Հռոմի պապը հաստատել է առաջիկա այցը Թուրքիա. Չի բացառվում, որ Ստամբուլից նա կժամանի Երևան

Հռոմի պապը հաստատել է առաջիկա այցը Թուրքիա. Չի բացառվում, որ Ստամբուլից նա կժամանի Երևան

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սբ Աթոռում Թուրքիայի դեսպան Քենան Գյուրսոյի հետ զրույցում հաստատել է առաջիկայում Թուրքիա այցելելու մտադրությունը:

Այդ մասին նա, ըստ թուրքական Daily Sabah-ի, հայտնել է Գյուրսոյին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կայացած առանձնազրույցի ժամանակ:

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները գրել էին, որ 77-ամյա Ֆրանցիսկոսն Անկարա կժամանի նոյեմբերի 29-ին, հետո կմեկնի Ստամբուլ, որտեղ նոյեմբերի 30-ին կմասնակցի Սբ Անդրեասի տոնակատարությանը: Հավելում էին նաև, որ Ստամբուլից, պոնտիֆիկը, հավանաբար, կժամանի Հայաստան, ինչի մասին Սուրբ Աթոռում նախընտրում են չբարձրաձայնել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է Հայաստան այցելել 2015-ին: 90-տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ Հռոմի պապը 2015-ին կայցելի Սբ Էջմիածին Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների սրբադասման կապակցությամբ, հայտարարել էր Սբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար, վարդապետ Շահեն Անանյանը՝ նշելով, որ այս մասին խոսվել է Հռոմում Ֆրանցիսկոս I և Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական հանդիպման ժամանակ: Ըստ նրա, Պապի այցը Հայաստան մեծ խորհրդանշական ազդեցություն կունենա, քանի որ կընդգծի, որ Վատիկանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես 2001-ին դա արել էր Հովհաննես Պողոս Երկրորդը:

Ակնկալվում է, որ Թուրքիա այցելության ժամանակ Պապը կանդրադառնա բռնության թեմային Մերձավոր Արևելքում և քրիստոնյաների սպանություններին Սիրիայում և Իրաքում:

Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը Հռոմի պապին Թուրքիա էր հրավիրել ամռանը, երբ Վատիկան էր այցելել ներկա գտնվելու Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ Ֆրանցիսկոսի համատեղ աղոթքին: Ակնկալվում է, որ այցը պաշտոնապես կհաստատվի, երբ հրավեր ստացվի նաև նորընտիր նախագահ Էրդողանի անունից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---