Արթուր Աբրահամը հաղթել է մենամարտն ու պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը (վիդեո)

Արթուր Աբրահամը հաղթել է մենամարտն ու պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամն արդեն երկրորդ անգամ պաշտպանել է WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սեպտեմբերի 27-ին գերմանական Քիլ քաղաքում սուպերմիջին քաշային կարգում Փոլ Սմիթի հետ մենամարտում հայազգի բռնցքամարտիկը մրցավարների որոշմամաբ հաղթանակ է տոնել 117-111, 117-111, 119-109 հաշվով:

«Սմիթի հետ մենամարտում մեծ ուժ ներդրեցի. նա շատ ամուր տղա էր: Ցանկանում էի գցել նրան, իսկ հետո նոկաուտի ենթարկել, սակայն նա խուսանավում էր, և հաղթեցի մրցավարների միավորներով»,-մարտից հետո ասել է Արթուր Աբրահամը:

Նա հավելել է, որ անհամբերությամբ է սպասում Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ մենամարտին, որի հաղթողին «հնարավորություն կտա պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար»:

«Աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտելը հրաշալի է: Մինչև կարիերայիս ավարտը աշխարհի չեմպիոն եմ մնալու ու չեմ բաժանվելու WBO վարկածով չեմպիոնական գոտուց»,- ասել է նա, գրում է Boxing Scene-ը:

«Ի՞նչ կարող էի անել: Ի՞նչպես կարող էի հաղթել մեկ ռաունդում: Ատում եմ մրցավարներին այն բանի համար, որ խլում են մարդկանց հաղթանակն ու կյանքի գլխավոր հնարավորությունը: Աշխարհը փլուզվել է գլխիս: Ես հավատում եմ, որ հաղթել եմ մարտը, բայց մրցավարներն այդպես չեն կարծում: Նա լավ աշխատեց: Արթուրին թույլ էի տալիս աշխատել, որպեսզի դիմադրեմ նրան: Բայց նրա արածը բավարար չէր ռաունդները հաղթելու համար, ինչպես պնդում են մրցավարները»,- մարտից հետո ասել է Սմիթը, գրում է The Telegraph-ը:

Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 8-ին գերմանական Շտուտգարտում: Նրա մրցակիցը կդառնա Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ զույգի հաղթողը:

Գերմանիայի «Սաուեր Լանգ» ակումբում (մարզիչ' Ուլի Վեգներ) հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980-ի փետրվարի 20-ին: 2005-2009 թթ. եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009-ից հանդես է գալիս գերմիջին քաշում։

Աբրահամը մասնակցել է Super Six World Boxing Classic մրցաշարին, որը երկրորդ միջին քաշային դիվիզիոնում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչման մրցույթ էր։ Մրցաշարի խմբակային փուլի առաջին մարտում Աբրահամը նոկաուտով պարտության էր մատնել Ջերմեյն Թեյլորին, սակայն անզգուշությամբ որակազրկվել Անդրե Դիրելի հետ մարտում։

Սա Աբրահամի 41-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում (28 նոկաուտ): Բացի այդ, մարզիկը 4 պարտություն է կրել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---