Լուկաշենկոն նույնպես ստորագրեց ԵՏՄ մասին պայմանագիրը. Հոկտեմբերի 10-ից ԵվրԱզԷՍ չի լինի

Լուկաշենկոն նույնպես ստորագրեց ԵՏՄ մասին պայմանագիրը. Հոկտեմբերի 10-ից ԵվրԱզԷՍ չի լինի

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ օրենքը, հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կոբյակովը: Նա ուշադրություն է հրավիրել մի շարք կարևոր դրույթների վրա: Սկզբունքային է, որ օրենքի տեքստում վերարտադրված է մայիսին Աստանայում Լուկաշենկոյի արած հայտարարությունը: Բելառուսը պարտաճանաչ կերպով կկատարի իր պարտավորությունները, որ ստանձնում է պայմանագրի ստորագրումով և այլ միջոցներ կձեռնարկի այն կյանքի կոչելու համար, եթե կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվեն առանձին ապրանքների մասով խոչընդոտների, սահմափակումների ու առևտրից հանելու վերաբերյալ: Առաջին հերթին դա վերաբերում է էներգակիրներին, հավաքող արտադրություններին, ավտոփոխադրումների ազատականացմանը և զգայուն այլ պահերին Բելառուսի տնտեսության համար, գրում է «Բելառուսն այսօր»:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում աշխատանքն է սկսում ԱՊՀ երկրների և Եվրասիական տնտեսական միության անդամների գագաթնաժողովը, որտեղ նախատեսվում է ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն Մինսկում են:

Ինրչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Եվրասիական տնտեսական ընկերակցությունը, որի անդամներն էին Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը (ԵվրԱզԷՍ) հոկտեմբերի 10-ին դադարեցնում է գոյությունը:

Ուղիղ 10 տարի առաջ՝ 2000 թ. հոկտեմերի 10-ին ստեղծված միավորման գործունեությունը կկասեցվի Մինսկում, որտեղ վերոնշյալ պետությունների ղեկավարները, այդ թվում ՌԴ նախագահ Պուտինը, հավաքվել են քննարկելու հետագա ինտեգրման հեռանկարները:

Ինչպես լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, «ԵվրԱզԷՍ-ը դադարեցնում է գործունեությունը, քանի որ 2015-ի հունվարի 1-ից կսկսի գործել Եվրասիական տնտեսական միությունը»: Նախագահները պայմանագիր կստորագրեն այդ միավորման աշխատանքի դադարեցման վերաբերյալ: «ԵվրԱզԷՍ-ի գործունեությանը վերջ կդրվի, թեև քարտուղարությունը կշարունակի գործել մինչև 2015-ի սկիզբը, հետո կազմակերպությունը լիովին կդադարեցնի իր գոյությունը»,-հստակեցրել է նա:

Ուշակովը նշել է, որԵվրԱզԷՍ-ում «լայնածավալ իրավապայմանագրային բազա է ստեղծվել՝ 2015 համաձայնագիր բազմակող առևտրատնտեսական համագործակցության համար, որոնք հիմք կհանդիսանան եվրասիական ինտեգրման զարգացման համար»:

«Ընկերակցության գործառնություններից շատերը արդեն փոխանցվել են Եվրասիական տնտեսական միությանը, շատ փաստաթղթեր վերաձևակերպվել են»,-ասել է նա:

Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ այն ոլորտներում, որոնք ԵՏՄ կանոնակարգմանը ենթակա չեն՝ սոցիալ-հումանիտար, միջտարածաշրջանային գործակցություն, ոլորտային գործակցություն, նախկինում կնքված միջազգային պայմանագրերն ու ընդունվաՙծ միջպետական նպատակային ծրագրերը կշարունակեն իրագործվել միջպետական մակարդակով»:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք ստորագրեց ԵՏՄ մասին պայմանագիրը վավերացնելու վերաբերյալ: Մինչ այդ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարեց, որ մինչ հոկտեմբերի 10-ը պատրաստ կլինի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, որը ստորագրվելու դեպքում ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին պայմանագրի նախագծին: .

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---