկանդալը չհաջողվեց մարել նույնիսկ Ավստրիայի պետքարտուղարի միջամտությունից հետո: Նշվում է նաև, որ Սեբաստիան Կուրցը այդ հարցը կարծարծի Բաքվում Ադրբեջանում խոսքի ազատության խնդրի համատեքստում:

Հիշեցնենք, որ ադրբեջանական իշանությունները պաշտոնապես արգելում են այն անձանց մուտքը երկրի, ով այցելել է Լեռնային Ղարաբաղ: 2013 թվականին Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրապարակեց Արցախ այցելած 335 անձանց հայտնի «սև ցուցակը»: Ավելի ուշ Բաքվում կարծիքներ հնչեցին, որ ՎՈւԱՄ անդամ երկրները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, պետք է «այդ երկրների «սև ցուցակների» փոխադարձ ուժի մասին համաձայնություն կնքեն, կամ էլ պայմանագիր ընդհանուր «սև ցուցակ» ստեղծելու մասին: Առաջարկվեց նաև նմանատիպ համաձայնագիր կնքել նաև Թուրքիայի հետ: Նշենք, որ իրենց անուններն այդ ցուցակում գտած անձանցից ոչ մեկը ափսոսանք չէր հայտնել Ղարաբաղ այցելելու համար: Հակառակը՝ միայն մեկ անգամ Արցախ այցելողները որոշեցին կրկնել այցը: Մարդիկ, որոնք չէին գտել իրենց անունները «սև ցուցակում», թեև եղել էին Ղարաբաղում, կոչ արեցին ադրբեջանական ԱԳՆ-ին շտկել սխալն ու անպայման իրենց «անցանկալի անձ» հայտարարել: Ցուցակում հայտնվել էին նաև մարդիկ, որոնք երբեք չէին եղել Արցախում, բայց այս պարագայում որոշեցին անպայման այցելել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---