Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը Երևանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հույս է հայտնել

Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը Երևանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հույս է հայտնել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում է Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։ Այցի շրջանակում կայացել են Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին հաջորդել է նախարարների համատեղ ասուլիսը, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, թե գործընկերոջ հետ կարծիքներ են փոխանակել` ինչպես ընդլայնեն արդեն իսկ բավական հարուստ իրավապայմանագրային դաշտը։

«Մեր երկու երկրների միջև մոտ քսան պայմանագիր է ստորագրված: Խոսեցինք այն մասին, թե ինչպես ակտիվացնենք միջխորհրդարանական կապերը, նաև նշեցինք, որ մեծ հնարավորություններ կան ապակենտրոնացված համագործակցության զարգացման համար: Կարևորեցինք պարբերական խորհրդակցությունների անցկացումը արտաքին գործերի նախարարությունների միջև: Մենք մշտապես հանդիպումներ ենք կազմակերպում արտաքին գործերի նախարարների, ԱԳՆ-երի ներկայացուցիչների միջև տարբեր միջազգային ֆորումների ընթացքում, և մենք շարունակելու ենք այդ բարի ավանդույթը, որը, ստեղծվել է երկու արտաքին գործերի նախարարությունների միջև»,- նշել է նախարարը:

«Իմ այցը Հայաստան` երեք հիմնական նպատակ է հետապնդում: Կարծում եմ, որ այստեղ շատ հետաքրքիր քաղաքական իրավիճակ է, որը Եվամիությունից պահանջում է որոշակի շարժունակություն»,- ասել է Կուրցը:

Ավստրիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանին օժանադակելու հնարավորություն կգտնեն, որ կարողանա աշխատել իր շատ կարևոր ռեգիոնալ գործընկեր Ռուսաստանի հետ` միաժամանակ աշխատելով ու ընդլայանելով գործակցությունը Եվրամիության հետ:

«Մտադիր ենք Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակ բացել Հայաստանում, որպեսզի ընդլայնենք տնտեսական հարաբերությունները: Մեզ համար դա լավ հնարավարություն է` խթանելու երկու երկրների միջև գործակցությունը»,- ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը:

Պատասխանելով Ավստրիացի լրագրողի հարցին, թե Եվրասիական միությանն անդամակցելու որոշմամբ արդյոք մահացել է ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ ասոցացման տարբերակը, Էդվարդ Նալբանդյանն ասել է.

«Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ Հայաստանը և Եվրամիությունը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասված է երկուստեք ձգտման մասին` գործակցությունը շարունակել բոլոր հնարավոր ոլորտներում: Սա է մեր մոտեցումը, սա է Եվրոպական միության մոտեցումը, և մենք շարունակելու ենք աշխատանքները և ջանքերն այդ ուղղությամբ: Ավելին՝ Հայաստանի արտգործնախարարը և Քեթրին Էշթոնը փոխանակեցին նամակներ` այս մտադրության մասին, որտեղ ավելի մանրամասն նկարագրված են ձեռնարկվելիք քայլերը»:

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագրի վերջնական տարբերակը սեպտեմբերի սկզբին ուղարկվել է անդամ երկրների և ՀՀ կառավարություններին, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վերջնական տարբերակը ուղարկվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին: Յուրաքանչյուր երկրում անհրաժեշտ ներպետական ընթացակարգով անցնելուց հետո՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագիրը կներկայացվի նախագահների ստորագրմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի ստորագրման վերջնական ամսաթիվը կորոշեն չորս երկրների նախագահները:Չի բացառվում, որ փաստաթուղթը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ ԵՏՄ անդամ պետությունների նախագահների բանակցությունների ավարտին:

Նախարարը հավելել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցելու շուրջ ընթացող բանակցությունները գնահատում է դրական, և շուտով կլինեն կոնկրետ արդյունքներ:Ինչ վերաբերում է Ղարաբաղին, նա նշել է, որ իսկ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով` թե Հայաստանի կողմից, թե Ռուսաստանի կողմից, և հստակորեն ասվել է` խոսքը չի գնում նրա մասին, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը Ղարաբաղի հետ միասին. «Այդ հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը Եվրասիական միությանը»:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված հռչակագրին, որում առավելությունը տրվում է տարածքային ամբողջականությանը, Նալբանդյանը նշել է, թե «դա վնաս է հասցնում բանակցային գործընթացին, վնաս է հասցնում նաև տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը»:

«ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: Ավելին` իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին և ջանքերին, որոնք բազմիցս արտահայտվել են` նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների միջոցով, և որոնք համահունչ են Հայաստանի մոտեցումներին։

Մինսկի խմբի երկու համանախագահները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են: Չնայած դրան՝ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովների ընթացքում՝ գագաթաժողովից գագաթաժողով որոշ փոփոխություններով, նաև վերջին` Ուելսի գագաթաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում, ինչը չի համապատասխանում եռանախագահների կողմից արված առաջարկներին, հնչեցված գաղափարներին և մոտեցումներին, չի համապատասխանում նաև այն բազմաթիվ հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել են վերջին տարիների ընթացքում` ԵԱՀԿ շրջանակներում:

Դա, իհարկե, վնաս է հասցնում բանակցային գործընթացին, վնաս է հասցնում նաև տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը։ Դա նպաստում է նրան, որ Ադրբեջանը ավելի և ավելի է կտրվում իրականությունից, և իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ հակառակ է գնում հիմնախնդրի կարգավորման` միջազգային հանրության մոտեցմանը։ Ես կցանկանայի նշել, որ ընտրովի մոտեցումը սկզբունքներին հակասում է միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Կանոնադրությանը, նաև` Հելսինկյան Եզրափակիչ ակտին»,- մանրամասնել է նախարարը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ինչպես ասվում էՈւելսում աշխատանքն ավարտած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում, դաշնակիցները սատարում են գործընկերների «արտաքին քաղաքականության ոլորտում ևանվտանգության քաղաքականության մեջ ինքնուրույն և ինքնիշխան ընտրություն կատարելու իրավունքին, ազատ արտաքին ճնշումից և պարտադրանքից: Դաշնակիցները նախկինի պես հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանությանը սատարելու գործին»:

Սեբաստիան Կուրցն իր հերթին նշել է, որ Ավստրիան պատրաստ է օժանդակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով և մեր կողմից պատրաստ ենք բանակցություններ վարելուն համաձայն կողմերին օժանդակել»,– ասել է Կուրցը, գրում է «Նովոստի Արմենիան»։

Նա հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության գործընթացում կգերակշռի կողմերի երկխոսությունը, ինչը թույլ կտա հասնել վերջնական կարգավորման։

«Մեզ մտահոգում է մարդու իրավունքների իրավիճակը Ադրբեջանում: Մի քանի օրից այցելելու եմ Ադրբեջան և հնարավորություն կլինի տեղում քննարկել նաև այդ խնդիրը»,-իր հերթին հայտարարել է Սեբաստիան Կուրցը: Ըստ նրա, իրենց՝ որպես ԵՄ անդամ երկիր, ինչպես նաև մի երկիր, որտեղ կարևոր է մարդու իրավունքները, հատկապես մտահոգում է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների իրավիճակը:

2013-ի հոկտեմբերին նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը մեծ արշավ սկսեց քաղաքական ընդդիմախոսների ու ակտիվիստների դեմ: 2013-ի դեկտեմբերին խորհրդարանը հաստատեց ՈԿԿ-ներին առնչվող մի շարք օրենքներում ուղղումների վերաբերյալ մեծ ու շատ վիճահարույց փաթեթը, իսկ նախագահը ստորագրեց 2014-ի փետրվարին: Այդ ուղղումները թույլ տվեցին իշխանություններին հետապնդել անկախ խմբերին: 2014-ի կեսին կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները՝ հուլիսի 30-ին ձերբակալվեց Լեյլա Յունուսը, հետո նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը: Օգոստոսի 2-ին ձերբակալվեց Ռասուլ Ջաֆարովը, ևս մեկ ականավոր իրավապաշտպան և կառավարության քննադատ: Օգոստոսի 8-ին ձերբակալվեց իրավաբան իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը: Այդ ձերբակալությունները բացասական ազդեցություն ունեցան, ահաբեկելով երկրի ամբողջ քաղաքացիական հանրությանը, նշում է Human Rights Watch-ը:

«Անպայման կօօգտագործենք մեր հնարավորությունն արտահայտելու մեր քննադատական վերաբերմունքը»,- նշել է Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում, որն այս տարի Եվրոպայի խորհուրդը նախագահող երկիր է, ոտնահարվում են մարդու իրավունքները, սահմանափակվում է խոսքի ազատությունը, արդյոք վնաս չի հասցնում Եվրոպայի խորհրդի հեղինակությանը, Կուրցն նշել է, որ նախագահությունը Եվրոպայի խորհրդում կատարվում է այբենական կարգով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---