«Ցասման օրը». ԱՄՆ-ն և ԵՄ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ

«Ցասման օրը». ԱՄՆ-ն և ԵՄ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ

PanARMENIAN.Net - Եվրամիության նոր պատժամիջոցները վերաբերում են նավթագազային ոլորտին՝ «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» և «Գազպրոմ նեֆտ», ինչպես նաև ՌԴ պաշտպանական ոլորտի ձեռնարկություններին՝ Միավորված ավիաշինական կորպորացիային, «Ուրալվագոնզավոդ»-ին, «Օբորոնպրոմին», «Կալաշնիկով» կոնցեռնին, «Սիրիուս» ընկերությանը, «Ստանկոինստրումենտին», Տուլայի զինագործական գործարանին, «Բազալտ» միավորմանը, «Խիմկոմպոզիտին» և այլն, հայտնում է Գազետա.ռու-ն:

Եվրոպացի գործարարներին արգելել են ֆինանսական ծառայություններ մատուցել պատժամիջոցների ենթակա ցուցակում հայտնված ընկերություններին: Արգելվել է վարկերի տրամադրումը մյուս ռուսական ընկերություններին 30 օրով: Արգելվում է նաև գործակցությունը վերոնշյալ նավթային ընկերությունների հետ Արկտիկայում նավթի հորատման հարցում, թղթաքարային և դժվար արդյունահանվող նավթի ու գազի արդյունահանման նախագծերին: Պատժամիջոցները կգործեն մինչև 2015 թ.:

Ընդլայնվել է նաև այն անձանց թիվը, ում արգելված է մուտքը Եվրոպա, ցուցակը համալրվել է 24 հոգով, այդ թվում ցուցակում են հայտնվել «Ռոստեխ» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չերմեզովը, Պետդումայի փոխխոսնակ Ժիրինովսկին, ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների ղեկավարները, հայտնում է Գազետա.ռու-ն: Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել նաև ԱՄՆ-ն: Նորացված ցուցակում են հայտնվել «Խնայբանկը», «Գազպրոմը», «Լուկօյլը», «Սուրգուտնեֆտեգազը», «Գազպրոմ նեֆտը», «Ռոստեխը»: ԱՄՆ-ն ինչպես և ԵՄ-ն, արգելել է ծառայությունների, սարքավորումների արտահանումը ՌԴ էներգետիկ ընկերությունների համար: Արգելափակվում են նաև պաշտպանական ոլորտի 5 ձեռնարկությունների ակտիվները ԱՄՆ տարածքում, դրանք են՝ Միտիշչիի մեքենաշինական գործարանը, Կալինինի անվան մեքենաշինական գործարանը, «Ալմազ-Անտեյը», «Սարքաշինական գիտահետազոտական ինստիտուտը», «Դոլգոպրուդնիի գիտահետազոտական համալիրը»:

Նոր պատժամիջոցների մասին լուրերի ֆոնի վրա նվազել է ռուբլու փոխարժեքը՝ 1 եվրոն 49,05 ռուբլի, 1 դոլարը՝ 37,88 ռուբլի:

Ավելի վաղ Ռուսաստանը հայտնել էր, որ որպես պատասխան միջոց կարող է սահմանափակումներ մտցնել ավտոմեքենաների և թեթև արդյունաբերության ապրանքների ներկրման համար: Արդեն իսկ արգելքի տակ են Եվրոպայից ներկրվող սննդամթերքի բազմաթիվ տեսակներ: Ռուսական պատժամիջոցները սահմանված են մեկ տարի ժամկետով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---