Վերականգնված «Նռան գույնը»` Լոնդոնի կինոփառատոնում

Վերականգնված «Նռան գույնը»` Լոնդոնի կինոփառատոնում

PanARMENIAN.Net - Սերգեյ Փարաջանովի 1968-ին նկարահանված «Նռան գույնը» ֆիլմի թվային վերականգնված տարբերակը կցուցադրվի Լոնդոնի միջազգային կինոփառատոնում` «շլացնելով հանդիսատեսին»:

The Guardian-ը գրում է, որ երբ Մարտին Սկորսեզեն պատրաստվում էր Տորոնտոյի կինոփառատոնում ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրմանը, հանդիսատեսին ասել է, թե ականատես են լինելու պատկերի ու ձայնի «կինոյի պատմության մեջ նմանը չունեցող համադրության»:

Լոնդոնի կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 8-19-ը:

Պարբերականը գրում է, որ բոլորովին վերջերս ֆիլմը հայտնվել է Sight & Sound-ի բոլոր ժամանակների մեծագույն կինոժապավենների ցանկում` զբաղեցնելով 84-րդ տեղը:

The Guardian-ը բավական մանրամասն անդրադարձել է Փարաջանովի կենսագրությանը` ֆիլմոգրաֆիայից մինչև բանտարկություն ու անձնական բնույթի տվյալներ: Զուգահեռ ներկայացնվում է նաև ֆիլմի ստեղծման պատմությունը:

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» 1968 թվականին նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և 2013-ին ամերիկյան Film Foundation-World Cinema Project (Նյու Յորք) հիմնադրամի միջոցներով վերականգնվել Իտալիայի L’immagine Ritrovata լաբորատորիայում: Ֆիլմի վերականգնված տարբերակն առաջին անգամ ցուցադրվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի դասական ծրագրի (Cannes Classics) շրջանակում:

Ֆիլմի վերականգնված տարբերակը սեպտեմբերի 24-ին ցուցադրվել է նաև Մոսկվայի «Վելիկան» կինոթատրոնում` «Ուղերձ մարդուն» փառատոնի շրջանակում:

«Նռան գույն»-ը Փարաջանովի ամենահայտնի ֆիլմերից է։ Այն թողարկվել է 1968թ․-ին ու նվիրված է Սայաթ-Նովային։ Ֆիլմի հեղինակային անունը, ի դեպ, հենց «Սայաթ-Նովա» է։ Գտնվելով գրաքննության ճնշման տակ ռեժիսորը ստիպված է եղել վերամոնտաժել ու փոխել ֆիլմի անունը։

Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները»-ը ֆիլմից հետո Փարաջանովին սկսեցին դասել աշխարհի լավագույն կինոռեժիսորների շարքին։ «Նռան գույնը» Փարաջանովի հաջորդ գլուխգործոցն է։ Երկու ֆիլմերն էլ ենթարկվեցին խորհրդային գրաքննությանը, որի արդյունքում Կառավարությունը փոխեց իր վերաբերմունքը ռեժիսորի հանդեպ և 1973-ի դեկտեմբերի 17-ին նրան 5 տարի ազատազրկման ենթարկեց ՝ մեղադրելով արվամոլության մեջ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---