Գոսֆիլմֆոնդը կառաջարկի նախկին ԽՍՀՄ երկրներին վճարել իրենց ֆիլմերի թվայնացման համար. Յուրաքանչյուրը՝ մոտ $1.000

Գոսֆիլմֆոնդը կառաջարկի նախկին ԽՍՀՄ երկրներին վճարել իրենց ֆիլմերի թվայնացման համար. Յուրաքանչյուրը՝ մոտ $1.000

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենախոշոր կինոպահոցներից մեկը՝ Գոսֆիլմֆոնդը, պետֆինանսավորման պակասի պայմաններում այլընտրանք է որնում ժապավենով նկարահանված մնացած 50.000 ֆիլմի թվայնացման համար: Առաջիկայում ֆոնդը կառաջարկի նախկին ԽՍՀՄ երկրներին վճարել իրենց ֆիլմերի թվայնացման համար, որոնք նկարահանվել են դրանց կինոստուդիաներում: Այդ մասին հայտնելէկազմակերպության ղեկավար Նիկոլայ Բորոդաչովը: Փոխարենը հանրապետությունները առաջնահերթ կարգով կստանան նախկին ԽՍՀՄ ստուդիաներում նկարահանված ֆիլմերի պատճեները, հայտնում է «Իզվեստիան»:

Տարվա սկզբին Բորոդաչովն իշխանություններից 5-6 մլրդ ռուբլի էր խնդրում առաջիկա 5 տարում արխիվը թվայնացնելու համար: Մշակույթի նախարարությունը հարցումը բավարարել է, սակայն մասնակիորեն. առաջիկա 3 տարում Գոսֆիլմֆոնդին հատկացվել է 2 մլրդ ռուբլի: Այդ գումարը կբավականացնի ռուսական կինոժապավենների թվայնացման համար, եթե պետությունը հետագայում ևս ֆինանսավորի «Գոսֆիլմֆոնդը»: Սակայն մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ պետսուբսիդավորման չափը 2014-2016 թթ. համար վերջնական չէ և կարող է փոխվել 2015-ի դաշնային բյուջեն հաստատելուց հետո:

Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Լատվիայի և մյուս խորհրդային հանրապետությունների ֆիլմերի ժապավենները թվայնացնելու համար դաշնային միջոցները կարող են չբավարարել, ասում է Բորոդաչովը: Ընդամենը Գոսֆիլմֆոնդում պահվում է խորհրդային ռեժիսորների մոտ 6 հազար կինոնկար՝ 2 հազար ուկրաինական, 700 վրացական, 600 բելառուսական, 500 ուզբեկական, մյուս հանրապետությունների կինոարտադրանքը 200-300-ի սահմաններում է: Ընդհանուր առմամբ ֆոնդի պահեստարանում ցարական, խորհրդային և հետխորհրդային շրջանների մոտ 70.000 սկզբնաղբյուր կա: Պահվում է արխիվներում նաև եվրոպական կինո, որը գնվել կամ փոխանակվել է խորհրդային տարիներին: Օրինակ, Լյումյեր եղբայրների ֆիլմերը: Կինոնկարների իրավունքները պատկանում են կինոստուդիաներին, Գոսֆիլմֆոնդին է պատկանում միայն կինոժապավենների իրավունքը, ինչպես նաև խորհրդային շրջանում 28 ռուսական կինոստուդիայում արտադրված ֆիլմերի կինոժապավենների իրավունքը, բացառությամբ «Մոսֆիլմում» և «Սոյուզմուլտֆիլմում» նկարահանվածների:

Ինչպես գրում է պարբերականը, թվայնացումը դանդաղ է ընթանում: 2002-ից ի վեր արդիականացվել է կինոֆոնդի մեկ երրորդը: Ըստ Բորոդաչովի, սեփական ուժերով ֆիլմերը թվայնացնելու համար Գոսֆիլմֆոնդից 30-40 տարի կպահանջվեր:

«Մեկ ֆիլմի թվայնացման համար միջինը պահանջվում է 400.000 ռուբլի: Գումարը տատանվում է կախված ժապավենի վիճակից: Որոշ ժապավեններ լուրջ վերականգնման կարիք ունեն՝ մեխանիկական, համակարգչային կամ քիմիական»,- ասել է Բորոդաչովը:

Արխիվը մտադիր է արագացնել թվայնացումն այն երկրների հաշվին, որոնք եղել են ԽՍՀՄ կազմում: Որքան հնարավոր է շուտ ժամանակակից ֆորմատով իրենց ֆիլմերը ստանալ ցանկացող երկրները պետք է Գոսֆիլմֆոնդին վճարեն թվայնացման համար: Ֆիլմերի բնօրինակները շարունակում են մնալ ռուսաստանյան ֆոնդում: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ խնդիրը կռվախնձոր դարձավ միութենական հանրապետությունների ու ՌԴ միջև: Անկախացած երկրները փորձեցին պահանջել, որ կինոստուդիան վերադարձնի ֆիլմերի բնօրինակները, սակայն արդյունքում որոշվեց թողնել ժապավենները Գոսֆիլմֆոնդում:

Գոսֆիլմֆոնդում են պահվում նաև «Արմենֆիլմ» կինոստուդիայի նկարահանած ֆիլմերը, ինչպես օրինակ «Կարինե» (1967 թ. ռեժ. Ա. Սամվելյան) և «Եռանկյունի» (1967 թ. ռեժ. Ա. Հայրապետյան):

1923 թ. Հայաստանի ժողովրդական կրթության կոմիսարիատի Գլխքաղկրթության ցանցում ստեղծվեց «Պետական ֆիլմ» կազմակերպությունը, իսկ նույն տարում` «Պետֆոտոկինո» ընկերությունը: Նույն տարում այն վերանվանեց «Պետֆոտոկինո» կինոգործարան ԲԸ: 1926-ին Համո Բեկնազարյանը նկարահանեց առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը` «Նամուս»ը: 1928 թ. ընկերությունը վերանվանեց «Հայկինո» Ստուդիա ԲԸ: 1935-ին Համո Բեկնազարյանը նկարահանեց առաջին հայկական հնչյունային ֆիլմը` «Պեպո»ն: 1938-ին ստուդիան վերանվանվել է «Երևանի ֆիլմերի ստուդիա», իսկ 1957-ին ստացավ «Հայֆիլմ» անվանումը: 1966-ին դարձավ Համո Բեկնազարյանի անվան: 2005 թ. կինոընկերությունը գնեց «Արմենիա Սթուդիոս» ՍՊԸ (որը «CS Media» հոլդինգի մասն է կազմում): 2006-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հանդիսանում է 1923 թվականին հիմնադրված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ պետական ոչ առևտրային կազմակերպությունը և գործում է ՀՀ մշակույթի նախարարության համակարգում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---