Ադրբեջանում շարունակում են ճնշել ընդդիմությանը. Եվս մեկ իրավապաշտպան է ձերբակալվել

Ադրբեջանում շարունակում են ճնշել ընդդիմությանը. Եվս մեկ իրավապաշտպան է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միրվարի Ղահրամանլին բերման է ենթարկվել Բաքվի օդանավակայանում Բեռլինից ժամանելով հայրենիք:

Ինչպես գրում է Haqqin.az-ը Turan գործակալության վրա հղումով, իրավապաշտպանը վերադառնում էր միջազգային խորհրդաժողովից: Սահմանապահները վերցրել են նրա անձնագիրը և պահել իրենց մոտ առանց բացատրությունների: Հետո նրան խուզարկել են Մաքսային հսկողության աշխատակիցները և դժգոհություն հայտնել, քանի որ նա չէր հայտարարագրել մեկնելուց կանխիկ գումարը՝ 1500 մանաթ:

Ավելի վաղ դատախազությունը փորձել է ձերբակալել Ղահրամանլիի դուստր Մաթանաթ Ազիզովային, որը գլխավորում է Ժնևի ճգնաժամային կենտրոնը, որին մի քանի անգամ հարցաքննել են Լեյլա Յունուսի գործով:

Մի քանի օր առաջ նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ նաև հայտնի ընդդիմադիր լրագրող Հադիջա Իսմաիլի հետ: Լրագրողուհուն ձերբակալեցին օդանավակայանում Թբիլիսիից ժամանելուն պես, որտեղ նա մասնակցում էր ԵՀԿ խորհրդաժողովին: Սկզբում նրան հարցաքննել են սահմանապահները՝ թե ինչ էր նա անում խորհրդաժողովում: Հետո նրան փոխանցել են մաքսատան աշխատակիցներին, որոնք վերցրել են նրա իրերն ու դրամը, ներառյալ նույնիսկ խանութների բոնուսային քարտերը՝ մոտ երկու ժամ պահելով նրան օդանավակայանում:

Խոսքի ազատության հետ կապված իրավիճակն Ադրբեջում զգալիորեն վատթարացել է, և Ադրբեջանը 84 միավորով այն երկրների ցանկում է ընդգրկվել, որտեղ բացակայում է խոսքի ազատությունը: Այդ մասին ասվում է Freedom House-ի հերթական հաշվետվության մեջ: 2013 թ. նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունն իսկական պատերազմ է հայտարարել քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին: Երկրում ընդունվեց ՈԿԿ-ներին վերաբերող մեծ ու շատ վիճահարույց օրենսդրական փաթեթ, որով իշխանություններին իրավունք է վերապահվում հետապնդել անկախ խմբերին:

2014 թ. կեսին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների կտրուկ աճ արձանագրվեց. ապրիլի 21-ին Թուրքիայից արտաքսվեց և ձերբակալվեց քաղաքագետ Ռաուֆ Միրկադիրովը, հուլիսի 30-ին՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսը, իսկ հետո նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը: Օգոստոսի 2-ին ձերբակալվեց Ռասուլ Ջաֆարովը, ևս մեկ հայտնի իրավապաշտպան, օգոստոսի 8-ին՝ իրավաբան և իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը:

Վերջին երկու տարում Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել և կալանավորել են առնվազն 40 լրագրողի, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստների և իրավապաշտպանների տարբեր շինծու մեղադրանքներով, այդ թվում խուլիգանության, հարկերի վճարումից խուսափելու, թմրանյութերի ապօրինի շրջանառության, նույնիսկ պետական դավաճանության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---