Թուրքիայում Ղուրանն «առաջին անգամ» թարգմանվել է հայերեն

Թուրքիայում Ղուրանն «առաջին անգամ» թարգմանվել է հայերեն

PanARMENIAN.Net - Թուրքիայում Ղուրանը թարգմանվել է հայերեն: Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը` նշելով, թե դա արվել է «աշխարհում ու Թուրքիայում առաջին անգամ», սակայն իրականում այդպես չէ. Ղուրանն արաբերենից առաջին անգամ հայերեն թարգմանել է Ստեփանոս Լեհացին դեռևս XVII դարում. ձեռագիրը պահվում է Մատենադարանում: Հետագայում` 1909-ին, Ղուրանը լույս է տեսել Աբրահամ Ամիրխանյանցի թարգմանությամբ (վերահրատարակվել է 1910-ին), և ևս մեկ անգամ 2006-ին՝ Էդվարդ Հախվերդյանի թարգմանությամբ՝ պարսկերենից: Թարգմանվել են բոլոր 114 սուրահները և Ղուրանի որոշ մեկնաբանություններ:

Անկարայի համալսարանի բանասիրության, պատմության և աշխարհագրության ֆակուլտետի հայերեն լեզվի և մշակույթի ամբիոնի ասպիրանտ Յավուզ Այդընի թարգմանությամբ և «Ագոս» շաբաթաթերթի խմբագիր, հայկական բաժնի համակարգող Բագրատ Էսթուկյանի խմբագրությամբ հայերեն Ղուրանի նոր տարբերակը կհրատարակվի և՛ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն:

Յավուզ Այդընը նշել է, որ Ղուրանը թարգմանության հիմնական նպատակն է եղել աշխարհի բոլոր հայերին իսլամի սուրբ գրքի՝ Ղուրանի «հանդուրժողականությունը, համամարդկային նշանակությունը մայրենի լեզվով ներկայացնելը, որպեսզի իրենց կամքով իսլամն ընդունողները կրոնական գիտելիքները մայրենի լեզվով ստանան»:

Թարգմանության աղբյուրը եղել է Ղուրանի թուրքերեն տարբերակը: Ըստ Այդընի՝ իսլամի սուրբ գրքի հայերեն տարբերակը բաղկացած կլինի 10 հատորից և կունենա 2500 էջ:

Ղուրանը (բառացի նշանակում է ընթերցվածք), ըստ մահմեդական ուսմունքի, Բարձրյալն ուղարկել է 7-րդ երկինք, որտեղից Ջիբրայիլ հրեշտակը մաս-մաս, 23 տարվա ընթացքում, փոխանցել է Մուհամմեդ մարգարեին:

Ղուրանը քարոզների հավաքածու է. պարունակում է կրոնադավանական, ծիսական ու կենցաղային պատվիրաններ, իրավական դրույթներ, խրատներ, առակներ, աղոթքներ, անեծքներ և այլն: Մուհամմեդի օրոք բանավոր տարածված և 632-ից գրառված քարոզներն Օսման խալիֆի հրամանով 650-ական թվականներին խմբագրվել են, իսկ Ղուրանի կառուցվածքը վերջնականորեն կանոնացվել է Կահիրեի` 1923 թ-ի պաշտոնական հրատարակությամբ: Ղուրանը բաղկացած է 114 սուրահից (գլուխ), որոնց հիմքում հուդայական ու քրիստոնեական կրոնների, մասամբ էլ զրադաշտական ու մանիքեական (աղանդավորական ուսմունք, առաջացել է III դարում, Մերձավոր Արևելքում) ուսմունքների առանձին դրույթներն են՝ 6600 այաթի (բանաստեղծություն) տեսքով: Ըստ Ղուրանի՝ Ալլահը միակ ու ամենազոր արարիչն է, որն ստեղծել է ոչնչից ամեն գոյ և դրանք բերել կարգավորված վիճակի: Նա իր պատգամները, հատկապես աշխարհի վախճանի, Վերջին դատաստանի և հանդերձյալ կյանքի մասին, մարդկանց հաղորդում է մարգարեների միջոցով:

Ղուրանը սահմանում է հավատացյալների հիմնական պարտականությունները, ծիսակարգը, պաշտամունքը և այլն: Ղուրանում առկա որոշ անորոշություններն ու հակասությունները քննադատել են արաբ մի շարք մտածողներ՝ տարբեր մեկնություններով, որտեղ արտացոլվել են մահմեդական աստվածաբանության զարգացման միտումները, մահմեդական համայնքի գաղափարախոսական, սոցիալ-տնտեսական խնդիրները: Ղուրանի մեկնությունների և ուսումնասիրությունների հիման վրա ձևավորվել է մահմեդական աստվածաբանությունը, քաղաքացիական ու կրոնական իրավունքը (շարիաթ):

XIX դարից սկսած՝ Ղուրանի գիտական ուսումնասիրությունը հնարավորություն է տվել վերհանելու սուրբ գրքի ստեղծման իսկական պատմությունը, նրա մեջ տեղ գտած իրականն ու առասպելականը, ճշգրտելու Մուհամմեդի կենսագրությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---