Լրացուցիչ 1,5 մլրդ դրամ` պոմպակայանների միջոցով ջուր մղելուն. Դեֆիցիտ է զգացվել

Լրացուցիչ 1,5 մլրդ դրամ` պոմպակայանների միջոցով ջուր մղելուն. Դեֆիցիտ է զգացվել

PanARMENIAN.Net - Ոռոգման ջրի անհրաժեշտ ծավալների ապահովման նպատակով կառավարությունը միայն վերջին 2 ամիսում լրացուցիչ մոտ 1,5 մլրդ դրամ է հատկացրել պոմպակայանների միջոցով ջուր մղելու նպատակով, սակայն, չնայած դրան, դեֆիցիտ է զգացվել: Այս մասին սեպտեմբերի 12-ին տարածքային կառավարման նախարարությունում կայացած խորհրդակցությանը հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, ՏԿ նախարար Արմեն Գևորգյանը:

Անդրադառնալով ոռոգման տարեշրջանի ընթացքին՝ փոխվարչապետը նկատել է, որ համակարգի համար տարին չափազանց բարդ ու դժվար էր: Տարեսկզբին արված՝ սակավաջրության վերաբերյալ կանխատեսումներն իրականություն դարձան, և համակարգը ստիպված էր բավականին լարված աշխատել:

Ապրիլի 25-ին ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանում առկա է ջրի պակասի սպառնալիք:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանն իր հերթին նշել էր. «Ներկայիս հիդրոօդերևութաբանական պայմանները ստիպում են ավելի լուրջ մոտենալ ջրօգտագործման հարցերին, տեղումները նորմայից քիչ են գրանցվել, օդի ջերմաստիճանը` բարձր, իսկ ձյան ծածկույթի բարձրությունը զգալի քիչ է նորմայից: Գետերի ելքերը նույնպես նորմայից ցածր են, և սա նշանակում է, որ մենք պետք է ոռոգման համար նախատեսված ջուրը հնարավորինս խնամքով օգտագործենք, որովհետև տարին սակավաջուր է լինելու»:

«Կցանկանայի արձանագրել, որ, այնուամանայնիվ, գործադրված ջանքերի և կազմակերպված աշխատանքի շնորհիվ հաջողվել է հիմնականում բավարարել ոռոգման ջրի պահանջարկը, ամեն ինչ անել, որպեսզի գյուղացիական տնտեսությունները լուրջ վնասներ չկրեն»,-նշել է փոխվարչապետը:

Փոխվարչապետը նաև ներկաներին հորդորել է համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի ոռոգման տարեշրջանի վերջին օրերին լուրջ խնդիրներ չարձանագրվեն՝ հաշվի առնելով, որ լարված իրավիճակը դեռ պահպանվում է:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարարը կարևորել է տարեվերջին համակարգի աշխատանքները բնութագրող դրական մակրոցուցանիշների ապահովումը, ինչն անհրաժեշտ է հաջորդ տարվա բնականոն աշխատանքի համար: Փոխվարչապետը նաև տեղեկություններ է ներկայացրել ոռոգման համակարգում իրականացվող և իրականացվելիք՝ ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի ընթացքի մասին:

Փոխվարչապետը հանձնարարել է, որպեսզի կոմիտեի ղեկավարությունը մարզպետարանների և ՋՕԸ-երի պատասխանատուների հետ քննարկի աշնանացանի համար անհրաժեշտ ջրի պահանջարկի ապահովման հետ կապված խնդիրները:

Հաշվի առնելով տարվա չորային լինելը` կառավորությունը Սևանա լճից ջրառը հասցրել է թույլատրվող առավելագույն շեմին. Սևան-Հրազդան համակարգից սնվող հողերի ջրամատակարարման նպատակով լճից 270 մլն խոր. մետր ջուր է բաց թողվել: Արդեն իսկ պարզ է, որ երաշտն անդրադարձել է մեղրի, խոտի բերքի վրա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---