Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի առցանց հեռարձակում` ՎիվաՍել ՄՏՍ-ի աջակցությամբ

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի առցանց հեռարձակում` ՎիվաՍել ՄՏՍ-ի աջակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հայտարարում է մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող` Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի մեկնարկի մասին՝ ներկայացնելով աննախադեպ բացման արարողություն-համերգ:

Սեպտեմբերի 16-ին երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ ասուլիսին ներկայացվել է նվագախմբի նոր՝ 2014-2015 համերգաշրջանի, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի, ինչպես նաև Երիտասարդականի նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ կյանքի կոչվող հայ իրականության մեջ նախադեպը չունեցող նորարարական ծրագրի մեկնարկը:

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը` նվիրված Երևանի պետական համալսարանի 95-ամյակին: Փառատոնն անցկացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանու ներքո և Բրիտանական խորհրդի աջակցությամբ:

Միևնույն բեմում Երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան հանրահայտ դիջեյ Սուիչը/DJ Switch (Միացյալ Թագավորություն) և Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը: Հանդիսատեսին կներկայացվեն Գաբրիել Պրոկոֆևի ձայնարկչի և նվագախմբի համար կոնցերտը և Մայլս Հենքոքի ձայնարկչի, բիթբոքսերի և նվագախմբի կոնցերտը (համաշխարհային պրեմիերա):

Երիտասարդականի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ իրականություն է դառնում նվագախմբի ևս մեկ նախաձեռնություն: Այսուհետ դասական երաժշտության սիրահարը հնարավորություն կունենա հետևել Երիտասարդականի, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացվող բոլոր համերգներին՝ անկախ գտնվելու վայրից, պարտադիր պայման է միայն ինտերնետի հասանելիությունը: Սկսած սեպտեմբերի 16-ից՝ յուրաքանչյուր համերգ հնարավոր կլինի դիտել առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ փառատոնի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև նվագախմբի պաշտոնական էջում:

«Տեխնոլոգիաները կոչված են ծառայելու մշակույթին. որքան ավելի հաճախ կարողանանք տեխնոլոգիաները կիրառել մեր երկրի հենասյունը հանդիսացող ոլորտները սատարելու համար, այնքան ավելի մեծ հաջողությամբ մենք կկարողանանք պահպանել մեր ինքնատիպությունը: Մշակույթի ձայնն այսօր ավելի հնչեղ է և լսելի, երբ համապատասխան գործիքներ են կիրառվում: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է Երիտասարդական նվագախմբին տրամադրել միջոցներ, որոնք ավելի հասանելի կդարձնեն երաժշտությունն ավելի մեծ թվով մարդկանց»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի ընթացքում իրականացվում են մեծ թվով միջոցառումներ՝ համերգներ, վարպետության դասեր և այլն: Ծրագրի շրջանակներում Երևանը հյուրընկալելու է ինչպես հռչակավոր երաժիշտների, այնպես էլ՝ երիտասարդ տաղանդների աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր լսարանին են ներկայացնելու խաչատրյանական գեղեցիկ արվեստը: Մենակատարներ՝ Զախար Բրոն, Վահագն Պապյան, Աննա Տիֆու, Ալեքսանդր Ռոմանովսկի, Նին Ֆեն, Մարիա Դոմաշենկո և այլք: Մեկ անգամ ներառվելով երաժիշտների երկացանկերում՝ Մաեստրոյի ստեղծագործություններն իրենց կատարողների համար կդառնան ամենասիրելիները և, անկասկած, ապագայում մշտապես կընդգրկվեն նրանց յուրաքանչյուր ծրագրում: Այսպիսով, անգամ օտարերկրյա երաժիշտներն անուղղակի կաջակցեն մեր մշակութային ժառանգության և ազգային հարստության՝ Արամ Խաչատրյանի փայլուն երաժշտության պահպանությանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---