Գերմանական հետախուզությունը կասկածում է, որ Թուրքիան փորձում է միջուկային զենք ստեղծել

Գերմանական հետախուզությունը կասկածում է, որ Թուրքիան փորձում է միջուկային զենք ստեղծել

PanARMENIAN.Net - ԳԴՀ ՊՆ ծրագրման դեպարտամենտի նախկին ղեկավար Հանս Ռյուլեն գրել է Die Welt թերթում, որ Գերմանիայի Հետախուզության դաշնային ծառայությունը՝ BND, կասկածներ ունի, որ Թուրքիան փորձում է սպառազինվել միջուկային զենքով:

Վերջին շրջանում, ինչպես նշում է հատուկ ծառայությունն, ավելացել են անուղղակի վկայությունները, որ Էրդողանն աշխատում է այդ ուղղությամբ:

Վերջին տարիներին Թուրքիան լայնածավալ ատոմային խաղաղ ծրագիր է իրականացնում՝ նպատակ ունենալով էլեկտրաէներգիայով ապահովել բուռն զարգացող տնտեսությունը: Ռուսական «Ռոսատոմի» և ֆրանս-ճապոնական կոնսորցիումի հետ 15 և 17 մլրդ եվրոյի համաձայնագրեր են կնքվել երկու խոշոր ԱԷԿ-ների կառուցման համար: «Սովորաբար, երբ ընկերությունները ջրային ռեակտորներ են կառուցում, նրանք պարտավորվում են շահագործել ռեակտորը 60 տարի, ինչպես նաև ուրան տրամադրել ու արտահանել ԱԷԿ-ի օգտագործած վառելիքը: Եվ ռուսական «Ռոսատոմը», և ֆրանս-ճապոնական կոնսորցիումը առաջարկել են դա թուրքական կողմին, սակայն երկու դեպքում էլ Թուրքիան հրաժարվել է ամրագրել պայմանագրում միջուկային վառելիքի առաքումն ու արտահանումը՝ պնդելով, որ կողմերն այդ «հարցն ավելու ուշ կկարգավորեն»: Ռյուլեն պնդում է, որ օգտագործած վառելիքն ու վառելիքային միջուկներն իր մոտ թողնելու փորձերը կարող են ունենալ միայն մեկ տրամաբանական բացատրություն՝ Թուրքիան մտադիր է պլուտոնիումային ռումբ ստեղծել:

«Ռումբը կարելի է ստանալ հենց ԱԷԿ-ի միջոցով՝ արդեն օգտագործված վառելիքային միջուկներում կա մոտավորապես 90 տոկոս ռադիոակտիվ թափոններ, 9 տոկոս աղտոտված ուրան և 1 տոկոս աղտոտված պլուտոնիում»,-նշում է նախկին բարձրաստիճան զինվորականը, գրում է InoPressa-ն:

Հետախուզության հատուկ զեկույցում ասվում է, որ դեռևս 4 տարի առաջ Էրդողանը կարգադրել է ուրանի հարստացման սարքեր ստեղծել: Այլ տվյալներով, Թուրքիան արդեն ստացել է անհրաժեշտ ցենտրիֆուգերը Պակիստանից: Միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքների մեկ այլ ասպեկտ է թուրքական հրթիռային ծրագիրը՝ Անկարան արդեն մինչև 1500 կմ հեռահարության հրթիռների փորձարկումներ է կատարում և աշխատում է թռիչքների հեռահարության ավելացման վրա: Միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ ակնարկներ են հնչում նաև թուրք պաշտոնյաների որոշ հայտարարություններում: 2011-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը հայտարարեց, որ «Թուրքիան չի կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա»: Իսկ երկու տարի անց նախագահ Գյուլը հայտարարեց, որ «Թուրքիան թույլ չի տա, որ հարևան պետությունն այնպիսի զենք ունենա, որը Թուրքիան չունի»: Նշենք, որ այս պահի դրությամբ Թուրքիայի տարածքում են պահվում ամերիկյան արսենալի միջուկային ռումբեր, սակայն թուրքական բանակին դրանք հասու չեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---