ԻՊ առաջնորդներից մեկը խոստացել է «վրեժ լուծել ՌԴ-ից Վրաստանի համար». Ինձ հետ հազարավոր մարդիկ կան

ԻՊ առաջնորդներից մեկը խոստացել է «վրեժ լուծել ՌԴ-ից Վրաստանի համար». Ինձ հետ հազարավոր մարդիկ կան

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը՝ Օմար ալ Շիշանին (Չեչեն Օմար մականունով), հոր հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ գրոհայինների հաջորդ թիրախներից մեկը Ռուսաստանն է լինելու: «ԻՊ» առաջնորդներից մեկը մտադիր է վրեժխնդիր լինել Ռուսաստանից՝ Վրաստանում գործողությունների համար:

«Մի անհանգստացիր, ես տուն կդառնամ ու ցույց կտամ այդ ռուսներին: Իմ հետևից արդեն հազարավոր մարդիկ են գնում, նրանց թիվը գնալով կավելանա: Մենք վրեժխնդիր կլինենք Ռուսաստանից»,-մեջբերել է գրոհայինների խոսքը նրա հայրը՝ Թեմուր Բատիրաշվիլին, որն ապրում է Վրաստանի հյուսիսում գտնվող Պանկիսի կիրճում: «Մեր նպատակը հստակ է, բոլորը գիտեն, թե հանուն ինչի ենք մենք պայքարում: Մեր ուղին դեպի խալիֆայություն է տանում»,-ավելի վաղ հայտարարել էր Ալ Շիշանին «Իսլամական պետության» տարածած տեսանյութում, հայտնում է Դնի.ռու-ն:

Չնայած, որ նրան Չեչեն Օմար են կոչում, Բատիրաշվիլին ծնվել և մեծացել է Վրաստանում: Նա Սիրիայում և Իրաքում խալիֆայության հաստատման համար պայքարող խմբավորման առաջնորդն է: Նրա հետնորդների թվում տասնյակ երիտասարդներ կան Պանկիսի կիրճից, որոնք հուսալքված են աշխատատեղերի բացակայությունից և վրդովված Ռուսաստանի տիրապետությամբ Կովկասում, գրում է Bloomberg-ը:

Ավելի վաղ ԻՊ ահաբեկիչներն արդեն սպառնացել են պատերազմ հրահրել ռուսական Կովկասում, այդ թվում նաև Չեչնիայում: «Ռուսաստանում կան ուժեր և միջոցներ, թույլ չտալու համար նրանց հատել սահմանը: Եթե ինչ-որ մեկը փորձի քիթը խոթել Չեչնիա, մենք նրան այն աշխարհի տոմս դուրս կգրենք, ինչպես Աբու Վալիդին, Աբու Հավեսին, Հատտաբին ու Բասաևին»,-ասել է իր հերթին Ռամզան Կադիրովը:

Ինչպես արդեն հաղորդվել է, Ռուսաստանը պատրաստ է օգնել այն երկրներին, որոնք բացահայտ առճակատման մեջ են գրոհայինների հետ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ երկիրը պատրաստ է սատարել Իրաքին:

«Մոսկվան պատրաստ է առաջիկայում ևս աջակցել Իրաքի ղեկավարությանը և նրա ջանքերին, ուղղված ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարին, առաջին հերթին ի դեմս «Իսլամական պետութան», ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Իրաքի վարչապետ Հայդար Աբադին երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի համերաշխության համար և նշել, որ Բաղդադի նպատակն է ամրապնդել ու շարունակել երկխոսությունը ՌԴ հետ բոլոր ուղղություններով:

Ըստ Smiua.net-ի, առնվազն ԻՊ 220 գրոհային է սպանվել ավիահարվածի արդյունքում, որ հասցրել է Իրաքին միջազգային կոալիցիան: Ինքնաթիռները ռմբակոծել են ավտոշարասյունը 25 տրանսպորտային միջոցից բաղկացած: Առնվազն 42 ահաբեկիչ սպանվել է կոալիցիայի ռմաբկոծությունների հետևանքով Կոբանի քրդաբնակ քաղաքի մատույցներում: Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական կոմիտեն հայտնում է, որ ԻՊ 23 գրոհային է սպանվել ավիահարվածների արդյունքում: Եվս 19 ծայրահեղական սպանվել է քուրդ աշխարհազորայինների հետ մարտերում, նաև 15 քուրդ է զոհվել:

Մինչդեռ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ «իրական չէ ակնկալել Թուրքիայից, որ նա ցամաքային գործողություն կսկսի ջիհադականների դեմ միայնակ: Մենք բանակցում ենք բոլոր հնարավոր տարբերակների մասին, մեր դաշնակիցների հետ: Թուրքիան չի հրաժարվի իր փայ աշխատանքից, եթե նման որոշում կայացվի»:

Ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Վաշինգտոնը չեն քննարկում դեռ թռիչքներից զերծ բուֆերային գոտու ստեղծման հավանականությունը Սիրիայի երկնքում, ինչը պնդում է Անկարան: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Օբաման որոշ հիասթափություն է հայտնել Թուրքիայի անգործության վերաբերյալ:

Մինչդեռ իսլամիստները հրապարակել են քուրդ կամավորներից առգրավված զենքի ու զինտեխնիկայի պատկերներով տեսանյութը: Հաստատել կամ հերքել տեսանյութը հնարավոր չէ, հայտնել է «Սվեժի վետեր» լրատվականը:

Ըստ ՏԱՍՍ-ի, Լոնդոնի ոստիկանությունը ևս մեկ մարդու է ձերբակալել, ով մեղսակից է «Իսլամական պետության» գործունեություանը: Հինգերորդ կասկածյալը ձերբակալվել է այն պատճառով, որ առնչություն ունի ԻՊ ոչնչացված օղակին, որի գրոհայիններն ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում ՄԹ տարածքում: Լոնդոնում հատուկ գործողության ընթացքում երեքշաբթի չորս մարդ ձերբակալվեց, որոնց կասկածում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Նրանք կռվել են Սիրիայում ԻՊ շարքերում:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---