Վրաստանն ավարտել է ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի տեղակայման նախապատրաստական աշխատանքը. Մոսկվան դեմ է![]() 10 հոկտեմբերի 2014 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել են Վրաստանում ՆԱՏՕ-ի մարզչական կենտրոնի տեղակայման նախապատրաստական աշխատանքները: Այդ մասին ըստ Նովոստի-Գրուզիայի լրագրողներին է հայտարարել երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: «Փաթեթի իմպլեմենտացիայի նախապատրաստումը սկսվեց այն օրվանից, երբ ավարտվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Ես կարող եմ ասել, որ մեր կողմից անցկացվել են նախապատրաստական աշխատանքներ, և երկուշաբթի (համապատասխան նյութերն) ուղարկվեցին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: Առաջիկա ամիսներին մենք սպասում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների համաձայնությանը, որից հետո այդ պլանը կհանրայնացվի»,-հայտարարել է Վրաստանի ՊՆ ղեկավարը: Ըստ վրացական ԶԼՄ-ների, ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը կարող է բացվել Վազիանիում Վրաստանի ՊՆ բրիգադի տարածքում: Վրաստանում նաև գործում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող լեռնային հրաձիգների ռազմակայանը Սաչխերեում: Վրաստանում ուսումնական կենտրոնի բացումը, որտեղ կնախապատրաստվեն դաշինքի զինծառայողները, նախատեսվում է ՆԱՏՕ-Վրաստան գործակցության փաթեթով, որն ընդունվել է 2014-ի սեպտեմբերին Ուելսում կայացած դաշինքի գագաթնաժողովում: «Նոր փաթեթում կան նաև այլ նախաձեռնություններ, ինչպես օրինակ ռազմական դպրոցի կառուցում, որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչներ կպատրաստվեն, ինչպես նաև լոգիստիկ կենտրոնի հիմնում, որը կնպաստի մարզումների անցկացմանը, կընդունի և կուղարկի զինվորականներին»,-մեջբերում է վրաց նախարարին ՌԻԱ Նովոստին: Ընդ որում Ալասանիան նշել է, որ Վրաստանում նախագծերի իրականացման գործընթացը կղեկավարի և կվերահսկի ՆԱՏՕ-ի հատուկ խումբը: Մոսկվան հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Վրաստանում սպառնալիք կստեղծի կայունությանն Անդրկովկասում: Ալասանիայի հայտարարության նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց Վրաստանի, Ռուաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջև ժնևյան բանակցությունների ընթացքի վերաբերյալ՝ մեկնաբանելով նաև ուսումնական կենտրոնի ստեղծման հնարավորությունը: «Ռուսական կողմից մտահոգություն հայտնվեց Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածք տեղակայելու ծրագրերի մասին վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունների կապակցությամբ: Նման գործողությունները սպառնալիք կստեղծեն Անդրկովկասի տարածաշրջանում ձևավորվող կայունության համար»,-մեջբերում է հաղորդագրությունը «Ամերիկայի ձայնը»: Նշվում է, որ Ուելսում ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան գագաթնաժողովում ընդունած որոշումները ՆԱՏՕ-ի և Վրաստանի հարաբերությունների խորացման վերաբերյալ, մտահոգում են Սուխումին ու Ցխինվալին, որոնք այդ առնչությամբ հայտարարել են Թբիլիսիի հետ ուժի չկիրառման մասին համաձայնագրերի ստորագրման «զգալիորեն աճած անհրաժեշտության մասին»: Ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումը հետաձգվում է, քանի որ Վրաստանը հրաժարվում է ճանաչել Ցխինվալն ու Սուխումը հակամարտության կողմ և պահանջում է Մոսկվայի ստորագրությունը: Իսկ Ռուսաստանը հայտարարում է, որ չի մասնակցում հակամարտությանը և պահանջում է փաստաթուղթը ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |