Հայաստանը Փերինչեքի գործով կներգրավվի որպես երրորդ կողմ

Հայաստանը Փերինչեքի գործով կներգրավվի որպես երրորդ կողմ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը «Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) գործով ներգրավվում է որպես երրորդ կողմ:

ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ էր դիմել դեռևս օգոստոսի 20-ին: ՄԻԵԴ-ի Մեծ պալատն արդեն այսօր` սեպտեմբերի 26-ին, հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Նիստը նախատեսված է 2015-ի հունվարի 28-ին: Մինչև այդ հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին կներկայացնի գրավոր, իսկ հունվարի 28-ի նիստում նաև բանավոր հանդես գալու հնարավորություն կունենա:

Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով որպես երրորդ կողմ ներգրավված է նաև Թուրքիան:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

ՄԻԵԴ-ը 2013 թ. դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի գործով դատավճռում նշել էր, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ, քանի որ Շվեյցարիայի օրենքն իր մեջ խոսքի ազատությունը կաշկանդող տարրեր է պարունակում: Ինչից հետո Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկել էր ՄԻԵԴ վճիռը:

Բացի Շվեյցարիայից ու Սլովակիայից Ցեղասպանության ժխտումը քրեականացվել է արդեն ԵՄ անդամ երրորդ պետության` Հունաստանի կողմից: Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում:

Բացի այդ, 20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկայնության դեմ ոճրագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել նաև Ֆրանսիայի խորհրդարան: Հեղինակը խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն է, որը նշել է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն պատժելի է միայն Հոլոքոսթի ժխտումը: Բուայեն վստահ է, որ այդ ոչ արդարացի իրավիճակը շտկման կարիք ունի:Սա Վալերի Բուայեի նախաձեռնած առաջին նման օրինագիծը չէ: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---